ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՉԵՆ ՀԱՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ նախօրեին 17 կուսակցությունների կողմից առաջադրած ՀՀ վարչապետ թեկնածու Վազգեն Մանուկյանը Գյումրիից դաշտերով է կարողացել դուրս գալ: Ըստ իմքայլական պատգամավորի՝ Գյումրիում իշխանությունները շարունակում են հարգանք վայելել: Մեր զրուցակիցը հայտարարեց՝ այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում՝ Վազգեն Մանուկյանի հետ կապված, ակնհայտ ցույց է տալիս, որ ընդդիմությունը մերժված է այնտեղ:

 

-Նախօրեին միջադեպ տեղի ունեցավ Գյումրիում. երբ ընդդիմության առաջնորդներից Վազգեն  Մանուկյանը գնացել էր Շիրակի մարզ, այնտեղ թույլ չէին տվել, որ նա մուտք գործեր, ճանապարհ էին փակել, ինչի պատճառով նա մեղադրեց իմքայլականներին գումար բաժանելու համար եւ նշեց, որ իմքայլականների «բոմժ» մասսան էր հավաքված այնտեղ: Արդյոք կազմակերպչական աշխատանք տարվե՞լ է Մանուկյանի դեմ ճանապարհ փակել համար:

-Ես ասեմ, որ արձագանքը շատ կոշտ էր գյումրեցիների կողմից: Ես վստահ եմ, որ հաջորդ անգամ Գյումրի գալուց շատ ավելի զգույշ կգա, որովհետեւ այս անգամ, իմ տեղեկություններով, դաշտերի միջով կարողացել է անցնել ու այդ պատնեշը հաղթահարել: Երբ քաղաքացիներն ուղղակի հարցեր են ունեցել, եւ, որպես վարչապետի ինքնահռչակ թեկնածու, եկել է քաղաքացիների հետ հանդիպման, բա ո՞ւր էր գնում, եթե պետք է այդ քաղաքացիներից փախներ եւ վերջում էլ նրանց այդկերպ վիրավորեր: Իսկ այդ գնահատականը քաղաքացիների կողմից շատ կոշտ է եղել: Ու ամենավատն այն է, որ  նրա այդ խոսքին երկրորդում է Գյումրիի նախկին քաղաքապետն ու ասում, որ ճիշտ է ասել: Ես՝ որպես գյումրեցի, այդ որակումներից շատ վատ եմ զգում, որ նման մարդկանց եմ ճանաչում, եւ նրանք ապրում են Գյումրիում:

-Վազգեն Մանուկյանը շեշտում է, որ այս ամենը կազմակերպել է «Իմ քայլ»-ի թիմը: Ինչ-որ բան կազմակերպե՞լ էիք Վազգեն Մանուկյանի դեմ, որպեսզի դեպի Գյումրի մուտքն արգելվեր:

-Դա արժեհամակարգի հարց է. երբ Վազգեն Մանուկյանը նման բան է ասում, դա նրանց մտածածն է, որ նրանք կարող են նման բաներ կազմակերպել: Խոսք էր գնում ինչ-որ գումար տալու մասին: Նրանց օրոք են ընտրություններ կեղծվել, գումարներ բաժանվել: «Իմ քայլը» այդ արժեհամակարգը չունի,  եւ մենք այս 2,5 տարիների ընթացքում դա ապացուցել ենք: Բացարձակ  կազմակերպվածություն չի եղել մեր կողմից: Համենայնդեպս ես՝ որպես «Իմ քայլի»-ից Աժ պատգամավոր, բացարձակ նման պրոցեսների մեջ նման ներգրավվածություն չեմ ունեցել: Իմ տեղեկություններով՝ քաղաքացիները հարցեր ունեցել են ուղղելու Վազգեն Մանուկյանին, փորձել են խոսել նրա հետ: Մնացածն արդեն մենք բոլորս տեսանք, թե ինչ եղավ:

-Պատերազմի ավարտից հետո Դուք շրջե՞լ եք Գյումրիում, զրուցե՞լ եք բնակիչների հետ, ի՞նչ դիրքորոշում ունեն իշխանության նկատմամբ:

-Գյումրեցին ու մարդիկ, որոնց հետ ես շփվում եմ, ինձ հակառակն են ասում՝ որեւէ դեպքում որեւէ կերպ մեր քաղաքական թիմն ու վարչապետը չպետք է նահանջի, եւ որեւէ հրաժարականի մասին խոսք անգամ չպետք է լինի: Հակառակ դեպքում կհամարեն, որ վարչապետը դավաճանում է իրենց: Ասեմ, որ Գյումրիում բավականին մեծ հարգանք եւ համակրանք ունի գործող իշխանությունը:

-Անգամ պատերազմի նման ելքից հետո՞:

-Պատերազմի ելքից հետո այսօր Գյումրին, Շիրակի մարզն ու Հայաստանի Հանրապետությունն ունի թիվ մեկ խնդիր. դա գերիների հարցն է: Գերիների եւ անհետ կորածների հարցն է, որին բազմիցս անդրադարձել ենք: Ինչպես տեղյակ եք, գերիներից 62-ը  հենց Շիրակի մարզից են, եւ օր առաջ պետք է ամեն ինչ անենք, որ տղաները վերադառնան իրենց տուն:

-Ադրբեջանն ահաբեկիչներ է որակել գերիներին եւ բանտարկել: Նրանց խոսքով՝ տղաները ոչ թե գերիներ են, այլ մարդիկ, որոնք պատերազմից հետո փորձել են  պատերազմական գործողություններ իրականացնել: Ի՞նչ եք անում դուք այս ուղղությամբ:

-Ես Ադրբեջանի որակումները չեմ ուզում մեկնաբանել: Համենայնդեպս, մեր կողմից վարչապետը բարձրաձայնեց եւ ամենաբարձր հարթակով հնչեցրեց այս հարցը: Բայց, ցավոք սրտի, այս փուլում բանակցությունները վերջնական արդյունքի չեն հասել, սակայն դրանք շարունակվում են նաեւ Ռուսաստանի կողմից:

-Լավրովի խոսքով՝ մենք հստակ ցուցակ չենք ներկայացրել: Ինչո՞ւ:

-Դա գաղտնի է պահվում: Մեր կողմից մեկնաբանություն եղավ: Եռակողմ բանակցությունների արդյունքում պետք է տղաներն օր առաջ վերադառնան:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ ՆԱՄԱԿՆԵՐ Է ՀՂԵԼ

ԱՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հունվարի 12-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի մասնագիտացված մարմիններին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց հետ կապված իրավիճակի վերաբերյալ:

 

Նամակներում մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանը, խախտելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, նույն տարվա դեկտեմբերին հարձակվել եւ օկուպացրել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերը եւ գերեվարել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի 64 զինծառայողների: Այնուհետեւ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են ռազմագերիների նկատմամբ քրեական գործեր հարուցելու իրենց մտադրության մասին, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է:

Նամակներում ընդգծվում է, որ միջազգային մարդասիրական իրավունքը, մասնավորապես՝ Ժնեւյան կոնվենցիաները, չեն դադարում կիրառվել հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո, հետեւաբար գերեվարված զինծառայողները ռազմագերիներ են՝ համաձայն Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնեւյան կոնվենցիայի (III) 4-րդ հոդվածի, եւ ռազմական գործողությունների ավարտից հետո պետք է հայրենադարձվեն: Ադրբեջանի կողմից ռազմագերիների քրեական հետապնդումը միայն նրա համար, որ նրանք մասնակցել են ռազմական գործողություններին, Ժնեւյան երրորդ կոնվենցիայի կոպիտ խախտում է:

Նամակներում նշվում է, որ Ադրբեջանը ձգձգում է իր մոտ պահվող այլ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց վերադարձը, ովքեր գերեվարվել էին Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիայի ընթացքում եւ դրանից հետո: Ընդգծվում է, որ Ադրբեջանի նման դիրքորոշումը հակասում է եռակողմ հայտարարությունն իր տառին եւ ոգուն համապատասխան լիակատար իրականացնելու իր իսկ ստանձնած պարտավորություններին՝ արյունալի հակամարտության թողած վերքերը բուժելու նպատակով:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը կոչ է անում հրատապ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Ժնեւյան կոնվենցիաների իրագործումը եւ նշված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը՝ նրա կողմից պահվող ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց բոլոր իրավունքները պաշտպանելու նպատակով:

 

 

ՔԻՉ ԵՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ

Հայաստանում ծնվածների թիվն ավելացել է: Մեր հանրապետությունում եթե 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ծնվածների թիվը կազմել է 32 հազար 968, ապա այս 2020-ի նույն ժամանակահատվածում այն ավելացել է՝ դառնալով 33 հազար 425: Բացի այս, պակասել է նաեւ մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 567-ից հասնելով 416-ի: Սրան զուգահեռ, նկատենք, որ մահացածների թիվը ավելացել է 7194-ով: Մյուս նորությունը. Հայաստանում սկսել են քիչ ամուսնանալ եւ ամուսնալուծվել:

Պաշտոնական աղբյուրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում նախորդ տարվա հունվար-նոյեմբերին ամուսնալուծության դեպքերը կազմել են 2866, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ամուսնալուծությունները պակասել են 679-ով: Բայց, մյուս կողմից, պակասել են նաեւ ամուսնությունները՝ 2019-ի 11 ամիսներին՝ 14 հազար 359, իսկ 2020-ի նույն ժամանակահատվածում՝ 10 հազար 769: Մի շարք մասնագետների խոսքերով՝ այսօր երիտասարդները նախընտրում են քաղաքացիական ամուսնության տարբերակը:

 

 

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ

Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է: ArmLur.am-ը պաշտոնական վիճակագրական աղբյուրներից պարզեց, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է 245 հազար 639 տոննա հաց, մինչդեռ 2019-ի նույն ժամանակահատվածում արտադրվել է 249 հազար 210 տոննա հաց: Այսինքն՝ հացի արտադրության ծավալները մեկ տարվա ընթացքում 1.4 տոկոսով պակասել են։ Նախորդ տարիներին, երբ հացի արտադրության ծավալները պակասում էին, մասնագետներն այն պայմանավորում էին մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ. ի վերջո, նախորդ տարիներին, երբ մեծ էր արտագաղթը, դրա հետեւանքով տարեկան մոտ 3 տոկոսով նվազում էին հացի արտադրության ծավալները: Բայց նկատենք, որ միայն 2019-ին, 2018 թվականի համեմատ, արձանագրվել է հացի արտադրության ծավալների աճ։ Այդ ժամանակահատվածում տեսակետ էր շրջանառվում, որ ցուցանիշների ավելացումը կապված է տնտեսվարողների՝ ստվերից դուրս գալու հետ:

Իսկ հիմա, ընդհակառակը, Հայաստանի բնակչության թվաքանակն ավելացել է (2020-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը, 2019-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, ավելացել է 10 հազար 400-ով) բայց, մյուս կողմից, առաջին անհրաժեշտության սննդամթերքը սպառողների թիվն է պակասել։ Գուցե տնտեսվարողները սկսել են դարձյալ ստվերում գործել։

 




Լրահոս