Այս տարվա 8 ամիսներին պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած` ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն ավելացել է, աճել է նաեւ զոհերի ու վիրավորների թիվը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին մեր հանրապետությունում արձանագրվել է 3042 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 246, վիրավորվել՝ 4501 մարդ: Միայն օգոստոս ամսին մեր հանրապետությունում ՃՏՊ-ների քանակը կազմել է 407, որի հետեւանքով զոհվել է 47, վիրավորվել՝ 605 մարդ: Արձանագրենք, որ հուլիս ամսվա համեմատ օգոստոսին ՃՏՊ-ների քանակը նվազել է: Պաշտոնապես, այս տարվա ութ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է 22.2 տոկոսով: Օրինակ, նախորդ տարվա հունվար-օգոստոսին մեր հանրապետությունում արձանագրվել է 2490 ՃՏՊ, որի հետեւանքով զոհվել է 184, վիրավորվել՝ 3678 մարդ:
Մասնագետների կարծիքով, վերջին տարիներին Հայաստանում կտրուկ ավելացել է ավտոմեքենաների քանակը, ինչն արդեն իսկ լուրջ պատճառ է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի ավելացման:
Մյուս կողմից, տեղի ունեցող վթարների զգալի մասը վարորդների ոչ պրոֆեսիոնալ վարման հետեւանքն է, քանի որ նրանցից շատերը պարզապես չեն տիրապետում երթեւեկության տարրական կանոններին: Ասել է թե՝ նորաստեղծ պարեկային ծառայությունն անգամ չի փրկել իրավիճակը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ս.Հ.