ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին: Վերջինիս հետ զրույցում անդրադարձել ենք նաեւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ «Քարվաճառը մերը չէր» արտահայտությանը:
-Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյան մասին տեղյա՞կ եք: Նա խոսել էր Քարվաճառի մասին ու ասել, որ այդ հատվածը հայկական չի եղել: Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցի վերաբերյալ:
-Ես դա չէի որակի միայն Հովիկ Աղազարյանի հայտարարություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր ոչ միայն Հովիկ Աղազարյանը, այլ դրանից առաջ Նիկոլ Փաշինյանը սկսում է արձագանքել, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է վերանայել. սա ընդհանուր մոտեցում է Հայաստանի իշխանության կողմից: Դա Հովիկ Աղազարյանի կողմից լեզվի թռիչք չի եղել: Սրանով ժողովրդին նախապատրաստում են, սա ամենավտանգավորն է, որ հանրությունը նման ղեկավար ունի, եւ այս ղեկավարությունը ընտրվելով, հնարավոր է, Հայաստանն իր պետականությունն ընդհանրապես կորցնի:
-Պարո՛ն Գալստյան, ի՞նչ նկատի ունեք ժողովրդի նախապատրաստել ասելով: Ինչի՞ են նախապատրաստում ժողովրդին: Այսքանից հետո ի՞նչ պետք է լինի:
-Այն, որ ասում են, թե թուրքը մեր թշնամին չի եղել, մեր հողերը տվել ենք, էսպես էլ պետք է լինել, ոչ մեկ չէր կարող էս հողերը պահել, Արցախի ճակատագիրը ի վերուստ որոշված է եղել, ով էլ լիներ, սենց կլիներ եւ այլ արտահայտություններ: Նույն Հովիկ Աղազարյանն էր ասում՝ ցեղասպանությունը որ ճանաչեցին, դա մեզ ի՞նչ: Ընդհանուր հայ ազգի, հայի արժեհամակարգը վերացնում են:
-Արցախում ինչպե՞ս են վերաբերվում այս հայտարարություններին: Գիտեք, ԱԾ նախագահ Արմեն Գրիգորյանն էլ կոնկրետ չասաց Թուրքիայի հետ կապված մեր դիրքորոշումը ինչպիսին է: Ի՞նչ ձեւով է արձագանքում արցախցին այսօրինակ հայտարարություններին:
-Ցավոք սրտի, պետք է արձանագրեք՝ այսօր ցավալի է, որ այդ հայտարարություններից հետո Արցախից ոչ մի պաշտոնյա, իշխանության ներկայացուցիչ չի արձագանքել այս ասածներին, ոչ միայն Հովիկ Աղազարյանի, այլ նաեւ Արմեն Գրիգորյանի եւ Նիկոլ Փաշինյանի եւ մյուս հայտարարություններին: Տարբեր մակարդակներում արձագանքել են, միանշանակ վատ են վերաբերվում: Ու ցանկալի է, որ այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը եւս մեկ անգամ հանրությանը դիմի եւ հայտարարի՝ ինքը այսօր նույն ձեւ համաձա՞յն է, ինչպես 2020թ. մարտի ընտրությունները Հայաստանի իշխանության վարած քաղաքականության հետ եւ ստորագրում է, համաձա՞յն է այդ ամենի հետ, նո՞ւյն ձեւ է մտածում:
-Այսինքն՝ կարծում եք, որ Արցախի իշխանությունը կիսո՞ւմ է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը:
-Համենայնդեպս, չտեսանք, որ չի կիսում: Մենք լսել ենք մինչեւ պատերազմ այս իշխանությունների այն թեւը, որ առանց ստորակետի համաձայն են Հայաստանի վարած քաղաքականության հետ, եւ երբեւիցե առ այսօր հակառակը չի ասել:
-Այստեղ քննարկվում է, որ գուցե այս հայտարարությունները նախապատրաստում են հանրությանը, առաջիկայում ինչ-որ այլ փաստաթուղթ է պատրաստում իշխանությունը, նրանք այլ մտադրություններ ունեն: Ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցում:
-Չեմ ուզում գուշակություններով զբաղվել: Այն, որ այսօր ժողովրդին նախապատրաստում են ինչ-որ բանի, փաստ է:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԽԱՂԱՂ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ
Ապրիլի 4-ին լրանում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 29-ամյակը։ Այս կապակցությամբ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն մեծ հարցազրույց է տվել Moscow-Baku պարբերականին, որում, մասնավորապես, ասել է, թե անցած տարի առաջացած բոլոր սպառնալիքները Մոսկվան եւ Բաքուն գերազանց են հաղթահարել։
Երկու երկրների հարաբերությունները, Ռուդենկոյի փոխանցմամբ, դինամիկ զարգացել են անցած տարի՝ չնայած պանդեմիային, որի պատճառով ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2020-ին նվազել էր 10 տոկոսով եւ կազմել 2,9 միլիարդ դոլար։ Հարցազրույցում Ռուդենկոն բավականին մանրամասն խոսել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ համաձայնագրի եւ պայմանավորվածությունների կատարման մասին։ Ռուս դիվանագետն ասել է, թե իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կայունացել է, եւ պայմաններ են ստեղծվել խաղաղ կյանքի հաստատման համար։ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարը շեշտել է? «Այսօր Լեռնային Ղարաբաղում անվտանգության երաշխավորը ռուսական խաղաղապահ զորակազմն է, որը տեղակայված է կողմերի շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով: Ռուս խաղաղապահների աջակցությամբ շուրջ 53 հազար փախստականներ վերադարձել են իրենց տները, կողմերին է փոխանցվել մարտական գործողությունների ընթացքում զոհվածների շուրջ 1700 մարմին, իրականացվում է տարածքի ականազերծում»:
Ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում Ռուդենկոն, բնականաբար, չի անդրադարձել հայ ռազմագերիների հարցին, փոխարենը անորոշ պատասխան է տվել ադրբեջանցի լրագրողի հարցին այն մասին, որ Բաքուն մտավախություն ունի, թե Լաչինի միջանցքով Հայաստանը Ղարաբաղ գաղտնի տեղափոխում է զինվորականներ։
«Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը, որը պատասխանատու է իրեն վստահված տարածաշրջանում անվտանգության համար, միջոցներ է ձեռնարկում ղարաբաղյան հակամարտության գոտու ռազմականացումը թույլ չտալու համար: Այդ աշխատանքն իրականացվում է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան», – հարցազրույցում ասել է Անդրեյ Ռուդենկոն:
Հիշեցնենք՝ պատերազմի ավարտից հետո Բաքուն հայտարարում է, որ Ղարաբաղում չպետք է լինեն զինված ուժեր։ Պաշտոնական Մոսկվան վերջին շրջանում ակտիվ խոսում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեության մասին։
ԳՆԵՐԸ ԶԳԱԼԻ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ
Երեւանից դեպի Մոսկվա ուղղությամբ ավիատոմսերի գները զգալի բարձրացել են. ArmLur.am-ը տեղեկացավ, որ դրանց գները ապրիլի 7-ից հետո գերազանցում են 150 հազար դրամը: Օրինակ «NordStar» ավիաընկերության՝ ապրիլի 9-ին Երեւանից դեպի Մոսկվա հետադարձ ուղղությամբ մեկ ավիատոմսն արժե 177 հազար դրամ, իսկ, ահա, «Արմենիա» ավիաընկերությունը նշված ժամանակահատվածի համար մեկ ավիատոմսը հետադարձ ուղղությամբ առաջարկում է շուրջ 174 հազար դրամով: Մյուս՝ «Պոբեդա» ավիաընկերության առաջարկած ավիատոմսն ապրիլի 9-ից 16-ը մեկ անձի համար արժե 168 հազար դրամ: Ընդ որում, այդ օրվա տարբեր ժամերին այն թանկանում է՝ հասնելով 180 հազար դրամի: Մեկ այլ՝ «Ural Airlines» ընկերության մեկ ավիատոմսի սահմանած գինը ապրիլի 9-ից 16-ը հետադարձ ուղղության համար կազմում է 174 հազար դրամ: «Nord Wind» ընկերությունն էլ իր հերթին մեկ անձի համար առաջարկում է հետադարձ ուղղությամբ ավիատոմս՝ 183 հազար դրամով: Մի շարք մասնագետներ համոզված են, որ ցամաքային ճանապարհի փակ մնալը որոշ չափով նպաստել են ավիատոմսերի թանկացմանը: ՀՀ քաղաքացիները Ռուսաստան մեկնում են փետրվարի 1-ից միայն թռիչքից առնվազն 72 ժամ առաջ իրականացված կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում։
Անցակետերում հսկող սահմանապահները կկարողանան հատուկ սարքերի միջոցով ընթերցել ուղեւորների Covid թեստի բոլոր տվյալները: Փորձնական նախագծին մասնակցում են Հայաստանը, Բելառուսն ու Ռուսաստանը։ Ի դեպ, առաջիկա օրերին Եվրասիական միությունում կգործարկվի «Ճանապարհորդում եմ առանց Covid-ի» փորձնական նախագիծը, իսկ նախագծին մասնակցելու համաձայնություն են տվել Ռուսաստանը, Հայաստանն ու Բելառուսը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Covid թեստերի տվյալների միասնական բազա է ստեղծել. երբ ուղեւորը թեստ հանձնի լաբորատորիայում, արդյունքներն անմիջապես կուղարկվեն բազա, եւ այդ տվյալները կկարողանան տեսնել սահմանային հսկողության ծառայողները։
ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑԱԾ Է
Ապրիլի 7-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումով պայմանավորված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում. հայտնել է վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը։ Նա նաեւ նշել է, որ, բացի անձնական ընդունելություններից եւ հանրային միջոցառումներից, վարչապետը աշխատում է պլանային օրակարգով։