ՊԱՇՏՊԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ Է ՈՒՂԱՐԿԵԼ ՊՆ ԵՎ ԱԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները վկայում են, որ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստանալու հարցում մարդիկ բախվում են խնդիրների: Մասնավորապես, գործող օրենսդրությամբ՝ մարտական գործողության մասնակցի կարգավիճակ հնարավոր է տրամադրել բացառապես 1989-1994 թվականների ընթացքում մարտական գործողությունների մասնակցած այն անձանց, որոնք ընդհանուր տեւողությամբ 3 ամսից ավելի են մասնակցել մարտական գործողությունների։ Ստացվում է, որ, օրինակ, 2016 թ. ապրիլի, 2020թ. հուլիսի, նույն թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների մարտական գործողություններին մասնակցած քաղաքացիներին գործող իրավակարգավորումներով մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ չի կարող տրամադրվել: Քանի որ 3 ամսից ոչ պակաս մասնակցության կանոնն ընդհանուր է, ստացվում է, որ 2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել նաեւ մարտական գործողությունների մասնակցի վկայականի փոխարեն տեղեկանք տրամադրելու վերաբերյալ:

 

Քաղաքացիները տեղեկացրել են, որ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայականի ժամկետը լրանալուց հետո նոր վկայական ստանալու խնդրանքով դիմել են ՀՀ պաշտպանության նախարարություն, բայց նրանց նոր վկայականի փոխարեն տրամադրվել է մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստող տեղեկանք: Բողոքների քննարկմամբ պարզվել է, որ Պաշտպանության նախարարությունը մերժել է մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստող տեղեկանքի փոխարեն քաղաքացիներին տրամադրել վկայական՝ պատճառաբանելով, որ նոր նմուշի վկայական տրամադրվում է մարտական գործողություններին ոչ պակաս, քան 3 ամիս ընդհանուր տեւողությամբ մասնակցած անձանց:

Ուշադրության է արժանի այն, որ նախկինում հնարավորություն էր տրվում մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրամադրել նաեւ 2 ամիս մարտերին մասնակցած անձանց: Նշվածի հիման վրա էլ քաղաքացիներին տրվել են մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստող վկայականներ, որոնք, Կառավարության համապատասխան որոշմամբ, 2017 թվականի դեկտեմբերի 31-ին ուժը կորցրել են: Քննարկվող գործերով Պաշտպանն արձանագրել է, որ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայական չտրամադրելը կարող է խնդրահարույց է լինել մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած անձանց նկատմամբ խտրականության արգելքի սկզբունքի տեսանկյունից: Բացի դրանից, վկայական չտրամադրելը կարող է հանգեցնել նաեւ մարտական գործողությունների մասնակիցների համար գործող օրենսդրությամբ նախատեսված արտոնություններից ու երաշխիքներից օգտվելու իրավունքն իրացնելու խոչընդոտների: Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ խնդրի խորքային լուծման, սոցիալական արդարության ապահովման, մարտական գործողություններին մասնակցած քաղաքացիների իրավունքների ապահովման տեսանկյունից անհրաժեշտ է գտնել արագ ու կոնկրետ լուծումներ, քանի որ անձին մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրամադրելն ինքնանպատակ չէ. այն ունի որոշակի սոցիալական ուղղվածություն եւ, ըստ էության, նշված կարգավիճակն անձի համար հիմք է որոշակի արտոնություններից եւ սոցիալական ապահովության միջոցներից օգտվելու համար։ Նրանք պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ, ունեն բնակարանային ապահովության, քաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներից՝ անկախ սեփականության ձեւից (բացի տաքսիից), անվճար երթեւեկելու, դրամական աջակցության, զինվորական կենսաթոշակի իրավունք:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ մարդու իրավունքների պաշտպանը գրություն կհասցեագրի Պաշտպանության նախարարություն՝ առաջարկելով 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ինչպես նաեւ 2016 թվականի ապրիլին եւ 2020 թվականի հուլիսին մարտական գործողություններին մասնակցած քաղաքացիներին համապատասխան կարգավիճակ տրամադրելու համար մշակել կոնկրետ մեխանիզմներ ու չափորոշիչներ: Մարդու իրավունքների պաշտպանը բարձրացնելու է նաեւ Պաշտպանության նախարարությանը նախկինում մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած եւ վկայականն ուժը կորցրած անձանց առանց կարգավիճակի վերանայման հնարավորության տրամադրել նոր վկայական: Թեմայի վերաբերյալ քաղաքացիների բարձրացրած խնդիրները, իրականացված վերլուծություններն ու առաջարկները կուղարկի նաեւ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով։

Մանրամասները տեղ են գտել Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ:

 

 

ԽՈՇՈՐ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները փաստական տվյալներ էին ստացել, որ Երեւանի ՓԲ մի ընկերության նախկին տնօրենի կարգադրությունների հիման վրա՝ ընկերության կարիքների համար գնման ընթացակարգերով հայտարարված մրցույթի շրջանակներում գնահատող հանձնաժողովի անդամները, չարամտորեն խախտելով հրապարակային սակարկությունների անցկացման կարգը, կազմակերպել եւ անցկացրել են գնման ընթացակարգեր, որոնց արդյունքներով հաղթող է ճանաչվել նախկին տնօրենի հետ փոխկապակցված անձին պատկանող ՍՊ ընկերությունը։

Քննությանը այս պահին հայտնի տվյալներով՝ հիշյալ ընկերության հետ կնքված ընդհանուր 742 միլիոնի դրամից ավելի արժողությամբ միայն «Դրոսել 250 Վ» ապրանքի արժեքը մոտ 20 միլիոն 323 հազար դրամով գերազանցել է ՓԲ ընկերության կողմից այդ ընթացքում նույնանման ապրանքի համար անցկացրած մրցույթում հաղթող ճանաչված արժեքից։

Նույն ժամանակահատվածում վերը նշված ՍՊ ընկերությունը որոշ դեպքերում պայմանագրերով նախատեսված ապրանքների մատակարարումներն իրականացրել է նախատեսված չափերից պակաս քանակով, սակայն ՓԲ ընկերության նախկին տնօրենը չի նախաձեռնել սահմանված կարգով մոտ 2 միլիոն 300 հազար դրամի տույժերի ենթարկելու եւ նշված ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար որեւէ գործառույթ։

Վերոհիշյալ չարաշահումների հետեւանքով ընկերությանը պատճառվել է, նախնական տվյալներով, 22 միլիոն 631 հազար դրամի գույքային վնաս։

Բացի այդ, ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ ՓԲ ընկերության նախկին տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2014-2019 թթ. նույն ՍՊ ընկերության հետ 13 տարբեր ապրանքատեսակների վերաբերյալ կնքել է պայմանագրեր կամ դրանց մի մասի կատարման արդյունքների հանձնման-ընդունման կեղծ արձանագրություններ, ինչի արդյունքում ՓԲ ընկերության միջոցներից հափշտակվել է չմատակարարված ապրանքների դիմաց ՍՊ ընկերությանը փոխանցված մոտ 275 միլիոն 860 հազար դրամ։

Հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԻՑ

ՀՀ Շիրակի մարզային քննչական վարությունում քննված քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որ  Շիրակի մարզի Զարիշատ համայնքի նախկին ղեկավար Հ.Խ.-ն պաշտոնավարման ընթացքում, նախապես տեղեկացված լինելով հեռահաղորդակցության օպերատոր ընկերության կողմից համայնքի տարածքում ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության մասին, 2007թ. դեկտեմբերի 25-ին Շիրակի մարզի Ամասիա համայնքի բնակիչ, իր ծանոթ, կադաստրի պետական կոմիտեի աշխատակից Հ.Հ.-ի հետ կնքել է գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագիր։

 

Դրանով վերջինս Զարիշատ համայնքից վարձակալել է համայնքի վարչական տարածքում գտնվո գյուղատնտեսական նշանակության 2.5 հա մակերեսով հողատարածք 25 տարի ժամկետով տարեկան 12.720 ՀՀ դրամ վարձավճարով: Այս մասին հայտնում է Դատախազությունը:

Մեկ օր անց՝ 2007թ. դեկտեմբերի 26-ին, համայնքի ղեկավարը տվել է իր համաձայնությունը նշված 2.5 հա գյուղատնտեսական նշանակության նշված հողամասից որեւէ տարածք ենթավարձակալությամբ տալուն, եւ նույն օրը Հ.Հ.-ն իր վարձակալած հողամասից 0,04 հա հողատարածքը ենթավարձակալությամբ հանձնել է բջջային օպերատոր ընկերությանը 24 տարի ժամկետով ամսական 40.000 ՀՀ դրամ վարձավճարով:

Նշված գյուղատնտեսական նշանակության հողատարածքում տեղադրվել եւ շահագործվել է ալեհավաք կայան, իսկ համայնքի ղեկավարի գործողությունների արդյունքում Հ.Հ.-ի ընտանիքը մինչեւ 2016թ. հոկտեմբերի 6-ը ներառյալ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 4.215.482 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ, այսինքն՝ համայնքը  զրկվել է այդ չափով եկամուտ ստանալու հնարավորությունից:

Նշված հանցավոր արարքները կատարելու համար Զարիշատ համայնքի նախկին ղեկավար Հ.Խ.-ին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նախաքննության ընթացքում նրա կողմից ներկայացվել է պատճառված վնասի վերականգնման մասին վճարման անդորրագիր, որի համաձայն՝ որպես պատճառված վնաս,  վերականգնվել է 1.000.000 ՀՀ դրամ:

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ գործն ուղարկել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար։

 

 

 




Լրահոս