Ընտրություններում ստանալով իշխող քաղաքական թիմի ակնկալած պողպատե մանդատը, իշխանությունները համակարգային վեթթինգ կիրականացնեն: Երեկ լրագրողների հետ զրույցում այս մասին վստահեցրել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը: Նա այսպես արձագանքեց քաղաքացիական հասարակության այն քննադատությանը, թե հեղափոխությունից հետո վեթինգի գործընթացը տապալվել է:
«Մենք վեթինգ արել ենք, արել ենք այն վեթինգը, որը որ թույլ էր տալիս անել ՀՀ Սահմանադրությունը, եւ ավելի համակարգային վեթինգ նախընտրական ծրագրով նախատեսված է, կարծում եմ՝ առաջիկայում այդ աշխատանքները նոր ձեւավորած կառավարությունը կկատարի։ Դա ենթադրում է սահմանադրական փոփոխություններ, մեր նախընտրական ծրագրում գրված է՝ կոնկրետ ինչ ուղղություններով, եւ միանշանակ է, որ համակարգային վեթինգ Հայաստանի Հանրապետությունում լինելու է»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշել էր Ռուստամ Բադասյանը։
Ընտրություններից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրավիրած հանրահավաքում ապօրինի գույք ունեցողներին առաջարկեց վերադարձնել թալանածը: «Կոչ եմ անում սկսել բանակցություններ գողացվածը վերադարձնելու վերաբերյալ, որը կծառայի ՀՀ սոցիալ-տնտեսական օրակարգի սպասարկմանը»: Ապա Նիկոլ Փաշինյանը սկսեց քաղաքական բանակցություններ այն ուժերի հետ, որոնք պատրաստ են համագործակցության, հոգեւոր երկխոսության կոչ արեց հոգեւոր առաջնորդներին:
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին՝ Բադասյանը նշեց. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի կիրառման մասին էլ ասաց, որ շուրջ երկու տասնյակ գործեր գտնվում են ամփոփման փուլում, կան որոշ միջանկյալ դատական ակտեր, որոնք վերաբերում են հայցի ապահովմանը։ «Այսինքն՝ երբ որ արգելանք է դրվում գույքի վրա, իմ տեղեկություններով, բավական մեծ չափի գույքերի մասին է խոսքը գնում։ Հիմա այդ գործիքը, այո, միանշանակ այն գործիքներից է, որը մենք անցած տարիների ընթացքում ներդրել ենք։ Ձեւավորել ենք ստորաբաժանում, ինստիտուցիոնալ մոտեցում ենք ցուցաբերել, չենք փորձել ուղղակի գույքն ամեն գնով վերադարձնել, այլ փորձել ենք այնպիսի մարմիններ ստեղծել, այնպիսի օրենսդրական բազա ստեղծել, որ վերջական արդյունքում որեւէ կասկած չհարուցի, որ մենք չենք միջամտում սեփականության իրավունքին, այլ պետական բյուջե է վերադառնում այն, որը որ պետք է լիներ պետական բյուջեինը»։
Նկատենք՝ վեթթինգի մասին իշխանությունները խոսել էին թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո, սակայն այն ձախողվեց: Ձախողվեց վեթինգի սպառնալիքը, դատարանները շրջափակելու միջոցով իրենց կամքը դատավորներին պարտադրելու վարչապետական հրամանը, Սահմանադրական դատարանը սեփականացնելու պլանը:
Բացի այդ, «Մարտի 1»-ի գործով հակակոռուպցիոն քաղաքականության, դատաիրավական մյուս բարեփոխումների հարցերում իշխանությունն ամբողջովին ձախողել է, ու տրամաբանական է սպասել ոլորտի պատասխանատուների աղմկոտ պաշտոնանկություններ։ Այս հարթության վրա պետք է կատարվի նաեւ շատ լուրջ քննություն՝ պարզելու համար, թե ինչն է եղել ձախողումների պատճառը՝ արդյոք գործ ունենք պատկան մարմինների ոչ բավարար պրոֆեսիոնալիզմի հետ:
Իշխանություններն անգամ ձեռնամուխ եղավ հակակոռուպցիոն դատարանների ստեղծմանը: Ե՛վ հակակոռուպցիոն դատարանի, ե՛ւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար, այլ դատավորների համեմատությամբ, նախատեսվեց ավելի բարձր աշխատավարձ, սակայն արդյունքը դեռ չենք տեսնում: Իսկ 2020 թվականի սեպտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել են 201 քրեական գործերի վերաբերյալ նյութեր՝ 430 անձի՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելիության վերաբերյալ:
Ն.Հ.
ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վարչապետի հասցեին կոպիտ արտահայտություններ հնչեցնելու համար հերթական քաղաքացին հայտնվել է մեղադրյալի աթոռին: Խորեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սոցիալական կայքի իր էջում՝ հանրային հասանելի հարթակով, քաղաքական հայացքներով պայմանավորված՝ ՀՀ վարչապետի նկատմամբ 2020 թվականի դեկտեմբերի 20-ին կատարել է բռնության գործադրելու հրապարակային կոչեր:
ԵՎՐՈՊԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները խորհրդարան չանցած ուժերի ներկայացուցիչների հետ: Նախօրեին նա հանդիպել է Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին: Նա ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե քննարկել են բազմաթիվ հարցեր: Խզմալյանը հանդիպման ժամանակ ասել է, որ անխուսափելի է եվրոպականացումը: Վերջինիս խոսքով՝ կառավարությունում որեւէ պաշտոն ստանալու մասին խոսք չի գնացել, սակայն կողմերը որոշել են, որ ամիսը մեկ անգամ գոնե պետք է նման քննարկում կազմակերպել:
ԱՃ Է ՍՊԱՍՎՈՒՄ
Նախընտրական քարոզարշավի հետեւանքով Հայաստանում սպասվում է կորոնավիրուսի տարածվածության որոշակի աճ: Այդ մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ ավելացնելով, որ նախորդ 7 եւ 14 օրերի համեմատականներն արդեն ցույց են տալիս վարակվածության մի փոքր աճ: «Իհարկե, պետք է ամեն ինչ անենք, որ այդ աճը չլինի կտրուկ, չլինի մեծ: Պատվաստումներն այս ընթացքում պիտի օգնեն, որ մենք խուսափենք նման աճից: Բայց, այո, իհարկե, նման տեղաշարժերի ակտիվացումը բոլոր մարզերով, Երեւան քաղաքով, իհարկե իր դերը խաղալու է»,- ասել է նախարարի պաշտոնակատարը: Ընտրությունների օրը, նրա խոսքով, ընտրական բոլոր տեղամասերում գործընթացը պատշաճ ձեւով էր կազմակերպված, եւ թե՛ քաղաքացիները, թե՛ ոստիկանությունը, թե՛ հանձնաժողովի անդամները խիստ կերպով դիմակ էին կրում:
ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ
Ռուսաստանն առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու գործում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Արտաքին գործերի նախարարը նշել է, որ Մոսկվան շատ բան է արել նաեւ Հարավային Կովկասում խաղաղ կյանքի վերականգնման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ: «Մենք շարունակում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ օգնել կողմերին իրար միջեւ վստահություն հաստատել, իրականացնել մարդասիրական նախագծեր», – հավելել է Լավրովը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաեւ Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս գյուղերը։
ԱՀԱԶԱՆԳԵԼ Է
Թուրքիայում գտնվող պատմական հայկական բնակավայրերում գանձ որոնող արկածախնդիրները վնասել են Կայսերիում գտնվող 18-րդ դարի Սուրբ Թորոս հայկական եկեղեցին: Դեպքի մասին ահազանգել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը: Եկեղեցու ներսում երկու մետրանոց փոս առաջանալու փաստի առթիվ Փայլանը Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին հասցեագրված հարցադրում է ուղարկել մեջլիս: Հարցադրման մեջ Փայլանը նշել է, որ հին հայկական եկեղեցին, չնայած որ այդ տարածաշրջանի պատմական ու մշակութային կարեւոր կառույցներից է, տասնյակ տարիների անուշադրության հետեւանքով մատնված է բախտի քմահաճույքին, իսկ այսօր դարձել է վանդալների ու գանձ որոնողների հարձակման թիրախ:
ԲՆԱԿԱՆՈՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ
«Իզմիրլյան» հիվանդանոցը հայտարարություն է տարածել. ««Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժաշխատողները շարունակում են բնականոն աշխատանքը եւ կատարում են իրենց առաքելությունը՝ ապահովելով մեր քաղաքացիներին անհրաժեշտ բուժօգնություն։ Երեկ մեր բժիշկների կողմից եղան էմոցիոնալ որոշ արտահայտություններ՝ կապված հարգարժան մեր տնօրենի՝ Արմեն Չարչյանին կալանավորելու՝ դատարանի կայացրած որոշման փաստի հետ: Պաշտոնապես հայտարարում ենք, որ շարունակում ենք մեր աշխատանքը՝ հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, ակնկալելով «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին շուտափույթ տեսնել ազատության մեջ»։