Ո՞Վ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԽՈՒԺԱԾ ԵՎ ԱԹՈՌԻՆ ՆՍՏԱԾ ԱՆՁԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ու, դրանով պայմանավորված, նույն օրը՝ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում, հատկապես՝ մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում եւ պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում կազմակերպվել եւ իրականացվել են բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ:

 

Այդ ընթացքում մասնակիցների կողմից հնչել են ինչպես իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչեր, այնպես էլ իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր, ինչի հետեւանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունը: Բացի այդ, նույն օրը զանգվածային անկարգությունների մասնակիցները վերը նշված համաձայնագրի կետերը չկատարելուն պարտադրելու նպատակով Երեւան քաղաքում բռնություն են գործադրել ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ, ինչպես նաեւ նույն նպատակով բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների եւ վարչապետի նկատմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերով, ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 301.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված մեծաթիվ եւ արդյունավետ քննչական ու այլ դատավարական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա հայտնաբերվել եւ ձերբակալվել են ընդհանուր թվով շուրջ 20 անձինք:

Ընդ որում, հանրությանն իրենց անկարգություններով արդեն իսկ հայտնի հիշյալ անձանց մեծամասնությունը զղջացել է կատարվածի համար, դատավարական հարկադրանք կիրառելուց անմիջապես հետո տրամագծորեն փոխել վարքագիծը եւ դրսեւորել իրավահպատակ, օրինապաշտ քաղաքացուն բնորոշ վարքագիծ: Այսպիոսով, ձերբակալված անձանցից մեկը Էջմիածին քաղաքի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանն է, որի կինը՝ Մոնիկա Մանուկյանը, պատմեց, թե ինչպես են զարգացել իրադարձությունները. «Իր ծննդյան տարեդարձն էինք պատրաստվում նշել, լրատվամիջոցներից լսեց համաձայնագրի մասին, որպես կռված տղա, առաջնագծում եղած սրտացավ մարդ՝ նստեց մեքենան ու եկավ Երեւան: Իմ ամուսինը եղել է առաջնագծում, հոկտեմբերի 6-ին էր վերադարձել, ինքը կառավարությունում ոչինչ չի ջարդել, մենակ ասել է՝ չեղյալ հայտարարեք փաստաթուղթը, իր սիրտը ցավում է Արցախի համար, անգամ մի թիզ հող տալու համար»:

 

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԱԾՆԵՐԸ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական շարունակական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 10-ի հայտնի իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգությունների մասնակիցներն ապօրինի մուտք են գործել ՀՀ վարչապետին տրամադրված՝ Երեւան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող ծառայողական առանձնատուն, որտեղից ապօրինի, անհատույց, շահադիտական դրդումներով բացահայտ հափշտակել են  համակարգիչ, ժամացույց, օծանելիք եւ այլ իրեր, ինչպես նաեւ կարեւոր փաստաթղթեր հանդիսացող վարորդական իրավունքի վկայական եւ զինվորական գրքույկ: Դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ  4-րդ մասերով, ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, 301.1 հոդվածի 1-ին մասով, 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով եւ 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված գործողությունների արդյունքում բացահայտվել են զանգվածային անկարգություններին մասնակցած երեք անձինք, որոնք  ՀՀ վարչապետին տրամադրված ծառայողական առանձնատնից կատարել են վերոնշյալ բացահայտ հափշտակությունները: Տվյալ անձինք 2020 թվականի նոյեմբերի 11-ին ազգային անվտանգության մարմինների կողմից բերման են ենթարկվել, որոնցից երկուսի անձնական խուզարկությամբ նշված իրերը հայտնաբերվել են, իսկ մեկի կողմից հափշտակված իրերը մինչ այդ հայտնաբերվել էին նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում: Հիշյալ երեք անձինք ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են եւ խոստովանել իրենց կատարած հանցանքները: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ՏԱՐՎՈՒՄ

Սեպտեմբերի 27-ին Արցախում սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ձեռք բերված եռակողմ համաձայնությունը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի տեղակայումը հնարավորություն է ստեղծում մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ դեռեւս գտնվելու վայրն անհայտ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ճակատագրերի ճշտման, դիակների փոխանակման համար: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պատրաստակամ է համակողմանի աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին առաքելության ընթացքում: Արդեն իսկ ակտիվ աշխատանքներ են իրականացվում խաղաղապահ առաքելության ղեկավարության եւ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ՝ սեղմ ժամկետներում գերության մեջ հայտնված անձանց եւ դիակների փոխանակման կիրառական մեխանիզմներ ստեղծելու եւ գործընթացն իրականացնելու համար:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սահմանված կարգով սկսել է կատարել հատուցումներ սեպտեմբերի 27-ից հետո վիրավորված կամ զոհված զինծառայողների ընտանիքներին:

 

 

 

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ներգրավված լինել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նախաձեռնված ադրբեջանական զինված հարձակումների ընթացքում հայ գերիների ու դիերի փոխանակման մարդասիրական գործընթացին։ Պաշտպանը մշտական կապի մեջ է ՀՀ պաշտպանության նախարարության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաեւ գերիների ընտանիքների անդամների եւ նրանց փաստաբանների հետ։ «Մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերն առաջին պահից սկսած գտնվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության ներքո, շուրջօրյա սկզբունքով, Պաշտպանի իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորությունների սահմաններում ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 

ԵՎՍ 2 ԻՆՔՆԱԹԻՌ

Ռուս խաղաղապահներով եվս երկու ինքնաթիռ է թռել Լեռնային Ղարաբաղ. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: «Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի եւս երկու Իլ-76 ինքնաթիռ է Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից մեկնել Հայաստան: Օդանավերում են զրահափոխադրիչներ, նյութական միջոցներ եւ խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ նոյեմբերի 10-ից ի վեր Իլ-76 եւ Ան-124 ինքնաթիռները Հայաստան են հասցրել ավելի քան 750 զինծառայող, ինչպես նաեւ ավելի քան 110 միավոր սարքավորում` զրահամեքենաներ, արտաճանապարհային բեռնատարներ եւ նյութատեխնիկական աջակցության միջոցներ: Ընդգծվում է, որ խաղաղապահ խնդիրների իրականացման եւ Ռուսաստանի ռազմական անձնակազմի անվտանգության համար շարունակական փոխգործակցություն է կազմակերպվել Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի խմբավորումը բաղկացած կլինի 1960-ից զինվորականից, 90 զրահափոխադրիչից, 380 տրանսպորտային միջոցից եւ այլ տեխնիկայից:

 

 

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՓԱԿ ԷԻՆ

Երեկ ոստիկանները փակել են Աբովյան- Երեւան ճանապարհը: Նշենք, որ ArmLur.am-ը տեսանյութ էր հրապարակել, որ Երեւան-Էջմիածին մայրուղու՝ Արգավանդի հատվածում նույնպես փակ է: Նախօրեին հանրահավաք է տեղի ունեցել Երեւանում` Նիկոլ Փաշինյանի հրաժականի եւ ստեղծված իրավիճակում ելքեր գտնելու պահանջով: Հանրահավաքին մասնակցող քաղաքական ուժերի ղեկավարների մի մասը՝ նախօրեին, մյուսներին էլ երեկ ձերբակալել են:

 




Լրահոս