ԲՈՒԼԿԻՆ ՏՌԶՈՒՄ Է ԿԵՆՍԱԿԵՐՊՈՎ-2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակում ենք ներկայացնել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի անցած ճանապարհը: Հիշեցնենք, որ մինչ երկրի գլխավոր բնապահպան դառնալն ու ոլորտը «ծաղկեցնելը», նա քաղաքաշինությունն էր «սատկեցնում», բայց օրինական ճանապարհով, քանի որ դեռ այն ժամանակ «Օրինաց երկիր» կուսակցության հավատավորն էր:Ըստ լուրերի` այն բարձրահարկ շենքը, որտեղ այսօր «ծվարել» է ՕԵԿ-ը, մի մասով պատկանում է Արամ Հարությունյանին, մյուսով` ՕԵԿ առաջնորդին: Այդ շենքը կառուցվեց Հարությունյանի մտահղացմամբ, որի ընթացքում մասնագետները շտապեցին հայտարարել, որ շենքի նախագիծը հերթական խայտառակություններից մեկն է, բայց դա չհիասթափեցրեց Հարությունյանին, նա ընդամենը գաղտնի պահեց իր պատվերով աշխատող ճարտարապետի անունը եւ վերջ: Արդյունքում` այս անգամ էլ աղճատվեց հայտնի ճարտարապետ Սամվել Սաֆարյանի նախագծած գյուղակադեմիայի շենքի անսամբլը: Ի դեպ, այս շենքի կառուցման հարցը եւս չի քննարկվել Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդում: Եւ այս ամենի հեղինակը նա է, ով ի պաշտոնե կոչված էր պայքարելու ոլորտում ապօրինությունների դեմ. բայց հասկանալի է, որ Հարությունյանի նմանների համար փող աշխատելն ավելի վեհ գաղափար է, քան, ասենք, Երեւանի ճարտարապետական տեսքը, քաղաքի ճաշակն ու օրենքի նորմը պահպանելը: Վերջում ավելացնենք, որ Կենտրոն համայնքի քաղաքաշինական տեսչության պետը (վերջինս մասնագիտությամբ շինարար չէ) Արամ Հարությունյանի անձնական վարորդի եղբայրն է: Հենց այստեղ ընթացող ամենամեծ կառուցապատման աշխատանքները պետք է լինեին վերահսկող մարմնի ուշադրության կենտրոնում: Բայց Արամ Հարությունյանը չէր կարող այս ամենն ապահովել, քանի որ մեծ ծախսեր էր արել (500 հազար ԱՄՆ դոլար), մինչ նախարարի աթոռին նստելը: Իսկ էլ ում միջոցով նա պետք է վերականգներ կորուստը, եթե ոչ հարազատների` այդ թվում եւ «շոֆերի» ազգականներին պատասխանատու պաշտոններում նշանակելով: 2007-ին էլ Արամ Հարությունյանը նշանակվեց բնապահպանության նախարար: Ուշագրավն այն էր, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դժգոհ էր նրա աշխատանքից, Արամ Հարությունյանը բոլորից շատ քննադատվող նախարարներից էր, սակայն նա շարունակեց մնալ նախարարի պաշտոնում` փոխարինելով ընդամենը աթոռը, բայց ոչ երբեք եկամուտների հոսքը: Եթե քաղաքաշինությունն ավելի հրապարակային ոլորտ է, եւ թերացումներն ավելի հեշտ են ընկալվում, ապա բնապահպանությունն այն ասպարեզն է, ուր կարելի է ահռելի գումարներ մսխել` ամեն ինչ արդարացնելով «բնության քմահաճույքներով»: Այսպես, պարզագույն հաշվարկները ցույց են տվել, որ տարեկան միլիարդավոր դրամներ են իբրեւ թե ծախսվում Սեւանա լճի պետքերի համար, իսկ իրականում այդ գումարները Սեւան չեն հասնում, այլ «գոլորշիանում» են բնապահպանության նախարարությունում: Հավանաբար, հենց Սեւանից ստացված եկամուտներով էլ Արամ Հարությունյանը պատրաստվում է «Երեւան» կինոթատրոնի եւ Հանրապետության հրապարակի հարեւանությամբ գտնվող, դե ֆակտո իրեն պատկանող Պետական գույքի կառավարման վարչության ու «Հայարդնախագիծ ինստիտուտ» ԲԲԸ շենքի նկուղային հսկա տարածքում զվարճանքի կենտրոն կառուցել: Ամենայն հավանականությամբ, այս զվարճանքի կենտրոնում պատրաստվում են քննարկել բնապահպանական խնդիրներ: Լուրերի համաձայն` նա հայտարարել է, թե շինարարության համար արդեն ստացել է քաղաքապետ Կարեն Կարապետյանի թույլտվությունը…Իսկ որ Արամ Հարությունյանը լավ շինարար է, բայց միայն անձնական օբյեկտների կառուցմամբ է փայլել, վաղուց է հայտնի: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Ռեժանս» ռեստորանային համալիրը, Եղվարդի ասֆալտի գործարանը, երկու շքեղագույն առանձնատները Երեւանի էլիտար թաղամասերում, մի շարք հանքավայրեր եւ այլն. այս ամենին նա հասել է նախարարի պաշտոնում եղած ժամանակ: Մի խոսքով, Հայաստանում նախարար աշխատելն իսկապես վատ բիզնես չէ: ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս