«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆԱՑԵԼ ԵՆ ԳՈՐԾԱՐՔԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ: Մենք փորձել ենք Հակոբյանից պարզել, թե ինչ պետք է աներ իշխանությունը, որպեսզի ադրբեջանական կողմը Շուշի չտաներ դեսպաններին: Ըստ Հակոբյանի` իշխանությունները կարող էին աղմուկ բարձրացնել, ներկայացնել, թե ինչ է կատարվում, սակայն որեւէ բան չարեցին:

 

-Տիկի՛ն Հակոբյան, նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը տարբեր  դեսպանների հրավիրել է Շուշի: Դեսպանների մի հատվածը հրավերն ընդունել էր, մի հատվածը մերժել ու չէր եկել: Ինչո՞վ էր սա պայմանավորված: Հայկական կողմն ի՞նչ պետք է աներ այս ամենը կանխելու համար:

-Հայկական կողմը այս պարագայում, եթե հայկական կողմ ասելով՝ հասկանում ենք իշխանություններին, բնականաբար, իրենք ոչինչ էլ չէին անելու, քանի որ հենց իրենք են պատճառը, որ այսօր Ադրբեջանը կարողանում է այդ ամենը կազմակերպել: Ադրբեջանը, ինքն իր ոճի մեջ ամբողջ աշխարահին նաեւ արդեն հրավիրելով, ուզում է ցույց տալ, որ դրանք իրենց պատմական հողերն են, Արցախն ու հայ ժողովուրդը որեւէ մշակութային անցյալ չունի, քանի որ իրենք, երբ սկսեցին վերացել մեր մշակութային արժեքները, առանձնապես արձագանքներ ո՛չ տեսանք, ո՛չ լսեցինք: Երբեւէ այս վանդալիզմով, այս տեսակ բնաջնջում մեր պատմամշակութային արժեքների չի եղել: Սրանք վերացնելով՝ իրենք վերացնում են մեր բնիկ լինելու երեւույթը եւ բերում են աշխարհին ցույց տալու, որ մենք բնիկ չենք: Հատկապես վերջին օրերի ընթացքում ակտիվ վերացնում են մեր հուշարձանները, հուշահամալիները, խաչքարերը: Այս ընթացքում քանի՜ եկեղեցիներ հիմնահատակ վերացրեցին: Ամեն կերպ փորձեցին ապացուցել, որ Դադիվանքը հայկական չէ: Դա պատահական չէ, դա թշնամական ագրեսիա չէ, դրանք ծրագրված քայլեր են, որպեսզի մենք տարիներ հետո կամ հենց այս ընթացքում չկարողանանք պահանջատեր լինենք: Իսկ իշխանություններից որեւէ մեկը՝ ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի, որեւէ բան չեն անում: Մաքսիմում, որ կարող են անել, այն է, որ ասում են՝ կդատապարտենք կամ դատապարտում ենք: Հունիսի 30-ին, երբ ես վերջապես հնարավորություն ունեցա Ազգային Ժողովում հարց ուղղելու Արայիկ Հարությությանին, թե սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում ինչպիսին է լինելու Արցախի կարգավիճակը, ես հստակ պատասխան էի ակնկալում նախագահից: Պատասխանն այն էր, որ ինքն էլ մամուլից է տեղեկանում, եւ եթե հանկարծ Արցախը ճանաչվի որպես Ադրբեջանի մաս, իրենք կդատապարտեն: Սա խոսում է Արցախի Հանրապետության նախագահը: Այսինքն՝ իշխանությունների պահվածքը, կեցվածքը սա է:  Ինչպես կային անկարող, այդպես էլ մնացել են:

-Ի՞նչ կարող էր անել Հայաստանի իշխանությունը, քանի որ մենք այս պահին չունենք արտաքին գործերի նախարար, որեւէ պաշտոնյա չկա նշանակված: Դիվանագիտական աշխատանք այդ ուղղությամբ չի իրականացվում, Արցախն էլ ինչ-որ ձեւով չի կարողանում միջամտել: Ի՞նչ պետք է անեին, որ չարեցին:

-Այսօր արտաքին գործերի նախարար չունենալը  նշանակում է, որ այս իշխանությունների կողքին չկա մարդ, որ ուզում է պատասխանատվություն կիսել: Արտաքին գործերի նախարար լինել նշանակում է կիսել քաղաքական պատասխանատվությունը: Պետք է աղմուկ-աղաղակ բարձրացվեր, ինչպես ցանկացած քայլի դեպքում անում է Ադրբեջանը: Ինչո՞ւ չի արվում մեր կողմից: Մենք միայն լռում ենք: Միայն անհատների կամ  մարդու իրավունքների պաշտպանների կողմից է քայլ արվում: Իշխանությունները որեւէ բան չեն անում, որովհետեւ այս ամբողջ գործընթացների մեջ իրենք իրենց մասնակցությունն են ունեցել: Իրենք են այս ամեն ինչի պատասխանատուն ու մեղավորը: Իսկ Արցախի արտաքին գործերի նախարարն էլ շատ սիրուն, դիվանագիտորեն կարողանում է շրջանցել կամ մաքսիմում, որ կարողանում է քայլ անել, դատապարտելն է: Ո՞վ ասաց, որ Արցախի իշխանությունները որեւէ քայլ չեն կարող անել կամ անկարող են: Ոչ, չկա նման բան:

-Ցանկություն չկա՞, ի՞նչն է խնդիրը, ինչո՞ւ են բոլորը լուռ:

-Որովհետեւ այն բոլոր գործընթացներում իշխանությունները գնացել են գործարքի Ադրբեջանի հետ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՆԵՐՍՈՒՄ ԱՆՀԱՆԳԻՍՏ ԵՆ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ իշխանության ներսում անհանգիստ իրավիճակ է` Սահմանադրական դատարանում այս օրերին ընթացող ԱԺ արտահերթ ընտրությունների բողոքի հետ կապված: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ հայրենի իշխանությունները իրենց ամենածանր հրետանին ուղարկել են Սահմանադրական դատարան` ապացուցելու, որ խորհրդարանական ընտրություններն անցել են ազատ եւ արդար, ու որեւէ դեպքում չպետք է արդյունքները չեղարկել: Իշխանության ներկայացուցիչները նախօրեին թեժ քննարկում են ունեցել ու միմյանց վստահեցրել են, որ ընդդիմությանը չի հաջողվելու հասնել արդյունքի, ու ՍԴ-ն ի հօգուտ իրենց է որոշում կայացնելու: Չնայած այդ ամենին՝  իշխանության ներսում անհանգստություն կա, քանի որ հնարավոր է՝ ՍԴ-ն բեկումնային որոշում կայացնի: Կարելի է ասել՝ իշխանության ներսում շունչները պահած սպասում են, քանի որ միայն ՍԴ որոշումից հետո կկարողանան ե՛ւ խորհրդարանը, ե՛ւ կառավարությունը ձեւավորել:

Մինչեւ ՍԴ-ն որոշում կկայացնի, իշխանությունը որոշել է եւս մեկ անգամ հին խորհրդարանով հավաքվել. այս անգամ այն կլինի հուլիսի 15-ին: Իշխանության իրավաբանները տարբեր մասնավոր զրույցներում իրենց թիմին հանգստացել են, հայտարարել են, թե կարող են հանգիստ իրենց աշխատանքով զբաղվել, ամեն բան լավ է լինելու:

 

ԳԻՇԵՐԸ՝ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

Ազգությամբ իրանցիները Հայաստան են եկել անվճար պատվաստվելու նպատակով, գիշերն անցկացնում են Հյուսիսային պողոտայում եւ հերթ կանգնում, որպեսզի առավոտյան պատվաստվեն: Բայց Առողջապահության նախարարությունը օտարերկրացիների պատվաստման կարգում փոփոխություն է իրականացնելու: ArmLur.am-ը տեղեկացավ, որ, հուլիսի 15-ից սկսած, Հայաստանում ուժի մեջ կմտնի պահանջ, ըստ որի՝ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները, որոնք Հայաստանում կբնակվեն առնվազն 10 օր, կպատաստվեն, այն էլ՝ միայն «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով եւ միայն Երեւանում տեղակայված շրջիկ կետերում: Իրանցիների շրջանում այս կարգի փոփոխությունը հասցրել է դժգոհության ալիք բարձրացնել: Նրանք, որոնք չեն կարող 10 օր սպասել պատվաստվան համար, այս օրերին շտապել են Հայաստան, եւ սա է պատճառը, որ շրջիկ կետերի մոտ հերթեր են գոյացել:

 

 

ՆՈՐ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ

«Իմ ու Հայկ Մարությանի առաջին աշխատանքային քննարկումը տեղի է ունեցել ինքնակամ շինության վերաբերյալ, եւ այն ժամանակվանից էլ մեր դիրքորոշումն այն էր, որ ինքնակամ շինությունները, առավել եւս՝ համայնքային հողի վրա հողազավթման միջոցով կառուցված, աներկբայորեն պետք է քանդվեն»,- Երեւանի ավագանու նիստին հայտարարել է ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

 

«Մեր դիրքորոշումն այս առումով անփոփոխ է, եւ հատկապես՝ այն դեպքերում, երբ զավթվում են մայթեր, կանաչապատ տարածքներ, մենք որեւէ կերպ չպետք է խնայենք, փորձենք տարբեր պատճառաբանություններ փնտրել, օրենքի բացերով բացատրել որեւէ տեսակ անգործություն, որովհետեւ դա բերելու է շղթայական ռեակցիայի, որը մենք տեսանք Աջափնյակ վարչական շրջանում, երբ հայտնված 1-2 ինքնակամ շինությունները կամ կրպակները բերեցին մյուսների ավելացմանը»,- ասել է նա՝ նշելով, թե կարծում են, որ նմանատիպ շինությունների քանդման իրավակարգավորումը ճիշտ է։

«Մենք պետք է կարողանանք օպերատիվորեն կանխել դա, եւ քանդման սկսված գործընթացը շատ հստակ ուղերձ է այն մարդկանց, որոնք փորձում են հողազավթման միջոցով նման բան իրականացնել? ուղերձ է, որ կառուցած գույքը ապօրինի է, եւ եթե անգամ կան որոշակի իրավական հնարավորություններ՝ դրանց գործունեությունը երկարաձգելու համար, քաղաքապետարանն ամեն ինչ պետք է անի, որ րոպե առաջ այդ ապօրինությունը կանխվի»,- ասել  նա՝ նշելով նաեւ, թե ապօրինի շինությունների՝ վերջին շրջանի քանդման գործընթացը թեեւ ողջունելի է, սակայն հարց է առաջացնում. «Ինչպե՞ս է եղել, որ վարչական շրջանների աշխատակիցները, ղեկավարները, համապատասխան հսկողություն իրականացնող մարմինները չեն նկատել դրանք եւ այնքան ժամանակ չեն նկատել, որ դրանք բերել են տասնյակ ապօրինությունների։ Եթե դրանցից առաջինը, երկրորդը 1-2 շաբաթ անց կանխեինք, հիմա նման քանակության շինություններ ստիպված չէինք լինի քանդել»,- հայտարարել է Դավիթ Խաժակյանը։

 




Լրահոս