Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետ է նշանակվել Սուրեն Պապիկյանը:
ArmLur.am-ը ներկայացնում է Պապիկյանի՝ 2020 թվականին հայտարարագրած ունեցվածքը: Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ արդեն փոխվարչապետ Պապիկյանը 2020 թվականի սկզբին հայտարարագրել է 3 հատ հողամաս, որոնք ձեռք է բերել 2003 թվականին՝ Լոռու մարզում:
Բացի այս, Սուրեն Պապիկյանը 2019 թվականին Երեւանի Արաբկիր վարչական շրջանում գնել է բնակարան, որի միանձնյա սեփականատերն է: Պապիկյանի բանկային հաշիվների դրամական միջոցները 2020 թվականի սկզբին կազմել են 12 մլն 996 հազար դրամ, իսկ ահա տարեվերջին այն դարձել է 8 մլն 368 հազար դրամ, բացի այս ավելացել է նաեւ 4901 դոլարն ու 4432 եվրոն:
ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթից տեղեկացավ, որ 2020 թվականի վերջին Պապիկյանը կանխիկ ունեցել է 5 մլն դրամ, 8000 դոլար եւ 1000 եվրո: Բացի այս, Պապիկյանը 2020 թվականին ամսական ստացել է 1 մլն 732 հազար դրամի չափով աշխատավարձ: Նաեւ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 1 մլն 938 հազար դրամի եկամուտ, մանրամասներ ներկայացված չեն: Նա նաեւ «Արդշինբանկ»-ից 18 մլն 167 հազար դրամի եւ «ՎՏԲ-Հայաստան» բանկից՝ 874 հազար դրամի չափով փոխառություն է ստացել:
Եւ որպեսզի պատկերավոր լինի, Պապիկյանի ֆինանսական վիճակի «կայունացումը», ներկայացնում ենք 2018 թվականի՝ նախարարի պաշտոնը ստանձնելու դրությամբ հայտարարագիրը. ունեցել է մեկ հողամաս, «Nissan Teana 2.3» մակնիշի մեկ ավտոմեքենա, 1.3 մլն դրամի եւ 1400 դոլարի չափով դրամկան միջոց, իսկ ընդհանուր եկամուտը՝ 1 մլն 801 հազար դրամ: Հուսանք՝ մի պատահական օր Պապիկյանը հանրությանը կներկայացնի, թե ինչպես է հաջողացրել ֆինանսական վիճակը այս կարգի բարելավվել:
Ս.Հ.