Նոյեմբերի 1-ին, ժամը՝ 11:00-ին, Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի ավագանու նիստերի դահլիճում կայանալու է Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 10:00-ից:
Նշենք, որ համայնքի ղեկավարի ընտրությունն անցկացվում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, որով նախատեսված է, որ համայնքի ղեկավարի ընտրությունները պետք է անցկացվեն ավագանու առաջին նիստի ընթացքում: Եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքներով մասնակցած քաղաքական ուժերից մեկը ստանում է ավագանու ընդհանուր տեղերի 50%-ից ավելին, ապա տվյալ ուժի համամասնական ցուցակի առաջին համարն օրենքի ուժով համարվում է համայնքի ընտրված ղեկավար:
Բայց քանի որ այս պահին առկա չէ տեղերի ընդհանուր թվի 50%-ից ավելին ստացած ուժ, ապա համայնքի ղեկավար է ընտրվում բաց քվեարկությամբ, որի ժամանակ ձեւավորված խմբակցությունները կարող են իրենց ցուցակների առաջին համարներին ներկայացնել որպես համայնքի ղեկավարի իրենց թեկնածու: Եթե մեկից ավելի թեկնածուներ են առաջադրվել, համայնքի ղեկավար է ընտրվում համայնքի ավագանու անդամների ընդհանուր ձայների մեծամասնությունը: Եթե թեկնածուներից որեւէ մեկն ընդհանուր ձայների մեծամասնությունը չի ստանում, ապա ամենաշատ թվով ձայներ ստացած երկու թեկնածուի միջեւ է քվեարկություն անցկացվում: Եթե այս փուլում ձայները հավասարաչափ են բաշխվում, ապա լրացուցիչ քվեարկություն է անցկացվում, որի դեպքում ձայների մեծ մասը ստացած թեկնածուն է ընտրվում համայնքի ղեկավար, իսկ եթե կրկին ձայները հավասար են բաշխվում, ապա ընտրվում է տարիքով ավագ թեկնածուն:
Հավելենք, որ ընտրությունների արդյունքներով, «Բալասանյան» դաշինքը ստացել է ձայների 36․58 տոկոսը, ՔՊ-ն 29.56 տոկոս, «Զարթոնք» կուսակցությունը՝ 10․60 տոկոս, «Ապրելու երկիրը»՝ 5:65, իսկ ՀՀԿ-ն 5․06 տոկոս։
Մանրամասները՝ տեսանյութում