ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է պաշտոնական Երևանն արձագանքում Իլհամ Ալիևի հայտարարություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտգործնախարարությունը սին և հիմնազուրկ է որակում Ադրբեջանի պնդումները, թե Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի այցը Արցախ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտում է։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ սահմանափակում չի մտցնում Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներում կապերի մասով, պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցերին՝ հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Ամբողջովին սին և հիմնազուրկ են: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ սահմանափակում չի մտցնում Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներում կապերի մասով։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն ուղղված էր հրադադար հաստատելուն և Արցախ ռուս խաղաղապահներ տեղակայելուն, չի արձանագրում որևէ համաձայնություն Արցախի կարգավիճակի մասով: Եվ այդ տեսակետից այն բոլոր պնդումները, որ Արցախի կարգավիճակի մասով տեղի են ունեցել փոփոխություններ, իրականությանը չեն համապատասխանում։

Արցախի կարգավիճակը պետք է որոշվի խաղաղ գործընթացի արդյունքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների, ժողովուրդներին ինքնորոշման իրավունքի հիման վրա», – ասել է ԱԳՆ խոսնակը: Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հունվարի 5-ից աշխատանքային այցով Արցախում է։ Այվազյանի այցի կապակցությամբ Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոք է հայտնել՝ այն որակելով սադրանք ու լարվածություն հրահրելու փորձ։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան այցն անօրինական է որակել և հայտարարել, որ այն հակասում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ստորագրած զինադադարի համաձայնագրին։ Նաղդալյանը նաև նշել է, որ ադրբեջանական կողմը մինչ օրս ամբողջովին չի կատարում եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որի համաձայն պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակում: Ինչի հետևանքով ազատ չեն արձակվում հայ ռազմագերիներն ու պատանդի կարգավիճակում հայտնված անձինք:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս