45 կողմ, 46 դեմ, եւ 10 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովը չընդունեց կառավարության ներկայացրած «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթը:
Նախագծի որոշ դրույթներ մի շարք պատգամավորների մոտ մտահոգություն էին առաջացրել: Օրինակ՝ նրանցից մեկի՝ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքով՝ առողջապահության փոխնախարարի՝ ԱԺ բերած նախագծով առաջարկվում է Քրեական օրենսգրքից հանել անձին՝ ՄԻԱՎ-ով վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելու համար տուգանք սահմանելու կետը։ Իսկ, ահա, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արժանապատիվ բուժաշխատողների միության» նախագահ Սամվել Գրիգորյանի խոսքով՝ հիմնական իմաստն այս օրենքի նախագծի իրավական հիմքեր ստեղծելն էր ՁԻԱՀ-ի կենտրոնի հետագա վերակազմավորման փաստացի լրացման համար. «Առողջապահության նախարարության մատուցմամբ նախագիծը, մեր համոզմամբ, ապօրինի է, քանի որ այստեղ անտեսվեց ՁԻԱՀ-ի օրենքում այն հասկացությունը, երկրորդ հոդվածի երկրորդ պարբերությունը, որով սահմանվում է, որ Հայաստանում ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ մոնիտորինգի նպատակով գործում է ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնը: Ահա այս նորմը շրջանցելով՝ կառավարությունը կայացրեց որոշում վերակազմավորվել, փաստացի վերացնել ՁԻԱՀ-ի կենտրոնը: Դա անցյալ տարի կառավարությանը հաջողվեց, այս տարի արդեն մտավ նախագիծ, որը պետք է պոստֆակտում լեգիտիմացներ այդ ապօրինի որոշումը»:
Բայց, ինչպես տեսնում եք, նախագիծն անցավ ԱԺ առողջապահության, սոցիալական հարցերի հանձնաժողովով, հասավ ԱԺ լիագումար նիստ եւ առաջին ընթերցմամբ, ի պատիվ մի խումբ պատգամավորների մեծամասնության, չընդունվեց: Բացի այս, նշենք, որ «Հակահամաճարակային ալյանս» կոչվող մասնագիտական հարթակի կողմից հրապարակվել է այդ քննարկման ժամանակ Առողջապահության նախարարության ներկայացուցչի կողմից հնչեցված ստերի շարքը, որոնք, ի դեպ, հասել են 22-ի:
«Փաստացի փորձ էր կատարվել պատգամավորների հանրությանը, անգամ լրատվամիջոցներին մոլորության մեջ գցել, մանեւրել, ինչ-որ կեղծիքի միջոցով այլ պատճառաբանություններ բերել այս օրինագծերի համար: Իսկ իրականում, ինչպես նշեցի, ամենակարեւոր հանգուցային նպատակը դա այդ ապօրինի որոշումն էր, որ կայացվել էր, եւ պետք է ասեմ, որ կառավարությունը այդ օրենքի, մեր համոզմամբ, նաեւ այլ դրույթներ է խախտել (խոսքը ՁԻԱՀ կենտրոնի մասին է- Ս.Հ.): ՁԻԱՀ-ի կենտրոնի վերացմամբ 50-ից ավելի աշխատակիցներ ազատվեցին աշխատանքից: Բազմափորձ մասնագետներ, որոնք տարիներ շարունակ աշխատել են այդ բնագավառում, 7-8 տարի ներգրավված են եղել գիտահետազոտական աշխատանքների մեջ, նրանց վրա կատարվել են հսկայական ներդրումներ՝ տասնյակ հազարավոր դոլարների չափով, կրթման, վերապատրաստման համար, եւ այդ մասնագետները ցրվել են հանրապետությունով մեկ»,- մեծ ափսոսանքով նկատեց Գրիգորյանը: Զրույցի ընթացքում մասնագետն ափսոսանքով նկատեց, որ ՁԻԱՀ-ի կենտրոնը փաստացի դադարել է գոյություն ունենալուց:
«ՁԻԱՀ-ի կենտրոնը փաստացի միավորվեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հետ, բայց այդ հիվանդանոցն էլ ընդամենը մեկ ամիս հետո՝ մեր մասնագետների աշխատանքից ազատումից հետո, դարձավ կորոնա կենտրոն: Հիմնավորումներ էին բերում, որ ինֆեկցիոն հիվանդություններից մեկն է ՁԻԱՀ-ը, եկեք դիտարկենք ինֆեկցիոին հիվանդությունների համատեքստում. այսօր նման բան չկա: Նորք ինֆեկցիոնը դարձել է կորոնա կենտրոն, այնտեղ հետազոտվում, ախտորոշվում, բուժվում են կորոնավիրուսով վարակված անձինք, եւ այդ իսկ պատճառով նաեւ ինֆեկցիոն հիվանդությունների կազմակերպման, կառավարման գործընթացը հասել է տապալման եզրին: Անունն է մնացել, մինչդեռ պետք է լիներ ուսանողների կրթության դպրոց, որտեղ պետք է նրանք տեսնեին, թե ինչպես են վարվում ինֆեկցիոն հիվանդությունները, բուժվում, այդ բոլորը չկա»,- ներկայացրեց մեր զրուցակիցը
Կհիշեք՝ փետրվարի 11-ին խորհրդարանի ամբիոնից Առողջապահության նախարարության փոխնախարար Լենա Նանուշյանը հայտարարեց, որ այսօր Covid-19-ն է խնդիր մեզ համար, իսկ ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ը՝ ոչ, քանի որ ունենք բուժում: Իսկ, ահա, Սամվել Գրիգորյանի խոսքով՝ քսան տարի է, ինչ ՄԻԱՎ վարակը գտնվում է շրջապատի համար վտանգ հանդիսացող հիվանդությունների ցանկում, որը հաստատում է կառավարությունը. «Բայց միայն դա չէ խնդիրը, այլ մենք գտնվում ենք մի այնպիսի տարածաշրջանում, որտեղ ՄԻԱՎ վարակի զարգացման, տարածման աճի տեմպերը աշխարհում ամենաբարձրերից մեկն են: Եւ այս տարածարջանում մենք գիտենք միգրացիոն ինչպիսի պրոցեսներ ունենք: Աշխատանքային միգրացիան… Պատգամավորն օրինակ բերեց ռուսական մի հրապարակումից, որ արդեն բազմաթիվ մարզեր, շրջաններ կան Ռուսաստանում, որտեղ մեկ տոկոսից բարձր է ՄԻԱՎ-ի տարածվածությունը, իսկ դա, ըստ դասակարգման, արդեն համաճարակի վերջնային փուլն է»:
Բայց, ինչպես մասնագետն է ասում, բուժումն ուղղված է կյանքի երկարացմանը, որակի լավացմանը: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորի խոսքով՝ բուժումը ծախսատար է, եւ բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն հիվանդության կանխարգելմանը, ոչ թե բուժմանը:
«Իսկ կանխարգելումը Առողջապահության նախարարության գործառույթներից հիմնականներից մեկն է: Եւ ինչպես ցույց տվեց Covid-19-ի համաճարակի դեմ պայքարի կազմակերպումը, այդ կանխարգելիչ գործառույթները թերացված են, նրանք, կարելի է ասել, տապալված են, եւ դրա կառավարումը թույլ վիճակում է: Հիմա ՄԻԱՎ վարակի ասպարեզում ունենալով այսպիսի միջազգային համբավ ունեցող կենտրոն՝ միայն կարելի էր զարգացնել գործառույթները, որովհետեւ կենտրոնը բերում էր պետությանը մեծ դիվիդենտներ, միջազգային օգնություն, գիտահետազոտական աշխատանքներ, մասնագիտական հզոր պոտենցիալ, որոնք այսօր փոշիացված են»,- ցավով նկատեց մեր զրուցակիցը:
Այս նախագծի հետ կապված պատգամավորների մտահոգության մյուս առարկան այն է, որ նախարարությունը փորձ էր անում 16 տարեկանի շեմն իջեցել՝ հասցնելով 14-ի: Պատգամավորները մտավախություն ունեին, որ 14 տարեկան երեխան կարող է գնալ, ինքնուրույն ՄԻԱՎ-ի թեստ հանձնել եւ իր վարակված լինելու մասին տեղեկությունը գաղտնի պահել. «Դա հակասության մեջ էր մտնում առողջապահության մայր օրենքի հետ՝ բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման օրենքի հետ, որտեղ սահմանված է 16 տարեկանից բարձր անձը, երեխան կարող է առանց ծնողի ստանալ բժշկական հետազոտության մասին տեղեկատվություն: Եթե երեխան գնար, 14 տարեկանում հետազոտվեր, ստանար պատասխան, բայց բժշկական օգնությունը, միեւնույնն է, ինքը պետք է ստանար ծնողի կամ ներկայացուցչի համաձայնությամբ 16 տարեկանից: Այսինքն՝ երկու տարվա բաց էր առաջանում»,- տեղեկացրեց Սամվել Գրիգորյանը: Բայց մասնագետը վստահեցնում է՝ նախագծի այս կետը իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում. «Տեսեք, երեխան առանց ծնողի աջակցության ինչպե՞ս պետք է ապրի իր հիվանդության հետ, իսկ եթե դիմեր ծայրահեղ քայլերի, արդյոք նա կգիտակցե՞ր հիվանդության ամբողջ ծանրությունը, արդյոք աջակցության կարիք չունի՞ նա: Արդյոք նա գիտակցո՞ւմ է իր քայլերի վտանգավորությունը նաեւ ՄԻԱՎ վարակի տարածման տեսանկյունից: Չէ՞ որ ՄԻԱՎ վարակ ունեցող անձը կարող է այն տարածել»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
«ՉՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՂԲՅՈՒՐ» ԵԶՐՈՒՅԹՈՎ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով են հրավիրվել ՄԻՊ Արման Թաթոյանն ու կառույցի աշխատակազմի ներկայացուցիչներ, քննարկվել են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: Նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով օրենքում նախատեսվող փոփոխությունները, նշել է դրանք կատարելու շարժառիթը. «Արգելվելու է լրատվամիջոցներին տեղեկություն հրապարակելիս հղում տալ անանուն աղբյուրների: Չգովազդել անհայտ ծագում ունեցող լրատվամիջոցներին, ստուգել տեղեկատվությունը մատուցելուց առաջ»: Ըստ Ա. Թաթոյանի՝ մասնագետների կողմից թյուրըմբռնման տեղիք է տվել «անանուն աղբյուր» տերմինը: Այն ասոցացվում է լրագրողի՝ աղբյուրը չբացահայտելու հայտնի դրույթի հետ: Թերի է նաեւ ներկայացված նախագծի հիմնավորումը: Պատգամավորները պնդել են, որ փոփոխությունը լրատվամիջոցների գաղտնի աղբյուրներին չի վերաբերում, եւ ընդունելով Թաթոյանի դիտարկումը՝ «անանուն աղբյուր» եզրույթը կփոխարինեն «չնույնականացված աղբյուր» եզրույթով:
ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼՈՎ ԱՍԵԼ Է
Պնդումը, թե իշխանության ներկայացուցիչները պատերազմից հետո Արցախ չեն այցելում, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանի ղեկավարությունն արգելք կամ խնդիր ունի Արցախ այցելելու հարցում: «Մեր պատգամավորներն այցելում են Արցախ: Դուք գիտեք, որ, օրինակ, մեր պատգամավորներից Նազելի Բաղդասարյանն ակվիտորեն զբաղվում է ռազմագերիներին առնչվող խնդիրներով, եւ իրենք պարբերաբար այցելում են»,-ասել է նա: Ինչ վերաբերում է քաղաքական վերնախավին, Մակունցն ասել է, որ պետք է իրենց հետ կապ հաստատել ու հարցնել. ինքը կարող է խմբակցության մասին խոսել: «Իրենց այցելությունների ժամանակացույցից ես տեղյակ չեմ»,-ասել է նա:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԵՄ Է
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը դեմ է առաջարկվող փոփոխությանը, որ հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվի ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Այս մասին ասել է պատգամավորը։ Նշենք, որ Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծ, որով առաջարկվում է հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
Նախատեսվում է նաեւ, որ եթե նույն արարքը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Ի դեպ, նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից: