ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախնական եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում փոփոխություն կատարելու մասին նախագիծ:

 

Նախագծով սահմանվել է նոր մոտեցում, որով նախատեսվում է, որ մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվում այն հավակնորդը, ով հավաքել է խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության կողմ ձայներ: Գործող կարգով սահմանված է, որ մրցույթում հաղթող է ճանաչվում այն հավակնորդը, որը ստացել է  քվեարկությանը մասնակցած խորհրդի անդամների կեսից ավելի կողմ ձայներ: Ըստ այդմ` խորհուրդը կարող էր ընտրել մեկից ավելի հավակնորդների, եւ այդ դեպքում լիազոր մարմնի ղեկավարը հաղթած հավակնորդներից մեկի հետ սահմանված կարգով կնքում էր պայմանագիր: Նոր փոփոխությամբ խորհրդի կողմից կընտրվի մեկ թեկնածու, կամ հաղթող չի ճանաչվի, եւ կհայտարարվի նոր մրցույթ: Առաջարկվող նոր կարգավորմամբ քոլեջի եւ ուսումնարանի տնօրենի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց առնվազն երեք ամիս առաջ հրապարակվում է հաստատության տնօրենի մրցույթի վերաբերյալ հայտարարությունը: Այլ հանգամանքներով պայմանավորված՝ տնօրենի թափուր տեղ առաջանալու դեպքում մրցույթը հայտարարվում է երեք ամսվա ընթացքում: Այս դեպքում տվյալ հաստատության տնօրենի տեղակալը կարող է նշանակվել տնօրենի պարտականությունները կատարող: Կարող է նշանակվել նաեւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, եթե նշանակվող անձն ունի հավաստագիր: Ներկայում գործող կարգով ժամկետներ սահմանված չեն. տնօրենի թափուր տեղի համալրման մրցույթը հայտարարվում է միայն տնօրենի պաշտոնը թափուր դառնալուց հետո: Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կընձեռի մինչեւ թափուր տեղ առաջանալն ընտրել նոր տնօրեն եւ խուսափել ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու գործելաոճից: Նախագծով սահմանվել է հայտարարության ձեւ, որում հստակ նշվում են տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար պարտադիր պահանջները եւ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, որոնք հավակնորդը պետք է ներկայացնի լիազոր մարմին:Առաջարկվող հիմնական փոփոխությամբ հավակնորդը փաստաթղթերը կարող է ներկայացնել նաեւ էլեկտրոնային եղանակով, ինչպես նաեւ հնարավորություն է ընձեռված պակաս փաստաթղթերը համալրել մինչեւ հայտարարությամբ նախանշված ընդունման վերջին օրը: Մրցույթն անցկացվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո` յոթերորդ աշխատանքային օրը: Նոր նախագծով սահմանվել է զանգվածային լրատվության միջոցների եւ հասարակական կազմակերպությունների մասնակցությունը: Մրցույթի հայտարարությունը հրապարակվելու օրվանից մինչեւ փաստաթղթերի ընդունման վերջին օրը հասարակական կազմակերպությունները կամ զանգվածային լրատվության միջոցներն իրենց ներկայացուցիչներին որպես դիտորդ գրանցելու համար կարող են պաշտոնապես դիմել լիազոր մարմնին՝ նշելով հասարակական կազմակերպությունը ներկայացնող անձի կամ լուսաբանող լրագրողի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաեւ կցելով կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը, վերջին երեք տարվա գործունեության հակիրճ նկարագրությունը: Գրանցված դիտորդները պարտավոր են մրցույթն սկսվելուց առնվազն 20 րոպե առաջ ներկայանալ մրցույթի անցկացման վայր՝ խորհրդի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ եւ լիազոր մարմնի թույլտվությունը: Դիտորդը խորհրդի աշխատանքներին հետեւելիս պարտավոր է պահպանել չեզոքություն, չմիջամտել ու չխոչընդոտել խորհրդի աշխատանքներին, մրցույթի անցկացման վայրում զբաղեցնել դիտորդի համար նախատեսված տեղը՝ պահպանելով լռություն: Մրցույթի նախապատրաստական աշխատանքները կազմակերպում է լիազոր մարմնի` նախարարության անձնակազմի կառավարման ստորաբաժանումը: Նախագծով սահմանվել է, որ տնօրենի մրցույթի հայտարարումից հետո խորհրդի անդամների փոփոխություն չի կատարվելու: Գործող կարգով այս սահմանափակումը չկա: Հստակեցվել են խորհրդի լիազորությունները մրցույթի անցկացման աշխատանքների կազմակերպման հարցում: Տվյալ հաստատության խորհրդի նախագահը մրցույթից մեկ շաբաթ առաջ անձնակազմի կառավարման ստորաբաժանումից հանձնման-ընդունման ակտով ընդունում է մրցույթին մասնակցելու համար դիմած հավակնորդների ցուցակը եւ փաստաթղթերի փաթեթը: Առավելագույնը երկու օրվա ընթացքում նա հավակնորդների ներկայացրած զարգացման ծրագիրը տրամադրում է խորհրդի անդամներին: Եթե տվյալ հաստատության կառավարման խորհրդի անդամը ցանկություն ունի մասնակցել հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթին, ապա մինչեւ մրցույթի ավարտը խորհրդում նրա լիազորությունը կասեցվում է: Եթե սահմանված ժամկետում հավակնորդներից ոչ ոք չի ներկայացել, ապա խորհուրդն ընդունում է մրցույթը չկայացած համարելու մասին որոշում, որն ուղարկվում է լիազոր մարմնի ղեկավարին: Սահմանված ժամկետում հայտարարվում է նոր մրցույթ:Նախագծի վերաբերյալ շահագրգիռ անձինք եւ կազմակերպություններն իրենց դիտողություններն ու առաջարկները կարող են ներկայացնել մինչւ 2021թ.մայիսի 21-ը:

 

 

 

ԿՀԱՆԴԻՊԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

«Միացյալ Հայաստան» կուսակցությունը շարունակում է հանդիպումների շարքը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միացյալ Հայաստան» կուսակցությունը: Հավատալով այն փաստին, որ երիտասարդությունն այսօր ունակ է սեփական գաղափարներով երկիրը տանել զարգացման ուղիով, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը որոշել է նրանց հետ քննարկել մեր երկրի ներկա մարտահրավերները՝ պայմանավորված երկրում ընթացող քաղաքական եւ տնտեսական ոչ կայուն գործընթացներով, եւ երիտասարդների հետ միասին իրականացնել արդյունավետ բարեփոխումներ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվելու մի շարք ոլորտների՝ կրթություն, գիտություն, տնտեսություն, մշակույթ, սպորտ եւ այլն։ Փորձելու է վեր հանվել ոլորտներում առկա խնդիրները, լսել երիտասարդների տեսակետներն ու առաջարկած գաղափարները։ Երվանդ Թարվերդյանի գլխավոր թեզերից է՝ Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուրի համար պետք է դառնա արժանավայել կյանքով ապրելու հնարավորությունների երկիր։ Հանդիպումը կայանալու է մայիսի 7-ին՝ ժամը 19:00-ին, «Մարրիոթ Արմենիա» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում։

 

 

ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՆԵՐՔՈ ԵՆ

Սյունիքի մաքսային պահեստներում ստուգումները վաղուց են իրականացվել, եւ դրանք մշտական գտնվել են դիտարկման ներքո: Այս մասին  նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ այդ ամենը չի հետեւել Սյունիքի իրադարձություններին, պարզապես լրագրողներն են կապում դրանք նշված իրադարձությունների հետ (երբ վարչապետի այցի ընթացքում նրա տեղաշարժը փորձել էր խոչընդոտել քաղաքացիների մի խումբ): «Մաքսային պահեստը պետք է համապատասխան լինի օրենքով սահմանված պահանջներին եւ չափանիշներին: Ստուգումներ իրականացվել են, մենք նշել ենք, որ ոչ միայն Ագարակի տերմինալի գործունեության թույլտվությունն է դադարել, այլ նաեւ դադարեցվել է ուրիշ մաքսային պահեստի գործունեություն, որը չի համապատասխանել մաքսային կարգավորման մասին օրենքին»,- ասել է Է. Հովհաննիսյանը: Այն հարցին, թե ինչով կարող է ապացուցել, որ սա քաղաքական ճնշում չէ Մեղրիի քաղաքապետի նկատմամբ, ՊԵԿ նախագահը նկատել է, որ հնչեցված հարցադրումներից արդեն պարզ է, որ հակառակ կարծիքը դժվար է համոզել: «Հանրությանն էլ համոզելու կարիք չեմ տեսնում: Ես պատասխանեցի ձեր հարցերին, մեկնաբանեցի մեր գործողությունները: Իսկ տվյալ պահեստի տարածքում բեռնաթափվել են ապրանքները, մաքսազերծվել են, այս պահին այս գործողություններն իրականացվում են Մեղրիի մաքսային կետում, այնտեղ կա նեւ այլ մաքսային պահեստ»,- ասել է  նա՝ ավելացնելով, որ նկատված խախտումների մասին մշտապես հանրությանը տեղեկացրել են:

 




Լրահոս