Արմավիրի ոստիկանները բացահայտել են նույն քաղաքում տղամարդուն սպանելու և դին այրելու դեպքը։
«Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15․10-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում առանձնապես ծանր հանցագործության մասին հաղորդում ստացվեց։ Արմավիրի Շահումյան փողոցի 51 հասցե մեկնած օպերատիվ խումբը տղամարդու այրված դի հայտնաբերեց։ Դին անճանաչելի էր։ Օրեր տևած միջոցառումների արդյունքում՝ դեկտեմբերի 23-ին պարզվեց ինքնությունը․ սպանվածը մշտական բնակության վայր չունեցող 58-ամյա Արայիկ Սիմոնյանն էր։
Նախքան ինքնությունը պարզելը՝ Արմավիրի քրեական հետախույզները, համագործակցելով մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, բացահայտել էին սպանությունը, ընդ որում՝ հաղորդումից ժամեր անց։ Օպերատիվ ճանապարհով տվյալներ էին ձեռք բերվել, որ տղամարդուն սպանել, ապա դին այրել է Գյումրիում հաշվառված 44-ամյա մի տղամարդ։ Նա դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22․40-ին, հայտնաբերվեց Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցում ու կասկածանքով բերման ենթարկվեց բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։