Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո մտավորականներից եւ այլ ոլորտների ներկայացուցիչներից կազմված խումբը նախաձեռնություն էր ստեղծել եւ պարբերաբար հավաքներ էր անցկացնում՝ քննարկելով այս իրավիճակից դուրս գալու ելքերը: Տեւական ժամանակ է, սակայն, հավաքներ չեն անցկացվում: Դիրիժոր Երվանդ Երզնկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ նախաձեռնության կազմում առկա անձանցից ոչ բոլորի մոտ են նույն քաղաքական հայացքները, ինչն էլ հասցրել է նրան, որ այդ նախաձեռնությունն այլեւս չկա:
Հանդիպումների ժամանակ մշակույթի եւ գիտության գործիչներն արձանագրում էին, որ փաստաթղթի հիմնական բովանդակությունն է օրվա իշխանությունների ու պսեվդողեկավար վարչապետի օր առաջ հրաժարականը՝ առավել եւս քաջ գիտակցելով, որ հունվարի 11-ին եւս մեկ խայտառակ էջ է գրվել հայոց պատմության մեջ։ Ավելին, ելույթ ունեցողներից շատերը հայտարարեցին, թե միայն խոսելը, նամակ գրելը եւ ստորագրելը արդյունավետ միջոց չէ, անհրաժեշտ է կազմել գործողությունների հստակ քայլերի ծրագիր:
Սակայն այդ հանդիպումներից տեւական ժամանակ անց տեսնում ենք, որ մտավորականների հավաք այլեւս չկա, 17 ուժերի պայքարը եւս մարել է, Բաղրամյան ու Դեմիրճյան փողոցներն էլ բաց են: Այս ամենին զուգահեռ իշխանություններն արդեն իսկ նախապատրաստվում են հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Հետաքրքիր է՝ դրան ընդառաջ ինչպես են պատրաստվում դիրքավորվել մտավորականները, կամ արդյոք առաջիկայում նրանք կրկին կհավաքվեն, թե որոշել են մնալ ստվերում: Այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանի հետ: Վերջինս եւս մյուս մտավորականների հետ պարբերաբար հավաքների եւ հանդիպումների էր մասնակցում:
-Պարո՛ն Երզնկյան, 2020 թվականը բարդ տարի ստացվեց: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է պետք անել այս ամենից հետո:
-Այս տարի պետք է ամեն ինչ փոխվի: Ինձ թվում է՝ մեր ժողովուրդը պետք է հասկանա, թե ուր է գնում, ում հետ է գնում, եւ դա ճիշտ է, թե ոչ: Ժողովուրդը պետք է մեկ անգամ էլ ընտրություն կատարի, եւ ես հուսով եմ, որ դա կավարտվի դրական: Մեր ժողովուրդը պետք է հասկանա, թե ինչ է կատարվում:
-Մտավորականները եռակողմ հայտարարությունից հետո հաճախ հավաքվում, քննարկումներ էին ունենում: Հիմա այլեւս նման հավաքներ չենք տեսնում. ինչու՞:
-Դա նրանից է, որ այդ 17 ուժերի մեջ տարբեր մարդիկ կան: Եվ մի մարդը, որ կանգնած է մի ուժի կողքին եւ մյուս մարդկանց կողքին տեսնում է մեկ ուրիշին, փորձում է տանը նստել դեռ: Դա է խնդիրը: Թե չէ մտավորականները, ճիշտ է, հիմա պասիվ են, բայց դա նրանից է, որ մենք շատ ենք հիասթափված, շատ ենք խաբվել եւ հիմա չգիտենք՝ ինչ պետք է լինի:
-Ումի՞ց եք խաբվել, տարբեր իշխանությունների՞ց:
-30 տարվա ճանապարհ ենք գնացել եւ ինչ-որ բանի չենք հասել, հասկանո՞ւմ եք: Բոլոր դեպքերում պարտվել ենք, եւ այդ պարտությունը մեզ դեպրեսիայի մեջ է գցել: Հասկանում ես՝ պետք է գնալ միտինգների, բայց չես գնում, ես էլ չեմ գնում:
-Դուք եղել եք Երեւանի ավագանու անդամ ՀՀԿ խմբակցությունից: Ստացվում է՝ կուսակցական եք եղել:
-Ես երբեք կուսակցական չեմ եղել: Ես միշտ զբաղվել եմ կուլտուրային վերաբերող հարցերով եւ չեմ կարծում՝ սխալ բան եմ արել: Հիմա իմ պասիվությունը պայմանավորված է նրանով, որ ես աշխատում եմ: Ես զբաղված եմ իմ աշխատանքով, իմ ուսանողներով:
-Իսկ ընտրություններին ընդառաջ ակտիվ կլինե՞ք:
-Թող այդ շրջանը գա, ես չեմ կարող ակտիվ չլինել:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԶԱՐՅԱՆԸ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատանքային մթնոլորտը գնալով լարվում է: 2021 թվականի հունվարի 18-ին, երբ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյան նշանակվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար, կամայական որոշումներ են կայացվում մի շարք ոլորտներում։ Դրանց հերթով անդրադառնալու ենք: «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգեր է ստացել, այսպես ասած, «ֆեյքերի ՊՈԱԿ» -ի աշխատակիցներից, որ աշխատավարձը ուշացվել է: Այդ ուշացումը վարչապետին կից պետական ոչ առեւտրային կազմակերպության աշխատակիցները կապում են հենց Արսեն Թորոսյանի հետ, որը մարդկանց անհիմն ազատումների հրահանգներ է տվել, մի ողջ բաժիններ փակելու պահանջներ ներկայացրել: Վերջին շրջանում ՊՈԱԿ-ում լարված են աշխատում գրեթե բոլորը, քանի որ հախուռն, անձնավորված հրահանգները հոգնեցրել են արդեն բոլորին: Արսեն Թորոսյանին ով դուր չի գալիս, միանգամից պահանջում է ազատել: «Ժողովուրդ» օրաթերթի ստացած տեղեկությունների համաձայն՝ ՊՈԱԿ-ի հիմնական աշխատանքային երկու ուղղությունններից՝ վերլուծական եւ ստեղծագործական, Թորոսյանը դժգոհ է հատկապես վերլուծական բաժնից։ Մեզ փոխանցեցին, որ կոնֆլիկտային իր բնավորությամբ հայտնի (մամուլն այդ մասին շատ է գրել) Թորոսյանը թիրախավորում է մարդկանց, հրահանգում պիտակավորել, վարկաբեկել նրանց համացանցում «ֆեյքեր»-ով եւ ՊՈԱԿ-ի ազդեցության տակ գտնվող անհայտ ծագման «ֆեյք» կայքերով: Թեեւ հաճախ դա անում է վարչապետի անունից, բայց անգամ ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլի Մինասյանը մի քանի անձերի մասով արդեն հասցրել է ճշտել վարչապետից, որ նա տեղյակ չի եղել Թորոսյանի ինքնագործունեությունից: Մի խոսքով, Թորոսյանն իրեն ազատություն է շնորհել. տեսնենք` մինչեւ ուր կհասնի, քանի որ մի պաշտոնյա էլ կար վարչապետի շրջապատում, նույնկերպ էր իրեն դրսեւորում, սկանդալով հեռացվեց:
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ
Կորոնավիրուսի համավարակի պատճառով հոլանդական Ռոտերդամ նավահանգստային քաղաքում մայիսի 18-22-ը 41 երկրի կատարողների մասնակցությամբ կայանալիք «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթին ներկա կգտնվի սահմանափակ թվով հանդիսատես. գրում է Reuters-ը։ Ինչպես մանրամասնում է գործակալությունը, մրցույթի փորձերին, կիսաեզրափակիչներին եւ եզրափակչին կկարողանա մասնակցել Նիդեռլանդներում բնակվող առավելագույնը 3500 մարդ։ Նշվում է նաեւ, որ մրցույթի մասնակիցները, ինչպես նաեւ երկրպագուները պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն։ Հիշեցնենք, որ համաճարակի պատճառով 2020 թվականին չեղարկված «Եվրատեսիլ» մրցույթն այս տարի տեղի կունենա մայիսի 18-22-ը Ռոտերդամում։ Նշենք, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին։ «Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը եւ այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,- հայտարարել էր Հանրային հեռուստաընկերությունը։
ՎԱՐԱԿՎԵԼ Է
Դերասան, հաղորդավար Թելման Խաչատրյանը վարակվել է COVID-19-վ, երկկողմանի թոքաբորբ ունի։ Նա պատմել է հիվանդության ընթացքի, բարդությունների եւ նկարահանումները կիսատ թողնելու մասին։ Թելմանի խոսքով՝ շատ ծանր է եղել հատկապես հոտի զգացողության կորուստը: «Ես հոտերի հանդեպ շատ զգայուն եմ, շատ եմ սիրում անուշ բույրեր։ Չեմ պատկերացնում՝ ինչպես կարող եմ չզգալ իմ օծանելիքի բույրը։ Համի բացակայությունն ինձ համար այնքան ծանր չէր, որքան հոտինը։ Շատերի մոտ համն ու հոտը երկար ժամանակ չեն վերականգնվում, վախեցել էի։ Լավ է՝ ինձ մոտ շուտ վերականգնվեց։ Գիշերը ժամը երկուսին քնիցս արթնացա, քանի որ հոտ զգացի։ Ուրախությունից բոլորին արթնացրի»,-պատմել է նա: Դերասանը հայտնել է, որ թեստի դրական պատասխանից հետո 6 օր է՝ մեկուսացել է իր սենյակում։ «Շատ էի վախենում ընտանիքիս անդամներին, հատկապես՝ տատիկիս վարակելուց, բայց նրա թոքերը նկարեցինք, թեստ հանձնեց, բացասական էր։ Տանը միայն լոգարանից եմ օգտվում, այն էլ՝ դիմակով, ախտահանիչ միջոցներով։ Հետաքրքիր է՝ մինչեւ քո դուռը չի թակում, չես հասկանում վտանգը»,- պատմել է դերասանը:
ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
Դորտմունդի «Բորուսիայի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն դեռ վերականգնվում է վնասվածքից հետո, որը ստացել էր մարտի սկզբին։ 21-ամյա ֆուտբոլիստն ամենայն հավանականությամբ բաց կթողնի անգլիական Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթիի» հետ դիմակայությունը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում, որը տեղի կունենա ապրիլի 6-ին. հաղորդում է The Athletic-ը։ Ջեյդոն Սանչոն չի մասնակցել «Բորուսիայի» մարզմանը ապրիլի 4-ին։ Սպասվում է, որ նա պատրաստ կլինի պատասխան հանդիպմանը, որը տեղի կունենա ապրիլի 14-ին։ Ջեյդոն Սանչոն «Մանչեսթեր Սիթիի» սան է:
ԿԽԱՂԱՆ ԱԿՈՒՄԲՈՒՄ
Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի 33-ամյա կիսապաշտպան Անխել Դի Մարիան խոսել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մասին՝ հույս հայտնելով, որ մի օր միասին կխաղան նույն ակումբում։ «Ամբողջ կարիերայիս ընթացքում տեսածս ամփոփելով՝ ես կարծում եմ, որ Մեսին այլ մոլորակից է։ Հրաշալի կլիներ մի օր դառնալ նրա ակումբակիցը։ Հիմա նա պայմանագիր ունի «Բարսելոնայի» հետ։ Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում։ Ես շատ եմ խոսում նրա հետ եւ միշտ ասում եմ, որ գլխավորը երջանկությունն է եւ նրա ընտանիքի բարօրությունը։ Դժվար է որեւէ այլ բան ավելացնել»,- ասել է Դի Մարիան: Դի Մարիան ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականի հունիս։
ՎԱՐԱԿՎԵԼ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կոտդիվուարցի պաշտպան Էրիկ Բային վարակվել է կորոնավիրուսով. հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ 26-ամյա ֆուտբոլիստի թեստը դրական պատասխան է տվել Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարում Նիգերի թիմի դեմ Կոտ դ’Իվուարի հավաքականի խաղից հետո։ Այդ հանդիպումը տեղի էր ունեցել դեռ մարտի 26-ին։ Էրիկ Բային դեռ չի վերադարձել Մեծ Բրիտանիա։ Էրիկ Բային այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, կատարել է 1 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022թ. հունիս։