ԼԱՐՎԱԾ ՖՈՆԻՆ՝ ԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմադիր խմբակցությունները, սահմանային այս լարված իրավիճակի ֆոնին, երեկ նախաձեռնել էին անցկացնել հրատապ նիստ, որին կհրավիրվեր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ կպատասխաներ պատգամավորների հարցերին: ԱԺ խորհրդի նիստում, սակայն, այդ օրակարգը չի հաստատվել, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե արտահերթ նիստ հրավիրելու համար նախատեսված կարգն է խախտվել, այնինչ ընդդիմադիր խմբակցությունները դա քաղաքական հարց են համարում: Ինչպես հայտնի է, երեկ Անվտանգության խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք արեւելյան տեղամասերից մեկում: Եվ, ահա, ընդդիմադիր խմբակցությունները նպատակ են ունեցել արտահերթ նիստում քննարկել հենց այս հարցերը, սակայն իշխանությունների կողմից առաջարկը մերժվել է, եւ պատճառաբանվել է այն հանգամանքը, որ այսօր եւ վաղը վարչապետն ու կառավարության անդամները լինելու են խորհրդարանում եւ մասնակցելու են բյուջեի քննարկումների, ապա՝ հարցուպատասխանի: Սակայն նկատենք՝ ընդդիմադիր խմբակցությունների նպատակը հենց սահմանային իրավիճակի վերաբերյալ արտահերթ նիստի հրավիրումն էր, այլ ոչ թե բյուջեի վերաբերյալ քննարկման ժամանակ այդ թեմայով մեկ-երկու հարցի պատասխանելը: Հարցերն իրավամբ շատ էին՝ սկսած ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի պաշտոնանկությունից:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինիս պաշտոնանկությունից առաջ ուշագրավ դեպքեր էին տեղի ունեցել. նոյեմբերի 6-ին Արշակ Կարապետյանն այցելել էր Արցախ, ինչն ավելի քան տասը ամիս ընդմիջումից հետո նման բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն էր: Այցն արժանացել էր Բաքվի զայրալից արձագանքին: Կարապետյանի այցին հաջորդեց նոյեմբերի 8-ին բացահայտ սադրանք-սպանությունը Շուշիի մերձակայքում: Հետո ադրբեջանցիները տարածեցին տեղեկություն Սեւ լճում դիրքային առաջխաղացման մասին, Հայաստանի ՊՆ-ն տարածեց հերքող տեղեկություն ու տեսանյութ: Հետո եղավ Շուշիի մոտ ադրբեջանական հենակետի ուղղությամբ նետված պայթուցիչի դրվագը եւ, փաստորեն, գրեթե զուգահեռ ներխուժումը Հայաստանի արեւելյան սահմանային հատվածներից մեկը: Եվ, ահա, այս այցերն ու հետեւանքները քննարկելու փոխարեն, իշխանությունները որոշել են ԱԺ-ում քննարկում կազմակերպել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ:

 

 

Հայաստանի օդային ուղիներով թռիչք իրականացնելու համար Ադրբեջանը Հայաստանին գումար կփոխանցի միջնորդավորված եղանակով: «Ժողովուրդ» օրաթերթը Քաղավիացայի կոմիտե հարցում էր ուղարկել՝ պարզելու համար, թե հոկտեմբերի 6-ին ՀՀ օդային տարածքով իրականացրած թռիչքի համար ադրբեջանական AZAL ավիաընկերությունն ինչքան գումար է փոխանցել հայկական կողմին: Մեր հարցմանն ի պատասխան՝ կոմիտեից չինական հիերոգլիֆ հիշեցնող պատասխան են ուղարկել: «Ի պատասախան ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ, համաձայն ՀՀ կողմից վավերցված «Օդային  ուղեգծերի սպասարկման վճարների մասին»  բազմակողմանի պայմանագրի, 2009 թվականի մարտի 1-ից սկսած՝ ՀՀ օդային տարածքով իրականացվող բոլոր տարանցիկ չվերթների, այդ թվում՝ նաեւ ադրբեջանական AZAl ավիաընկերության տարանցիկ չվերթների աերոնավիգացիոն սպասարկման դիմաց գանձումների հավաքագրումը կատարվում է «Եվրոկոնտրոլ» միջազգային կազմակերպության մայրուղային գանձումների կենտրոնական գրասենյակի կողմից, եւ որ վերջինիս «Օդային երթեւեկության սակագների համակարգի կիրառման պայմաններ եւ վճարման պայմաններ» փաստաթղթի թիվ 2 հավելվածի համաձայն՝ հաշվետու ամսում կատարված չվերթների աերոնավիգացիոն սպասարկման վճարների հավաքագրման գործընթացի տեւողությունը կազմում է մոտ 2,5-3 ամիս»,- ասված էր կոմիտեի ուղարկած պաշտոնական գրության մեջ։ Իրար կողքի շարված մասնագիտական արտահայտություններն ու բառերը վերծանել չէր լինի, եթե չլիներ բանալի բառը՝ «Եվրոկոնտրոլ»: Պարզվում է՝ ըստ օդային ուղիներից օգտվելու մասին միջազգային բազմակողմ համաձայնագրի, ինչի տակ նաեւ Հայաստանն է ստորագրել, միմյանց օդային ուղիներից օգտվելու համար պետությունները ոչ թե ուղիղ իրար են գումար փոխանցում, այլ միջնորդավորված: Բոլոր երկրների ամենատարբեր ավիաընկերությունները թռիչք իրականացնելու հայտերը, այնուհետ նաեւ գումարները ուղղում են Բրյուսելում գտնվող «Եվրոկոնտրոլ» ընկերություն, ինչն էլ որոշում է օդային ուղուց օգտվելու գումարի չափը: Թռիչքն իրականացնելուց հետո ավիաընկերությունը 2-3 ամսվա ընթացքում բելգիական վերոնշյալ ընկերությանն է փոխանցում գումարը: «Եվրոկոնտրոլն» էլ իր հերթին այն ուղարկում է այն երկրին, որի օդային ուղուց օգտվել է ավիաընկերությունը: Այսինքն՝ ադրբեջանական ավիաընկերությունը գումարը Հայաստանին է փոխանցելու միջնորդավորված՝ «Եվրոկոնտրոլ»-ի միջոցով: Ոլորտի մասնագետները մեզ հետ զրույցում նշեցին, որ այդ գումարը մեծ թիվ չէ կազմում. 1 կմ օդային ուղու համար մոտավորապես 1 դոլար են վճարում: Այսինքն՝ ադրբեջանական ավիաընկերությունը ՀՀ օդային տարածքից օգտվելու համար մոտավոր 200 դոլարի չափով գումար է փոխանցելու:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելը ժամանակավոր բնույթ է կրելու: Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Պապիկյանին ՊՆ է ուղարկել մի նպատակով՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվոմ նախարարության ներսում: Բանն այն է, որ ՊՆ-ում, սահմանային իրավիճակին զուգահեռ, ներքին գզվռտոց է, եւ պաշտոնյաներից մինչեւ շարքային միմյանց վրա են գցում որեւէ աշխատանք կատարելու պատասխանատվությունը, միմյանց անգործության մասին հասցնում են ղեկավարներին եւ այսպես շարունակ: Արդյունքում նախարարությունը թափ տալու գործընթաց է սկսվելու, եւ այդ գործընթացի արդյունքում ընդհուպ բարձրաստիճան ազատումներ են սպասվում, այդ թվում` ԳՇ պետ Արտակ Դավթյան, նրա տեղակալներ եւ այլ գեներալներ:

 

 

Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 75 մլրդ 557 մլն 100 դրամ: «Ժողովուրդ»  օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 2.3 տոկոսով ավելացել է, այսինքն՝ մեր երկրում ավտոմեքենաների առեւտուրն ակտիվացել է: Ոչ միայն առեւտուրն է ակտիվացել, այլեւ ավտոմեքենաների գներն են բարձրացել: Պարզվում է՝ Քովիդի պատճառով աշխարհում ավտոմեքենա չի արտադրվել, եւ այժմ տեղական շուկայում վաճառվում են տարիներ առաջ ներկրված ավտոմեքենաները, այն էլ՝ բարձր գներով: «Հայաստանցիները եթե ավտոմեքենա ներկրում էին ԱՄՆ-ից, ապա միայն վնասվածը, իսկ ԱՄՆ քաղաքացին միայն սրահից ձեռք էր բերում նոր արտադրվածը: Հիմա ԱՄՆ քաղաքացուն ասում են, որ պետք է նոր մեքենայի համար սպասի կես տարի: Եւ որպեսզի չսպասի այդքան, նա ստիպված իր վթարված մեքենան է նորոգում ու օգտագործում: Օրինակ՝ Honda Civic ավտոմեքենան, եթե 2019 թվականին արժեցել է 17 000 դոլար, ապա հիմա այն 26 000 դոլար է»,- «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրեց ավտոմեքենա ներկրողը: Քովիդի ժամանակ, սակայն, ավտոմեքենաների գները 50 տոկոսով նվազել էին. այդ ժամանակահատվածում, երբ կարանտին էր, մարդիկ իրենց գոյությունը պահելու համար ստիպված իրենց 10 000 դոլարանոց ավտոմեքենան 4000 դոլարով էին վաճառում:




Լրահոս