Լուսանկարն արվել է Աբովյան փողոցում
Հետիոտնի համար նախատեսված վայրում կայանած այս մեքենայի վրա գրված է` վաճառվում է։
Կարելի է ենթադրել, որ վարորդը ավտոշուկան շփոթել է մայրաքաղաքի կենտրոնական փողոցի հետ։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ովքեր ունեն պետական նպաստի իրավունք:
Զարուհի Կիրակոսյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Պետական նպաստի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող եւ բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով դիմում է փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)` ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի անապահովության բնութագրիչների մասին ամբողջական տվյալները հավաստող փաստաթղթեր:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե ինչպիսի իրավական հետեւանքներ է առաջացնում որդեգրումը: Եվ խնդրում եմ ասել՝ որքան է կազմում որդեգրման պետական տուրքի դրույքաչափը:
Հայկուհի Մելքոնյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ որդեգրված երեխաներն ու նրանց սերունդը՝ որդեգրողների եւ նրանց ազգականների նկատմամբ, իսկ որդեգրողներն ու նրանց ազգականները որդեգրված երեխաների ու նրանց սերնդի նկատմամբ իրենց անձնական ոչ գույքային եւ գույքային իրավունքներով ու պարտականություններով հավասարեցվում են ծագումով ազգականներին։
Որդեգրվածներն իրենց ծնողների (ազգականների) նկատմամբ կորցնում են անձնական ոչ գույքային եւ գույքային իրավունքները եւ ազատվում են պարտականություններից։ Որդեգրված երեխայի հարաբերությունները ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ պահպանելու մասին նշվում է երեխային որդեգրելու մասին դատարանի վճռի մեջ։
Նորածին երեխա որդեգրած կինն ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հետծննդյան արձակուրդի եւ սահմանված այլ արտոնությունների իրավունք։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրման պետական գրանցման՝ ներառյալ վկայական տալու համար պետական տուրք չի գանձվում։ Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից որդեգրման պետական գրանցման՝ ներառյալ վկայական տալու համար գանձվում է պետական տուրք՝ 30000 ՀՀ դրամ:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այն դեպքում, երբ որդեգրվող երեխայի ծննդյան ակտային գրանցումը գտնվում է մեկ այլ ՔԿԱԳ մարմնում, որդեգրումը գրանցող ՔԿԱԳ մարմինը մեկօրյա ժամկետում հարցում է կատարում ծննդի գրանցման վայրի ՔԿԱԳ մարմին ակտային գրանցման պատճենը ստանալու համար։