ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: ԽՈՎԸի մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորաններում, դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել քարերին եւ գլխիվայր շրջվել: Վթարի հետեւանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Արարատի հիվանդանոց:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Պետական գրանցում կատարելու եւ վկայական ստանալու համար որքա՞ն գումար պետք է վճարել։ 

Իզաբելա Ստեփանյան (30 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Ստեփանյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող բնակելի նշանակության անշարժ գույքի (բացառությամբ առանձին միավոր հանդիսացող ավտոտնակների) եւ գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները կատարվում են անվճար՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Այսինքն՝ եթե բնակարանը, առանձնատունը կամ այգետնակը 1998 թվականի մարտի 1-ից հետո չի գրանցվել, ապա հնարավոր է առանց որեւէ գումար վճարելու այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման եւ ստանալ սեփականության իրավունքի գրանցման վկայական:

Կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գործարքներից, այդ թվում՝ առուվաճառքի պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման դիմում կարող է ներկայացնել այդ գործարքի կողմերից յուրաքանչյուրը:

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ որ ուսանողները հնարավորություն ունեն կրթաթոշակ ստանալու։

Սիրան Պոոսյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է, որը մրցութային կարգով տրվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատության ուսանողին՝ գերազանց եւ լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար, ինչպես նաեւ սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերի ուսանողներին:

Ուսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներ են համարվում`

1) մասնակցությունն ուսումնական հաստատության ուսանողական, հասարակական աշխատանքներին,

2) զեկուցումները, ռեֆերատները, հրատարակած աշխատանքները (գիտական ամսագրերում եւ զանգվածային լրատվության միջոցներում),

3) մասնակցությունը միջքոլեջային, քաղաքային, հանրապետական եւ միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին,

4) այլ ստեղծագործական նախաձեռնություններ` միջին մասնագիտական ուսումնական հաստատության հայեցողությամբ:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատու-թյունում պետական կրթաթոշակը տրվում է ուսանողական նպաստի համակարգում ընդունված ուսանողին: Պետության կողմից կրթաթոշակ տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում կրթաթոշակի հատկացման մասին որոշումն ընդունում է հիմնադիրը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կրթաթոշակ ստանալու կարգը պարզ ներկայացված է։ Հորդորում ենք մեր հայրենակիցներին լինել տեղեկացված եւ հարկ եղած դեպքում օգտվել իրենց համար սահմանված արտոնություններից։




Լրահոս