«ԱՄՈԹԻ ՍԱՀՄԱՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ՞». ԷՄՄԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյմեբերի 15-ին Օղակաձեւ զբոսայգում կառուցված նոր ու ժամանակակից հանրային սքեյթ-պարկի բացման արարողությունը անհարմարություններ է պատճառել տեղի բնակիչներին: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ վաստակավոր արտիստ Էմմա Պետրոսյանը:

 

«Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ գտնվող Օղակաձեւ այգին հիմնանորոգում էին, ինչը մեզ բոլորիս ուրախություն  էր պատճառում, որ վերջապես այդ այգին նորոգվում է, եւ պարզվեց, որ երեկ այգում սքեյթ-պարկի պաշտոնական բացման արարողությունն էր: Ես շատ ուրախ եմ, խնդիրը դրանում չի, բայց վաղ առավոտից զբոսայգում տեղի են ունենում միջոցառումներ իրար հաջորդող, լեփ-լեցուն մարդիկ, սարսափելի աղմուկ, ինչը մեծ տհաճություն եւ անհարմարություն պատճառեց տեղի բնակիչներին: Բացում էլ կար, բացում էր, բայց նման ուրախ, զվարթ, պայծառ տոնախմբություն ո՞նց են կարողանում անել, երբ թուրքը մտել է մեր տան մեջ: Ես ուզում եմ հասկանալ ես, եւ այդ նույն հոծ բազմությունը, որ հավաքվել էր այնտեղ, նո՞ւյն երկրից ենք, թե՞ իրենք բոլորովին այլ իրականություն ունեն: Ինչպե՞ս կարող են նման ձեւով «պրազդնիկ» անել, երբ թշնամին մեր սահմանների ներսում է, երբ մենք հայրենիք են կորցնում, երբ մեր զինվորը թուրքի հետ կռիվ է տալիս, երբ կողքի շենքում դեռ անհետ կորած ու զոհված երեխաներ կան, որոնց ծնողները դեռ սպասում են»,- զայրացած պատմում է Էմմա Պետրոսյանը:

Երգչուհու կարծիքով՝ կարող էին կազմակերպիչները նման գունեղ հրավառության փոխարեն անել ավելի համեստ բացում եւ տոնախմբության չվերածել:

«Շատ վրդովված եմ, ինչպե՞ս կարող են վայելել նման ուրախ, զվարթ տոնախմբությունը, լավ, մեկ կամ երկու ժամը նրանց համար բավական չէ՞ր: Նույնիսկ ուզում էի գնալ եւ կազմակերպիչներին տեսնել, պարզապես հարցնել, թե արդյոք մենք նույն հայրենիքն ենք կիսում, թե ոչ: Հարցնել՝ ես եմ մղձավանջի մեջ, թե իրենք: Ես կրկին անգամ ասում եմ, որ հարցը այգին չէ, ես շատ ուրախ եմ, որ վերջապես այգին նորոգվել է, հարցն այս լարված մթնոլորտում նման խրախճանք կազմակերպելն է, երբ մեր սահմաններին ամեն ժամ  լարված է, շնչհեղձ ենք լինում, տեղներս չենք գտնում, իսկ հակառակ մայթին ուրախ, զվարթ թռչկոտում են: Ուզում եմ հասկանալ, թե սա անամոթության որ աստիճանն է: Ամոթի սահման գոյություն ունի՞, թե՞ ոչ»,-վորդովված նշում է մեր զրուցակիցը:

Նշենք, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արեւելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՀԱՄԵՐԳ՝ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ

Կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանի առթիվ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում համերգային ծրագիր կկազմակերպվի հանրահայտ երաժիշտների մասնակցությամբ։

 

Երեկոն տեղի կունենա նոյեմբերի 18-ին «Երաժշտական հինգշաբթի՝ Խաչատրյանի տանը» համերգաշարի շրջանակում:

Ելույթներ կունենան դաշնակահար Հայկ Մելիքյանը, սոպրանո Արծվիկ Դեմուրչյանը,  դաշնակահար Արմինե Գրիգորյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը, դաշնակահար Նաիրա Հակոբյանը, Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը` Էդուարդ Թադեւոսյան (1-ին ջութակ), Սյուզի Երիցյան (2-րդ ջութակ), Ալեքսանդր Կոսեմյան (ալտ), Անժելա Սարգսյան (թավջութակ): Համերգը կվարի Օլյա Նուրիջանյանը։

Ծրագրում կհնչեն Առնո Բաբաջանյանի կամերային ստեղծագործությունները՝ «Էքսպրոմտ», «Մեղեդի», «Վաղարշապատի պար», «Էլեգիա դաշնամուրի համար», «Վեց պատկեր դաշնամուրի համար», Վոկալիզ ձայնի եւ դաշնամուրի համար, Սոնատ ջութակի եւ դաշնամուրի համար, Կվարտետ թիվ 3` նվիրված Դմիտրի Շոստակովիչի հիշատակին:

Երեկոյի ընթացքում ներկաները տուն-թանգարանի համերգասրահում կարող են վայելել նաեւ կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի եւ Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյաններին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը։

 

 

 

ԿՊԱՅՔԱՐԻ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ

Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է 0։0 հաշվով ոչ-ոքին Հյուսիսային Իռլանդիայի հետ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրում։ Իտալիայի հավաքականը գրավեց երկրորդ տեղը եւ գարնանը անցումային հանդիպումներում կշարունակի պայքարը ուղեգրի համար։ Խմբում առաջին տեղը գրավեց Շվեյցարիան։ «Լավ պահ ունեինք առաջին խաղակեսում, սակայն դարձյալ չստացվեց։ Մենք ավելի վաղ կարող էինք նվաճել ուղեգիրը, սակայն ոչ-ոքին Բուլղարիայի հետ որոշիչ եղավ։ Դա սեպտեմբերին էր, ֆուտբոլիստները 100 տոկոսով պատրաստ չէին։ Երկու 11-մետրանոց չխփեցինք Շվեյցարիայի հետ հանդիպումներում։ Դրանք եւս վճռական եղան։ Բայց ես պահպանում եմ լավատեսական տրամադրվածությունն անցումային հանդիպումներից առաջ։ Մարտին կնվաճենք ուղեգիրը եւ կհաղթենք նաեւ եզրափակիչ մրցաշարում»,- Մանչինիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Անցումային հանդիպումների վիճակահանությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ին Ցյուրիխում։

 

 

ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԸ՝ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ

Ֆուտբոլի Սերբիայի հավաքականը աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը նվաճելու համար պետությունից ստացած պարգեւավճարը կհատկացնի բարեգործությանը: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրում Պորտուգալիայի հավաքականի նկատմամբ արտագնա խաղում տարած 2։1 հաշվով հաղթանակից եւ ուղեգիրը նվաճելուց հետո Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարեց, որ հավաքականին կվճարի 1 միլիոն եվրո պարգեւավճար։ Գումարն արդեն փոխանցվել է Սերբիայի ֆուտբոլային ասոցիացիայի հաշվեհամարին։ Հավաքականում միաձայն որոշել են գումարը հատկացնել անհետաձգելի բուժման կարիք ունեցող սերբ երեխաներին։

 

 

 

«ԲԱՐՍԵԼՈՆԱՆ» ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է

«Բարսելոնան» հետաքրքրված է Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Սեսար Ասպիլիկուետայի ծառայություններով։ Կատալոնական ակումբը կփորձի անվճար ձեռք բերել 32-ամյա իսպանացի խաղացողին հաջորդ ամռանը: Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Կողմերը դեռ չեն բանակցել երկարաձգման վերաբերյալ։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ասպիլիկուետան մասնակցել է 8 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։

 




Լրահոս