Ես չեմ պատրաստվում պատվաստվել եւ ամեն միջոց կնախաձեռնեմ, որպեսզի խուսափեմ պատվաստվելուց: Պարզապես պետք է ժամանակ շահել մինչեւ այս պարտադրանքները կհանվեն եւ կանցնենք մեր սովորական կյանքի բնականոն հունին՝ առանց պատվաստվելու: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Ալինա Ավետիսյանը:
«Եթե նախարարությունից չհորդորեին, այլ օինակ մեր գյուղի Սիրանույշ տատն ասեր, ազնվորեն կգնայի եւ կպատվաստվեի: Ես ինքս բնությանը մոտ մարդ եմ եւ չեմ հավատում համավարակի հետ կապված այս միֆին. մարդն ինչին հավատում է, ըստ այդ ծրագրի էլ ընթանում է իր կյանքը»,-նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ երբեք չի հետեւել համավարակի պարտադիր կանոններին եւ այդ ժամանակն ու համբերությունն էլ չունի:
«Ազնիվ խոսք, ես ժամանակ չունեմ մտածելու՝ վայ հիմա կվարակվեմ, վայ դիմակ կրեմ, կամ այլ բան…: Ես այդ ժամանակն ու համբերությունը չունեմ, մինչ օրս չեմ վարակվել նույնիսկ սովորական հարբուխով»,-հավելեց նա:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի որոշմամբ, այսօրվանից բոլոր հիմնարկությունները պետք է աշխատակիցներից աշխատանքի ներկայանալիս պահանջեն կա՛մ պատվաստումը հավաստող տեղեկանք, կա՛մ կորոնավարակի բացասական թեստի պատասխան:
Քաղաքացիները կարող են թեստի կամ պատվաստման թուղթը ներկայացնել 14 օրվա ընթացքում՝ մինչեւ հոկտեմբերի 14-ը։ Այդ 14 օրերի ընթացքում էլ, եթե որեւէ համապատասխան կառույց ստուգում անցկացնի, տնտեսվարողին կամ աշխատակցին տուգանելու իրավունք չի ունենա։
Լիդա Եղիազարյան