ArmLur.am-ը ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի հետ զրուցել է երկրում տեղի ունեցող իրադարձությունների, առկա խնդիրների ու դրանց լուծման հնարավոր ուղիների եւ իր գործունեության մասին:
-Պարո՛ն Գրիգորյան, պատերազմից անցել է շուրջ 6 ամիս, ի՞նչ ունենք այսօր:
-Ինձ համար պատերազմը չի վերջացել, մենք ամեն օր պատերազմի մեջ ենք, ուղղակի ինչ-որ մի համաձայնագիր է ստորագրվել, եւ մենք ամեն օր ենթարկվում ենք բարոյական եւ մեդիա գրոհների: Այսօր մենք, զինվելու փոխարեն, զբաղված ենք չգիտեմ ինչով: Անորոշություն է, անտերության զգացում կա, սպասում ենք, թե երբ պետք է վերջանա այս մղձավանջը: Ես կարծում եմ, որ արդեն պետք է վերլուծվեր, թե ինչ կատարվեց պատերազմի ընթացքում, ինչ էր եղել մինչեւ պատերազմը: Ռազմական գործողությունների դադարից հետո, իմ կարծիքով, պետք է վերլուծությունների շարք լիներ, որպեսզի դասեր քաղեինք եւ փորձեինք հնարավորինս շուտ ոտքի կանգնել: Ես ավելի շատ տեսնում եմ ինչ-որ արդարացումներ, իրար մեղադրանքների տեղատարափ: Ես կարծում եմ՝ ռազմական գործողությունների դադարից հետո արտահայտել եմ իմ միտքը, որ վարչապետը պետք է հրաժարական տար, ինչը բանական երեւույթ էր: Դա ոչ իմ պահանջով էր, դա մի երեւույթ էր, որը պետք է ինքանբերաբար տեղի ունենար, եւ Ազգային ժողովը ձեւավորեր մի նոր կառավարություն, որը լիներ անցումային, քանի որ մենք հիմա գտնվում ենք ծանր, անորոշ վիճակում: Իսկ եթե լիներ ժամանակավոր կառավարություն, ապա այս վիճակը կկարողանայինք հաղթահարել: Ես զարմանում եմ, թե ինչպես կարող ենք կառավարության նիստերին քննարկել խաղահրապարակների մասին հարց, այսինքն՝ ամեն ինչ վերջացա՞վ: Կառավարությունը պետք է զբաղվեր կարեւոր օրակարգային հարցերով, առաջնային զբաղվեր գերիների հարցով: Մեզ պետք է աննախադեպ սպառազինություն, կռիվը չի վերջացել, լավ այս կերպ ո՞ւր ենք գնում: Ինձ համար անհասկանալի եւ տարօրինակ են այն բոլոր գործողություններն, ինչ անում են այս կառավարությունն ու Ազգային ժողովը:
-Երկրում սոցիալ-տնետեսական, քաղաքական ճգնաժամը գնալով խորանում է, կառավարությունը դրա հետ մեկտեղ պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների: Ձեր կարծիքով՝ մեզ խորհրդարանան ընտրություններ այս փուլում պե՞տք են: Ըստ Ձեզ՝ արդյոք քաղաքացիները պատրա՞ստ են լսել քաղաքական, քարոզչական ելույթներ:
-Ես կարծում եմ, որ դա շատ ավելի հեշտ կլիներ, եթե ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո ստեղծվեր անցումային կառավարություն, առանց ներքին լարվածության, եւ չէին լինի ուղղորդված, իսկ հիմա չգիտես, թե ինչ կլինի: Հիմա այս անորոշ վիճակում դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարող են առհասարակ տեղի ունենալ ընտրություններ: Մենք չենք ոչնչացել. ճիշտ է. այս փուլում պարտություն ենք կրել, բայց պետք է ոտքի կանգնենք, մեր մեջքը ուղղենք, զինվենք եւ մտածենք միայն հաղթանակի մասին: Մեր ժողովուրդը պետք է արթնանա եւ տեսնի ամենակարեւոր խնիրները, քանի որ կանգնել ենք պետության կորստի առաջ: Այսօր մեր գոյության հարց է դրված, հո ամեն ինչ ընտրություններով չէ՞ պայմանավորված: Մեզ ամուր ոտքեր են պետք նորից կանգնելու եւ պայքարելու համար:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՋԱԶԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ՝ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳՈՒՄ
Ջազի միջազգային օրը՝ ապրիլի 30-ին, համերգներ կկազմակերպվեն Սիրահարների այգում: Ելույթներ կունենան ջազմեններ Լեւոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Կարեն Մամիկոնյանը եւ բազմաթիվ այլ կատարողներ: Ելույթները միաժամանակ մի քանի հարթակում կլինեն:
Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը հիշեցնում է՝ 2011-ից հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար Հերբի Հենկոկի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 30-ը հռչակել է Ջազի միջազգային օր: Արդեն 10-ը տարի է՝ Ջազի միջազգային օրվան միացել է նաեւ Հայաստանը:
«Ջազի միջազգային օրը բազմաթիվ ջազ լեգենդներ են եկել Երեւան` բասկիթառահար Ռիչարդ Բոնանը, սաքսոֆոնահար Չիկո Ֆրիմանը, «Գրեմմիի» քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան, դաշնակահար, կոմպոզիտոր Սերգեյ Մանուկյանը: «Այդ օրը սովորաբար ջազ աստղերը պահանջված են լինում ամբողջ աշխարհում: Այնպես որ, նրանց Հայաստան բերելը հեշտ չի եղել: Պատահել է, որ այցին նախորդել են երկար ու դժվար բանակցությունները: Բասկիթառահար Ռիչարդ Բոնանի հետ բավականին երկար բանակցություններ էին ընթանում, քանի որ չգիտեր՝ որտեղ է Հայաստանը, ինչ երկիր է»,-հիշում է Կամո Մովսեսյանը:
Երբ բասկիթառահարը եկել է Հայաստան, ծանոթացրել են ճարտարապետական գոհարներին, հայկական խոհանոցին, ջերմ հյուրընկալությանը: Մեկնելուց առաջ երաժիշտն ասել է, որ չէր կարող պատկերացնել, որ այսպիսի փոքր երկիրը կարող է նման հարուստ մշակութային ժառանգություն ունենալ: Նա բացահայտել է Կոմիտասի երաժշտությունը եւ թույլտվություն է խնդրել Կոմիտաս կատարել:
Երեւանում ելույթի ժամանակ ներկայացրեց Կոմիտասի «Լորիկը»՝ իր մեկնաբանությամբ: «Այդ ելույթը առիթ դարձավ, որ Երեւան հրավիրենք նաեւ Ջազի միջազգային օրը»:
Այս տարիների ընթացքում Երեւանում Ջազի միջազգային օրը հատուկ տոնի է վերածվել: Երեւանից բացի, հասել է նաեւ Գյումրի: Ջազի հայկական ասոցիացիայի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Մկրտիչ Մանուկյանը «Ջազը թանգարանների բակում» նախաձեռնությամբ 4 օր Գյումրու թանգարանների բակերում ջազի համերգներ էր կազմակերպում: Հանգամանքը նկատել են նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջազի գրասենյակում: Ղեկավար Հերբի Հենկոկի կողմից շնորհակալական նամակ են ուղարկել Ջազի հայկական ասոցիոցիային: Շնորհակալություն են հայտնել, որ Հայաստանը միացել է Ջազի միջազգային օրվան եւ այդպիսի շուքով է նշում` նպաստելով ջազի տարածմանը:
ՈՒԺԵՂ Է ԳՏՆՎԵԼ
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Գոլդեն Սթեյտը» հյուրընկալվելիս 107:96 հաշվով ուժեղ է գտնվել «Ֆիլադելֆիայից»: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ստեֆեն Կարին, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 49 միավոր: Նա գրանցել է 3 միավորանոց 10 դիպուկ նետում: Գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսն» առանց Լեբրոն Ջեյմսի 97:111 հաշվով տնային պարտություն է կրել «Յուտայից»: Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացված Ժոզե Մոուրինյոն տեսանյութ է հրապարակել Ինստագրամում: Պորտուգալացի մասնագետը ցուցադրել է, թե որքան լրագրողներ են նրան հետեւում փողոցում: «Նրանք ինձ թույլ չեն տալիս առանձնանալ: Նույնիսկ իմ ընկեր Գարին (Sky Sports-ի լրագրող Գարի Կոտերիլ) անհանգստացնում է ինձ: Սա իմ կյանքն է»,- տեսանյութում ասել է Մոուրինյոն: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մոուրինյոն ապրիլի 19-ի առավոտյան հրաժարվել է թիմին դուրս բերել մարզման՝ այդկերպ «Տոտենհեմին» իր դժգոհությունը հայտնելով Սուպերլիգային միանալու կապակցությամբ:
58-ամյա Մոուրինյոն 2019-ի նոյեմբերից է գլխավորում անգլիական ակումբը, որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2022/23 մրցաշրջանի ավարտը: Նրա գլխավորությամբ «Տոտենհեմը» բոլոր մրցաշարերում անցկացրել է 86 հանդիպում, տարել 44 հաղթանակ, կրել 23 պարտություն ու գրանցել 19 ոչ-ոքի: Պայմանագրի համաձայն՝ «Տոտենհեմը» պորտուգալացուն 15 միլիոն ֆունտ ստերլինգ կվճարի համաձայնագրի ավարտից շուտ նրանից բաժանվելու համար:
ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ
Մինչ բազմաթիվ անվանի նախկին ֆուտբոլիստներ քննադատում են Սուպերլիգա հիմնադրելու գաղափարը, Անգլիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ուեյն Ռունին կոչ է արել չշտապել այդ հարցում: «Այդ ակումբները ղեկավարող մարդիկ հիմար չեն: Պետք է սպասել ու տեսնել, թե ինչպիսին են նրանց ծրագրերը: Չեմ կարծում, որ ակումբային մրցումներից բաժանվելը հրաշալի գաղափար է, սակայն եկեք սպասենք ու տեսնենք, թե ինչպիսի առաջարկներ կլինեն: Կցանկանայի խոսել «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, քանի որ երկար տարիներ խաղացել եմ այնտեղ: Ամենաքիչը նրանք կցանկանային վտանգել իրենց երկրպագուների հետ հարաբերությունները: Ակումբը կցանկանա գայթակղել նրանց: Եկեք սպասենք»,- նախկին հարձակվողի խոսքը մեջբերում է BBC-ն: