«ՀԱԶԻՎ ՈՏՔԻ ԷԻՆՔ ԿԱՆԳՆԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 30-ից ՀԱԿ-ը նստացույց է սկսել Ազատության հրապարակում, ինչը շարունակվում է մինչ օրս: Սովորաբար մշակութային գործիչները հեռու են քաղաքական դաշտից, բայց ընտրությունների ժամանակ հայտնվում են քաղաքական գործիչների կողքին:  «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե որքանով են տեղեկացված հայ աստղերը Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններից, Ազատության հրապարակում արդեն մեկ շաբաթ ընթացող նստացույցից: Զրուցեցինք Արսեն Սաֆարյանի եւ Շուշան Պետրոսյանի հետ:ԱՐՍԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ գիտեր նստացույցի մասին, լսել է, բայց անձամբ չի գնացել Ազատության հրապարակ: Երգչի պնդմամբ` իր աշխատանքն ուղիղ կապ չունի քաղաքականության հետ, չնայած գլոբալ իմաստով բոլոր աշխատանքներն էլ կապ ունեն այդ ոլորտի հետ: Ինքն այս պահին գերադասում է զբաղվել իր գործնական ծրագրերով, ոչ թե գնալ նստացույցի վայր: Արսենի դիրքորոշումը հետեւյալն է. «Ես չեմ կարող մեղադրել կամ արդարացնել նրանց, ովքեր այնտեղ են, ամեն մեկն իր սուբյեկտիվ կարծիքն ունի: Ես չեմ ուզում ինձ վրա նման պատասխանատվություն վերցնել, ասել` լավ են անում, վատ են անում: Որպես քաղաքացի` ինձ հետաքրքրում է երկրի իրավիճակը, բայց ես կարծում եմ, որ 2 կողմից էլ պետք է խելամիտ լինեն, որ ոչ մի ընդհարում չլինի: Դա լավ բանի չի բերում: Մտածում եմ` դրանք ինչ-որ փուլեր են, որ պետք է անցնի մեր երկիրը»:Իսկ այն հարցին, թե որպես քաղաքացու` այս նստացույցը խանգարո՞ւմ է իրեն, միգուցե նա ցանկանա իր բալիկներին տանել Օպերա` զբոսանքի, ստացանք հետեւյալ պատասխանը. «Ես նրանց Օպերա չեմ տանի, այլ կտանեմ քաղաքից դուրս: Եթե իմ քաղաքում ես չպետք է ապահով զգամ` իմ երեխայի թաթիկը բռնած, ապա չեմ տանի Օպերա: Տանեմ, որ ի՞նչ տեսնի, վրաննե՞ր»: Արսենի խոսքերով` իրեն մտահոգում է այս հարցը, բայց մարդկանց ճիշտ ու սխալ չի կարող հանել. «Այս 20 տարվա ընթացքում մենք տեսանք, որ մարդիկ կային, որոնք օպոզիցիայում էին, մեկ էլ դարձան իշխանական թեւի ներկայացուցիչներ: Ի՞նչ եղավ, նրանց պահանջները բավարարվեցին, նրանք էլ խոսք չունեն ասելու: Ա՛յ սա արդեն մտածելու տեղիք է տալիս: Այսօր ամեն մեկն անում է իր աշխատանքը, թե ում միջոցով է անում ու ինչպես, եթե շատ հետաքրքրվենք, կիմանանք»: Իսկ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ եղել էր Օպերայի տարածքում, համերգի էր եւ իր խոսքերով` ահավոր նեղվել է նստացուցից. «Էնպես չեմ ուզում, որ այդ ամեն ինչը լինի: Կուզենայի, որ բոլորը շատ ավելի ցիվիլ տրամադրությամբ մոտենային խնդիրներին: Մի քիչ պետք է իրար սիրելով ու հանդուրժելով հարցեր լուծենք, անհնար է այս ատելությամբ ապրել քաղաքում»: Երգչուհին նաեւ նշեց, որ դիրքորոշումը հարգելի բան է, յուրաքանչյուրն էլ իրավունք ունի իր կարծիքն ու մոտեցումն ունենալ, բայց թշնամանքով մոտենալ դիմացինին, ով իր պես չի մտածում, դա անընդունելի է: «Հիվանդանում է քաղաքը,-նկատեց երգչուհին, ապա հավելեց,-հազիվ ոտքի էինք կանգնում, գլուխներս մի քիչ բարձրացրել էինք, ինչ-որ հարցեր էին լուծվում ռադիկալ, պատժվում էին վերջապես ինչ-որ բաներ: Այս նույն մարդկանց ես հիշում եմ դեռ 1996 թվականից, կրկին հրապարակում: Նրանց մեծ մասն էլ տեղներից չեն շարժվում, ամբողջ օրը բիսեդկաներում նստած են: Կան, իհարկե, նրանց մեջ մտավորականներ, որոնք իսկապես սրտացավ են: Իսկ թե հրապարակում նստած մեծամասնությունն ինչ է, ոչ միայն ես եմ տեսնում, այլ բոլորը»: Շուշանը նկատեց, որ երբ տրամաբանական առաջարկ է արվում, որն ի օգուտ մեր երկրի է, արժե ընդունել: Բայց այս ցույցերի մեջ ոչ մի օգուտ չի տեսնում: Միայն ատելություն են սերմանում: Երգչուհին նաեւ հիշեց. «Այդ նույն ատելությունն առկա էր 1996թ. սեպտեմբերին, ե՛ւ հետո, ե՛ւ հիմա: Բայց կան գաղափարապես մտածելակերպով մարդիկ, ում հետ կարող ես գոնե վիճել, բայց նրանք այնքան քիչ տոկոս են կազմում: Մի բան գիտեմ, չի կարելի մազոլել մարդկանց աչքերը»:Իսկ այն հարցին, թե ինքն անձամբ երբեւէ չի մասնակցել ցույցերի, երգչուհին ասաց. «Մասնակցել եմ 1988 թվականին, երբ համընդհանուր գաղափար էր: Մենք պատրաստ էինք կռիվ տալ հանուն անկախության եւ Արցախի ազատության: Գիտեք ի՞նչ, ես բոլորովին համաձայն չեմ առաջին նախագահի դիրքորոշման հետ, բայց երբեւէ թույլ չեմ տա ինձ թուք ու մուր թափել մի մարդու վրա, ով իմ երկրի նախագահն է եղել»: Առիթը չկորցրինք ու հարցրինք նաեւ, թե ում է ընտրելու սպասվելիք 2012թ. ընտրություններին: Ստացանք հետեւյալ պատասխանը. «Ունեմ թեկնածու եւ ուրախ եմ, որ նախորդին էլ չեմ սխալվել, կարծում եմ, այս անգամ էլ չեմ սխալվի: Միանշանակ Սերժ Սարգսյան»:ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս