Քննարկվել է Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան, միջպետական ճանապարհի հիմնանորոգման ընթացքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը, ճանապարհային ոլորտի այլ պատասխանատուներ հանդիպել են Մ6, Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման ավտոճանապարհը հիմնանորոգող կազմակերպությունների ղեկավարների, ինչպես նաև շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերության աշխատանքային խմբի ղեկավարի հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգման ընթացքը, անդրադառնալ այն տեղամասերին, որտեղ շինարարության պրոցեսում որոշակի հարցեր են ի հայտ եկել, և արձանագրել դրանց լուծման օպտիմալ տարբերակները։

Հատկապես քննարկվել են Օձունի տրանսպորտային հանգույցի փոփոխված նախագծի հետ կապված հարցեր։ Նկատենք, որ Օձունի խաչմերուկում երթևեկության բարելավման նպատակով կատարվում են նախագծային փոփոխություններ, տրվում են որոշակի լուծումներ։

Առանձին անդրադարձ է կատարվել Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվելիք լրացուցիչ ծավալներին։ Մասնավորապես, ի սկզբանե ծրագրում ներառված չէր, սակայն հետագայում ավելացել է Ալավերդու երկու կամուրջների հիմնանորոգումը, Ալավերդու որոշ մասերում նախատեսվում է նախագծել լուսավորության նոր համակարգ, Հաղպատ-Շնող տեղամասում 5.8 կմ նոր ջրագիծ կառուցելու անհրաժեշտություն է առաջացել և այլն։

Կապալառուների հետ հանդիպման ժամանակ կարևորվել է շինարարության ընթացքում ճանապարհահատվածների սպասարկման հարցը։

Տիկին Ղալեչյանը շեշտել է, որ պետք է մոբիլիզացվեն ամբողջ ռեսուրսները. և՛ շինարարների, և՛ տեխհսկողի կողմից բոլոր միջոցները պետք է ձեռնարկվեն Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումը բարձր որակով ապահովելու ուղղությամբ։ Նա ծրագրում ընդգրկված բոլոր կողմերին կոչ է արել աշխատելիս և առաջացած խնդիրները լուծելիս սերտորեն համագործակցել։ Ըստ փոխնախարարի՝ բոլոր կողմերը պետք է պատասխանատու լինեն ընթացիկ հարցերին արագ լուծումներ տալու համար։




Լրահոս