Ընդդիմության մասնակցությունը մոսկովյան հանդիպումներին կարևոր էին. ՌԴ դեսպանը հանդիպել է Թագուհի Թովմասյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր Ազգային ժողովում հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինի հետ։

«Քննարկել ենք հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր՝ երկուստեք կարևորելով միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելուն ուղղված ծրագրերի իրականացումը, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի անցկացման անհրաժեշտությունը, Հայ առաքելական եկեղեցու և Ռուս ուղղափառ եկեղեցու միջև փոխադարձ սերտ համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում բարձրաձայնել եմ Ռուսաստանի մեր հայրենակիցների վարորդական իրավունքների և ՀՀ նոտարական թարգմանությունների ճանաչման, ՀՀ-ից գնված մեքենաների ՌԴ ներմուծման խնդիրների մասին, ինչպես նաև Ադրբեջանի գլխավոր դատախազի այն հայտարարության մասին, ըստ որի՝ ՀՀ 320 հայերի նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում՝ ակնկալելով ՌԴ աջակցությունը, որպեսզի հետախուզման մեջ գտնվող հայերը տեղեկացված լինեն իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերի և դրանից բխող հետևանքների մասին։

Դեսպանի ուշադրությունը հրավիրեցի խորհրդարանում բազմակարծության, խոսքի իրավունքի սահմանափակումների, պատգամավորների նկատմամբ քրեական գործերի հարուցման վրա, որին ի պատասխան դեսպանը նշեց վերջերս աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն մեկնած պատվիրակության կազմում ընդդիմադիր գործիչների ներգրավման կարևորությունը։

Իհարկե, անդրադարձ կատարեցինք նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ՀՀ-Ադրբեջան սահմանային դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացին: Հանդիպման ընթացքում ընդգծեցի նաև ինձ համար շատ կարևոր Արցախի ապագա կարգավիճակի հարցը»։




Լրահոս