ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եռագույնը՝ սև ու սպիտակին, բանակը՝ զինվորին պարտվեց. որդեկորույս մայրերի մղկիտը չի մարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 9-ին՝ տխրահռչակ հայտարարության օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մի քանի հարյուր հողաթումբ կար, պատերազմից մեկ տարի անց այստեղ շուրջ հազար զինվորականի աճյուն է հանգչում: Պատերազմին զոհ գնացած մյուս տղաներն ամփոփված են ընտանեկան կամ համայնքային գերեզմանոցներում։
Անմահացած ընկերների մասին ռազմի դաշտում մի ամբողջ կյանքի իմաստնություն ապրած տղաներն ակնածանքով ու հերոսին վայել համեստությամբ են խոսում: Նրանցից ոմանք, որ այդ օրերին տեսել են ամենասարսափելին, պատերազմի վայրագությունների մասին անգամ գիրք են գրել:

44 օր «հաղթելու ենք» կարգախոսով ապրող հանրությունը ցավոտ իրականության մասին տեղեկացավ անակնկալ կերպով: Մոտ 30 տարի հայկական զինված ուժերի վերահսկողության տակ անցած 7 շրջաններից զատ, Ադրբեջանին անցան նաև ԼՂԻՄ-ի մաս կազմող Հադրութն ու Շուշին, Արցախում ռուս խաղաղապահներ տեղակայվեցին ու Հայաստանը պարտավորվեց իր տարածքով ցամաքային կապ ապահովել Ադրբեջանի ու Նախիջևանի միջև։ Արցախի հերոս, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի գնահատմամբ՝ Սյունիքում ադրբեջանական անցակետի առկայությունը հավաստումն է այն հանգամանքի, որ Ադրբեջանը ստանալու է բաղձալի միջանցքը։

Չարչկված միջանցքի կամ ուղղակի ցամաքային ավտոճանապարհի թեման պաշտպանության նախկին փոխնախարար, այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն է շարունակում՝ ընդծելով՝ ադրբեջանցիները Նախիջևան պետք է կարողանան գնալ այնպես, ինչպես մենք ենք Արցախ գնում;

Պատերազմից հետո ու պատերազմի ընթացքում դեպի հոգևոր ու ոգեղենություն տանող փակ միջանցքների մասին է ահազանգում 44 օր շարունակ զինվորի կողքին ու զինվորի համար հենց մարտի դաշտից աղոթ բարձրացնող տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որ մինչև վերջին պահը վստահ էր՝ հաղթանակը մերն է լինելու։
Անօդաչու թռչող սարքերը, բայրաքթարներն ու տարատեսակ հրթիռները հորդառատ անձրևի պես էին թափվում 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ զինվորականների կողքին անմռունչ պայքար էին մղում նաև սպիտակ բանակի մարտիկները: Չէին հավատում, թե դժոխային օրերին ու չդադարող երկաթե անձրևին կարող է դադար լինել:
Երբ արդեն Ստեփանակերտի հոսպիտալում հերթապահություն իրականացող բժիշկներին ինքնաձիգներ բաժանցին, երիտասարդ բժիշկ, արյունաբան Ավետիս Դարբինյանը հասակացավ՝ պատերազմի ելքը մեր օգտին չի լինելու:

Սա պատերազմ էր՝ իր դաժան օրենքներով ու սարսռեցնող իրողությամբ: Այս գուցե կարող էր և չլինել, եթե պետությունը չպարտվեր անհատին, բարոյական հասարակությունը՝ քաղաքացիական հասարակությանը, փողոցը՝ տաճարին, ոգենությունը՝ «դուխին», պատերազմ վարելու կանոնները՝ համակարգչային խաղին, բանակը՝ զինվորին, եռագույնը՝ սևուսպիտակին։
«Հաղթելու ենք»․ ֆեյսբուքյան հայրենասիրության այցեքարտ դարձած բառը վիրտուալ տարածքում սոսկ բառի, սահմանին ՝ կյանքի արժեքն ուներ, բայց մեզ, նախևառաջ, խաղաղ օրերում հաղթելու, ասել է թե՝ դիվանագիտություն բանեցնելու խելք էր պետք։

Նույ­նիսկ ըն­տա­նի­քում այդ­քան սեր չկա, ինչ­քան ռազ­մի դաշ­տում, ասում է բանակը մեր բոլորի զավակը համարող երգիչ, երգահան, Արցախյան առաջին պատերազմի մասնակից Դավիթ Ամալյանը, որ իր միակ՝ հերոս Վարդանի անունը կրող զավակին բանակին ու հայրենիքին տվեց, ցավոք՝ անվերադարձ։

Վարդանի, Ալենի, Մխիթարի, Դավիթի, Նարեկի ու բոլոր դյուցազունների ծնողներն ամեն անգամ սրտի դողով են բացում իրենց որդիների սենյակի դռներն ու սպասում, թե երբ են արթնանալու հավերժական քնից: Մղկիտի ցավի հետ նրանք սպանում, խեղդում են բոլոր նրանց, ովքեր տարան իրենց սրտի բաբախը կրողի որդուն, ու որ ամենացավալին է՝ երկու որդուն միաժամանակ:

Սևակ Վարդումյան




Լրահոս