«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայաստանում ջերմոցատերերը դժգոհում են. դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով թանկացել են թունաքիմիկատները, պարարտանյութը: Մյուս կողմից՝ նախորդ տարվա հուլիսի 19-ից ջերմոցատերերի համար բարձրացել է գազի գինը. օրինակ՝ ջերմոցային տնտեսությունները ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, 1000 խմ-ի դիմաց վճարում են 224 դոլար՝ նախկին 212-ի փոխարեն: Ջերմոցային տնտեսությամբ զբաղվող տնտեսվարողներից մեկը՝ Հրաչիկ Բաբախանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ գազի գինը բավականին բարձր է, այն ապրանքի ինքնարժեքի գերակշռող մասն է կազմում. «Այս պահին տեղական շուկայում թուրքական ծագման լոլիկ կա, դուք ինքներդ կարող եք մոնիտորինգ անել մեծածախ շուկաներում, փաստացի կտեսնեք, եւ բավականին էժան է տեղական արտադրանքից»: Տեղեկացնենք, որ Հայաստանում թուրքական ապրանքների 6-ամսյա արգելքն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Օրեր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խորհրդարանում հայտարարեց, որ մտադիր է հանդես գալ այն երկարացնելու առաջարկով։ Թվում է, թե այս ամենի արդյունքում կարող են շահել տեղական ջերմոցատերերը, բայց, մասնագետների խոսքերով, էժան է նաեւ իրանական ծագման բանջարեղենը. լոլիկն այնտեղ մայիսին հասնում է։ Այսինքն՝ Թուրքիայից լոլիկ ներկրողը կարող է այն ներմուծել Իրանից։ Ստացվում է, որ դարձյալ տուժելու են հայրենի գյուղատնտեսները:
Ջերմոցատերերը դժգոհ են. ինչու են թունաքիմիկատները թանկացել. «Ժողովուրդ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ