ՆԿՈՒՂՆԵՐԸ՝ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 26-ից ղարաբաղաադրբեջանական սահմանին սկսված պատերազմից եւ Հայաստանի Կոտայքի մարզում անօդաչու թռչող սարքի խոցումից հետո բոլորը կրկին հիշեցին Երեւանում շենքերի նկուղների ոչ բարենպաստ լինելը: Բանն այն է, որ օդային տագնապի դեպքում խորհուրդ է տրվում թաքնվել ռազմաապաստարաններում, թաքստոցներում, շենքերի նկուղներում, սակայն հատկապես վերջիններս չեն գտնվում պատշաճ վիճակում: Ընդ որում, այդ հարցն ակտուալ էր դարձել նաեւ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, ապա նաեւ 2018 թվականին, երբ Հայաստանում անցկացվում էին «Շանթ-2018» զորավարժությունները, եւ խնդիր էր դրված նաեւ մաքրել շենքերի նկուղները: Սակայն այսօր պատերազմից չորս  եւ զորավարժություններից երկու տարի անց ականատես ենք լինում, որ շենքերի նկուղները հիմնականում քանդված են, գտնվում են  անմխիթար վիճակում կամ էլ, առհասարակ, չկան, վերածվել են որեւէ ընկերության պահեստի: Եվ ստացվում է՝ պատերազմական իրավիճակում եթե անհրաժեշտ լինի պատսպարվել, պարզվելու է, որ դրա համար համապատասխան վայր չկա: Ավելին, վերջին օրերին շենքերի մուտքերում տեսնում ենք փակցված պաստառներ, թե օդային տագնապի պարագայում որտեղ պետք է թաքնվել: Սակայն արդյոք ունե՞նք այդքան ապաստարաններ, եւ, որ գլխավորն է, ի՞նչ վիճակում են գտնվում շենքերի նկուղները, ինչո՞ւ դրանք չեն մաքրվում: «Ժողովուրդ» օրաթերթը, դիմել է Երեւանի քաղաքապետարան եւ նշել, որ քաղաքացիներն ահազանգում են՝ իրենց շենքերի նկուղները լցված են կոյուղաջրերով, գարշահոտությամբ, առնետներով, աղբով: Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվել էինք՝ կոնկրետ ինչ է անում քաղաքապետարանն այս խնդրի կարգավորման ուղղությամբ, որտեղ են ապաստանելու քաղաքացիները օդային տագնապների ժամանակ, երբ են, ի վերջո, մաքրվելու շենքերի նկուղները կոյուղաջրերից, առնետներից, աղբից: Սակայն, ի պատասխան, Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից ստանում ենք  այսպիսի պատասխան. «Համայնքը համապատասխան գերատեսչությունների հետ միասին իրականացնում է քաղպաշտպանությանը վերաբերող անհրաժեշտ միջոցառումները: Ելնելով իրավիճակից ու անհրաժեշտությունից, հանրությունն իրազեկվում է»: Այսինքն, հերթական ոչինչ չասող պատասխանը, իսկ նկուղների վիճակը շարունակում է անմխիթար մնալ: Եվ անհասկանալի է, թե որտեղ պետք է ապաստանեն երեւանաբնակները տագնապ ազդանշանի պարագայում:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է փակ հանդիպում, որի ժամանակ կքննարկեն այն գաղտնի հարցերը, որոնք կապված են Արցախի Հանրապետությունում ընթացող պատերազմի հետ: Միրզոյանը սպասում է, թե երբ վարչապետը օր ու ժամ կնշանակի հանդիպման համար: «Շատ պատգամավորներ Արցախում էին, եւ գիտեն՝ ինչ էր կատարվում ռազմաճակատում, բայց շատ կարեւոր հանգամանք կա՝ արտաքին հարաբերությունների հետ կապված։ Շատերս ուզում ենք իմանալ՝ ինչ խոսակցություններ են գնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ ԱՄՆ պաշտոնյաների  հետ », – նշել էր նա:  Ավելին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ իրենք տեղեկության պակաս ունեն, ու, ռազմական դրությամբ պայամանավորված, պետք է հանդիպումը փակ կազմակերպել, որպեսզի կարողանան պարզել բոլոր այն հարցերը, որոնց մասին չեն կարող բարձրաձայնել: Ու հենց դա էր պատճառը, որ երեկ՝ ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, որեւէ պատգամավոր չգրանցվեց հարցեր ուղղելու համար: Հիմա գնդակը հայրենի իշխանությունների դաշտում է, ընդդիմությունը սպասում է այդ հանդիպմանը:

 

 

Այսօր՝ վաղ առավոտյան, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 142 դատապարտյալ եւ կալանավոր պատրաստվում են կտրուկ քայլերի դիմել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 4-րդ մասնաշենքի 36 խցի դատապարտյալ Հրայր Հունանյանը, որը մասնակցել է նաեւ 2016 թվականին տեղի ունեցած ապրիլյան պատերազմին, հայտնեց. «Բոլոր կալավորներով, մի մարդու պես մեր դոշակները, վերմակները խցերից հանելու ենք դուրս,  հրաժարվելու ենք սնունդից, քանի որ տեսնելով մեր երկրի վիճակը՝ շատ ենք տանջվում: Դիմումներ ենք գրել 10 օր առաջ, որ պատրաստ ենք գնալ կռվել, մեզ մի՛ ազատեք, այլ տարեք ռազմաճակատ կռվենք, ոչ մի ձայն, ոչ մի բանի տեղ չեն դնում։ Մենք այդ հացը ո՞նց ուտենք , որ մեր տղերքը զոհվում ու վիրավորվում են»: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ քրեակատարողական հիմնարկներում ռազաճակատ գնալու համար կալանավորների դիմումների թիվը անցնում է 300-ից: «Ժողովուրդ» օրաթերթին ՔԿԾ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ դիմումներ կան, սակայն այլ մանրամասներ չէին չցանկացել  հայտնել:

 

 

Կորոնավիրուսը հետեւանքներ է թողնել անշարժ գույքի գների վրա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանում բնակարանների գները զգալի նվազել են: Օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանում բնակարանների 1 քմ շուկայական միջին գինը օգոստոս ամսին 630 հազար դրամ էր, իսկ հուլիսին 645 հազար դրամ: Այսինքն՝ 15000 դրամով էժանացել է: Իսկ, ահա, Արաբկիր վարչական շրջանում գնանկումը կազմել է 10 հազար 50 դրամ. այստեղ մեկ քմ-ն օգոստոսին արժեցել է 440 հազար դրամ, հուլիսին՝ 450 հազար 50 դրամ: Բնակարանների գների նվազում արձանագրվել է նաեւ մյուս վարչական շրջաններում: Օրինակ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մեկ ամսվա ընթացքում 326 հազար դրամից էժանացել է՝ դառնալով 323 հազար դրամ: Ավան վարչական շրջանում գնանկումը կազմել է 1000 դրամ: Ի դեպ, օրավարձով բնակարանների շուկան է վատ վիճակում. սահմանները փակ էին, եւ զբոսաշրջիկներ մուտք չէին գործում Հայաստան, իսկ ինչպես հայտնի է, մեր երկիր այցելող զբոսաշրջիկների գերակշիռ մասը նախընտրում է օրավարձով բնակարանները:

 




Լրահոս