ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ: Մենք փորձել ենք իշխանական պատգամավորից պարզել, թե արդյոք հունիսի 20-ին հայտարարված արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են, թե ոչ, քանի որ, ըստ ընդդիմության, սա իշխանությունների հերթական «բլեֆն» է: Հակոբյանը անդրադարձել է նաեւ Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնող ընդդիմությանը, նրանց կատարած քայլերին ու իշխանությունների կողմից ուժ կիրառելու եւ այն ցրելու մասին:
-Ի՞նչ եք կարծում, արտահերթ խորհրդարանական ընտրությունները հունիսի 20-ին կայանալո՞ւ են:
-Կարծում եմ՝ այո, եթե դրա քաղաքական կամքը ունենան նաեւ ընդդիմադիր մեր գործընկերները:
-Ունե՞ն այդ քաղաքական կամքը. ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն համաձայն են, բայց արտախորհրդարանական ուժերը չեն հավատում, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է ընտրությունների:
-Չհավատալն այլ բան է, կամք ունենալ կամ չունենալն այլ բան է: Կարծում եմ՝ ոչ բոլոր արտախորհրդարանական ուժերը չեն հավատում. ուժեր կան, որ հավատում են ու նույնպես հայտնել են ցանկություն՝ ընտրություններին մասնակցելու:
-Նույն ընդդիմությունը, որը Բաղրամյան պողոտան փակ էր պահում, ասում է, որ այս իշխանությունը կեղծելու է ընտրություններն ու վերարտադրվելու է: Ինչպե՞ս ապացուցեք, որ չեք կեղծելու ընտրությունները:
-Եկեք միասին նստենք, մեխանիզմներ մշակենք, որպեսզի ապահովագրված լինի ընտրությունների չկեղծելը: Չնայած նրան, որ մենք պնդում ենք, որ մենք երբեք ընտրություններ չենք կեղծելու եւ չենք կեղծել, բայց եթե դա նրանց բավարար չէ, եւ նրանց հարկավոր են հավելյալ մեխանիզմներ, որպեսզի ընտրությունները չկեղծվեն, եկեք խոսենք:
-Այսինքն՝ դուք արտախորհրդարանական ուժերի՞ն եք հրավիրում:
-Բոլորին, նրանք ովքեր կասկածի տակ են դնում ընտրությունների թափանցիկ անցկացնելը, առաջարկում ենք, որ եթե կա նման մտավախություն, ապա եկեք դրանց շուրջ խոսենք, չնայած որեւէ հիմք որեւէ մեկը չպետք է ունենա, որ մենք կեղծելու ենք այս ընտրությունները: Մենք անցկացրել են մի քանի ընտրություններ, եւ որեւէ մեկը չի կեղծվել:
-Ասում են, որ չպետք է համեմատել 2018թ. ընրությունների հետ, քանի որ 2018թ. ժողովրդի վստահությունը ձեր իշխանության հանդեպ մեծ էր, իսկ այս պահին վստահություն չկա:
-Մենք ՏԻՄ ընտրություններ ենք անցկացրել եւ չենք հաղթել այդ ընտրություններում եւ չենք էլ կեղծել այդ ընտրությունները: Այդ ընտրություններում ընդդիմադիր թեկնածու է հաղթել:
-Դուք շրջե՞լ եք, ժողովրդի հետ շփվե՞լ եք: Ի՞նչ կարծիք ունի հասարակությունը ձեր իշխանության մասին:
-Ես շրջում եմ, խանութներ եմ մտնում: Ժողովրդի ռեակցիան շատ նորմալ է: Մոտենում են մարդիկ, ասում են՝ երբ եք դատական իշխանության հարցը լուծելու, որ այն մարդիկ, որոնք պետք է բանտում լինեին, ազատության մեջ չլինեն: Ամենաշատը ես այդ կարծիքն եմ լսել:
-Օրինակ՝ ասո՞ւմ են, որ ընտրություններին կրկին ընտրելու են ՔՊ-ին:
-Քանի որ ընտրությունների թեման նոր է, դեռ նման կարծիք չի հանդիպել:
-Հիմա քննրակվում է, թե ինչու եք որոշել Նիկոլ Փաշինյանի դեմքով մասնակցել քարոզարշավին, քանի որ տեսակետ կա, որ Փաշինյանը քննադատվում է, եւ նրա հանդեպ վստահություն չկա: Ինչո՞ւ որոշեցիք նրա դեմքով գնալ ընտրությունների: Չկա՞ որեւէ մեկը, որ կարողանար փոխարիներ նրան:
-Բայց ինչո՞ւ չգնալ պարոն Փաշինյանի դեմքով:
-Վարկաբեկվել է այս ժամանակահատվածում:
-Դե կգնանք ընտրությունների, կտեսնենք՝ վարկաբեկվել է, թե ոչ: Հենց դրա համար էլ գնում ենք ընտրությունների: Հենց վարչապետի թեկնածուն հիմա մեր վարչապետն է:
-Կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը մնում է բարձր, ինչպես 2018թ.-ի՞ն:
-Ինչպես 2018թ. հասկանալի պատճառներով չի կարող լինել, բայց այն, որ ես ներքին համոզմունք ունեմ, որ վարկանիշը բարձր է, դա այդպես է:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆՆԵՐԻ ՏԱՐԻՔԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՂ ՆԱԽԱԳԻԾԸ
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է բարձրացնել պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը: ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ այս նախաձեռնության պատճառ է հանդիսացել այն, որ իրենց են դիմել պատերազմի մասնակից ՀՀ քաղաքացիներ, որոնց տարիքը բարձր է 45-ից, սակայն ունեն կռվելու փորձ, ֆիզիկական բարձր պատրաստություն, բայց օրենսդրությունն արգելում է նրանց ներգավել պայմանագրային զինվորական ծառայության մեջ:
Գործող օրենսդրությամբ պայմանագրային զինվորական ծառայության մեջ ներգրավվելու, ծառայելու հնարավորություն չկա մի դեպքում՝ 45-ից հետո, մյուս դեպքում՝ 40-ից հետո: ԼՀԿ-ն առաջարկում է այդ շեմը բարձրացնել մինչեւ 63 տարեկանը: Ըստ Մարուքյանի՝ դա հնարավորություն կտա մարդկանց Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում ոչ թե լքել համայնքները, գնալ արտագնա աշխատանքի, այլ անցնել պայմանագրային զինծառայության:
«Չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը նախագծի վերաբերյալ տվել է բացասական եզրակացություն, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն՝ պայմանով, որ հանձնաժողովի եւ կառավարության առաջարկները քննարկենք ու ընդունենք: Մենք, բնականաբար, պատրաստակամություն ենք հայտնել առաջարկները քննարկելու եւ ընդունելու»,-ասել է Մարուքյանը:
ԼՀԿ-ն պատրաստ է քննարկել 63 տարեկանի շեմը իջեցնելու հարցը: Գործող օրենքով բարձրաստիճան զինվորականները կարող են ծառայել մինչեւ 63 տարեկան: Նախագծով առաջարկվում է այն դարձնել 65:
ՓՈԽԱՐԺԵՔԸ ՉԻ ՆՎԱԶՈՒՄ
Հայաստանի արտարժույթի շուկայում դոլարն ու եվրոն պահպանում են բարձր փոխարժեքը: Տեւական ժամանակ է, ինչ դոլարի փոխարժեքը չի նվազում. Հայաստանի առեւտրային բանկերում այսօրվա դրությամբ դոլարի առքի առավելագույն գինը 525-526 դրամ է, վաճառքինը՝ 530 դրամ: Շարունակում է բարձր մնալ նաեւ եվրոյի փոխարժեքը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ եվրոյի առքի առավելագույն գինը ՀՀ բանկերում երեկ կազմել է 619-620 դրամ, իսկ վաճառքինը՝ 631-632 դրամ։ Բայց, մասնագետների պնդմամբ, հետպատերազմյան կտրուկ տատանումներից հետո այս օրերին արտարժույթի շուկայում կայունություն է նկատվում։ Չնայած սրան՝ դոլարի եւ եվրոյի փոխարժեքը շարունակում է բարձր մնալ: Մյուս կողմից՝ ստեղծված պատկերը վատ է անդրադառնում սպառողական շուկայի վրա, որովհետեւ թանկացած դոլարը եւ եվրոն նշանակում է, որ ներմուծողներն ավելի թանկ գնով են ձեռք բերում արտարժույթը, հետեւաբար իրենց բերած ապրանքները թանկ են վաճառվում: Ի դեպ, այս ամենի արդյունքում թանկացել է ձեթը, կարագը, շաքարավազը եւ առաջին անհրաժեշտության այլ սննդատեսակներ:
ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՄԱՆԵՐՎԵԼ
27 տարին լրացած եւ բանակում չծառայած ՀՀ քաղաքացիները, որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարված, առաջիկայում կարող են համաներվել եւ հնարավորություն ստանալ Հայաստան վերադառնալ առանց որեւէ նախապայմանի: Այսպիսի նախագիծ են մշակել կառավարությունն ու պատգամավորները, այն հնարավոր է ներառվի կառավարության առաջիկա նիստում եւ ընդունվելու պարագայում էլ քննարկվի խորհրդարանի հաջորդ նստաշրջանում: Նկատենք, որ ավելի վաղ խորհրդարանում կրկին իշխող թիմի պատգամավորները նախագիծ էին ներկայացրել, որով խստացվում էր պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիների համար նախատեսվող պատժաչափը՝ առավելագույնը 6 տարի գործող 3 տարվա փոխարեն։ Նախագիծն առաջարկում էր նաեւ վճարել մոտ 5,5 միլիոն դրամի կամ շուրջ 10 հազար դոլար քրեական պատասխանատվությունից ազատվելու համար։ Տարեսկզբին, սակայն, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում հարցը հետաձգվել էր: Դեռ անցած տարի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել էր կառավարությանը նմանատիպ առաջարկով, բայց մերժվել էր։ Եվ դա է պատճառը, որ խորհրդարանում Էդմոն Մարուքյանը ամոթանք տվեց իշխանությանը:
Նախնական նախագծի համաձայն՝ մեկ տարի ժամանակ է տրվելու 27 տարին լրացած եւ բանակում չծառայած ՀՀ քաղաքացիներին վերադառնալու համար, որի դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։