ԳՅՈՒՂԵՐԸ՝ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի եւ Սեմյոնովկա գյուղերի բնակիչների կազմակերպած բոյկոտը զուր էր։ Նշենք, որ այս գյուղերի բնակիչները մեկ մարդու նման չէին մասնակցել դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին, քանի որ դեմ են համայնքների միացմանը, խոշորացմանը։

 

ArmLur.am-ը եղավ Ծովագյուղում եւ զրուցեց բնակիչների հետ. նրանց պատմելով՝ չեն ցանկանում, որ իրենց գյուղը միանա Սեւան համայնքին, բայց դեմ չեն, որ Ծովագյուղին միանա Սեմյոնովկա համայնքը։ Ու թեեւ ծովագյուղցիները վստահ են, որ ընտրություններին չմասնակցելով՝ հարցը լուծվել է, իրականում դա այդպես չէ։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, ասաց. «Այդ բնակավայրերի տեղամասերից եկած թիվը՝ 0-ն, ուղղակի գումարվելու է մյուս տեղամասերում արձանագրված թվերին։ Դա ընթացակարգ է, խոշորացումը տեղի է ունեցել ավելի վաղ, այս ընտրություններով խոշորացում տեղի չի ունեցել։ Ընդունվել է օրենքը ավելի վաղ, տեղի է ունեցել համայնքների խոշորացում, որից հետո այդ համայքներում նշանակվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Այդ գյուղերն արդեն խոշորացված համայնքների կազմում են։ Երեկվա ընտրությունները որեւէ կապ չունեն համայնքների խոշորացման հետ, համայնքների խոշորացումն իրականացվում է օրենքով: Ծովագյուղը, Սեմյոնովկան Սեւանի կազմում են՝ անկախ այն բանից, որ երեկ բնակիչները չեն մասնակցել քվեարկությանը»։

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը դեռեւս սեպտեմբերի 8-ին հավանություն էր տվել ««Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծին: Սեպտեմբերի 24-ի ԱԺ-ի արտահերթ նիստում նախագիծը օրենքի ուժ ստացավ, եւ բոլոր 37 ձեւավորվող համայնքներում, անգամ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը չավարտված, տեղի ունեցան ավագանու ընտրություններ՝ կուսակցական ցուցակներով։ Այսպիսով, թեեւ ծովագյուղցիների բոյկոտը ստացված էր, եւ միասնականությունը նախանձելի էր դրսեւորված, բայց արդեն անիմաստ էր, քանի որ Ծովագյուղն արդեն խոշորացված է: Ընդամենը ծոցվագյուղցին ցույց տվեց իր համախմբվածությունը:

Ի՞նչ է անելու Գեղարքունիքի մարզպետարանը ծովագյուղցիների այս բոյկոտից հետո. հարցին պատասխանեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը:

«Մարզպետարանը ոչինչ չի անելու, կա կառավարության համապատասխան որոշում, համայնքների միավորումն այլեւս իրականություն է, կյանքի է կոչվել: Մեկ, երկու համայնք, հասկանալի է, իրենց ցավը, բողոքը կամ ցասումն է արտահայտել: Իրենք իրենց ուզածը արտահայտել են, լավ են արել: Օրենքը մնում է օրենք ու այլեւս օրենքը անբեկանելի է. երկու համայնքն էլ մտնում են Սեւան խոշորացված համայնքի մեջ»,- հայտարարեց մարզպետարանի ներկայացուցիչը:

ArmLur.am-ը Վանիկ Հարությունյանից հետաքրքրվեց՝ մարզպետարանից որեւէ մեկը գնացել է արդյոք այդ գյուղեր, փորձել է այդ բնակիչների հետ խոսել միավորման մասին, թե ոչ, քանի որ ծովագյուղցիները ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարել են, որ պատրաստ են անգամ ճանապարհ փակել, բողոքի ակցիաներ անել:

Մեր հարցին ի պատասխան՝ Հարությունյանն ասաց. «Դա լրիվ իրենց սահմանադրական իրավունքն է, մարզպետարանը Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համապատասխան վարչության հետ բազմիցս մեր բոլոր համայնքներով անցել է, ներկայացրել միավորումը, միավորման առավելությունները, նպատակները: Ես ասեմ ավելին՝ Սեմյոնովկա համայնքն ունի աշխատավարձերի պարտք՝ 5 մլն դրամի չափով, եւ չի՞ ցանկանում միավորվել»:

Մարզպետարանի ներկայացուցչից հետաքրքրվեցինք, թե ինչ ճակատագիր է սպասվում միավորված համայնքների ղեկավարներին:

«Այդ բնակավայրերի համայնքների ղեկավարների ԺՊ-ները, մինչեւ «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի համապատասխան կետը կյանքի կկոչվի, մինչեւ նորընտիր համայնքի ղեկավարը կամ, այսպես կոչված, համամասնականով ընտրված ավագանիների անդամները կստանան իրենց մանդատները, որից հետո 5 օրյա ժամկետում համայնքների ղեկավարների լիազորությունները դադարեցվում են»,- ներկայացրեց Հարությունյանը:

Այսինքն՝ օրեր անց պարզ կդառնա, թե բոյկոտած համայնքներում՝ Ծովագյուղում եւ Սեմյոնովկայում, ովքեր են նշանակվելու վարչական ղեկավարներ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԴՐՎԻ «ՍՊՈՒՏՆԻԿ ԼԱՅԹ»-Ը

Հայաստանում առաջիկայում արդեն շրջանառության մեջ կդրվի երկրում արտադրված «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը, որը կկիրառվի որպես երրորդ, այսինքն՝ խթանիչ դեղաչափ:

 

«Շատ ուրախալի է, որ ՀՀ-ում դեղագործական արտադրությունը եւս մեկ քայլ, շատ մեծ քայլ առաջ է գնում, իր ներուժն իրացնում է»,- ասել է  ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ինչպես մյուս պատվաստանյութերի դեպքում, այնպես էլ այս դեպքում, պետությունը կգնի պատվաստանյութը, եւ քաղաքացիները դա կստանան անվճար: Առաջիկա՝ շատ մոտ ժամկետներում պետությունը կիրականացնի գնման գործընթացները, եւ այն առկա կլինի պոլիկլինիկաներում: «Այս պատվաստանյութը միանշանակ լինելու է մեր տեսականու մեջ: Եվ մեր քաղաքացիները հենց երրորդ՝ խթանիչ դեղաչափի համար կարող են դիմել եւ ստանալ «Սպուտնիկ Լայթ» տարբերակը»,- ասել է նա:  Հայաստանում «Սպուտնիկ Լայթը»-ը հանդիսանում է երրորդ խթանիչ դեղաչափ ոչ միայն Sputnik V-ի երկու դեղաչափ ստացած, այլ նաեւ այլ պատվաստանյութերի երկու դեղաչափ ստացած անձանց համար:

«Բավականին երկար ճանապարհ անցանք Առողջապահության նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, «Լիկվոր» ընկերության, ինչպես նաեւ ռուս գործընկերների հետ: Համբերատար կերպով այդ ճանապարհն անցնելուց հետո եկանք, հասանք նրան, որ արդեն ունենք ՀՀ-ում արտադրված եւ բոլոր հսկողական չափանիշներն անցած պատրաստի արտադրանք, որը պատրաստ է մտնել շուկա»,- ասել  է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Լիկվոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանն էլ նշեց, որ շատ ուրախ են նախարարությունների եւ ռուսական ուղղակի ներդրումների ֆոնդի հետ համագործակցությամբ ՀՀ-ում պատվաստանյութի արտադրությունը իրականություն դարձնելու համար: «Մենք ռուսական կողմի հետ համագործակցում ենք: Ռուսական կողմի հետ, ըստ մեր պայմանագրի, կատարվել է տեխնոլոգիական տրանսֆեր, այսինքն՝ արտադրության տեխնոլոգիայի տրանսֆեր, մեր ընկերությունը վերարտադրել է այս պատվաստանյութը, ներդրումներն արվել են մեր ընկերության կողմից: Սա կարեւոր հաջողություն էր թե՛ մեր ընկերության, թե՛ մեր երկրի համար»,- ասել է նա:

Ընկերությունը ռուսական արտադրական կողմից ստացված մայր հումքը՝ սուբստրատը, վերամշակում է, այն անցնում է տեխնոլոգիական պրոցես, առաջնային փաթեթավորում, երկրորդային փաթեթավորում եւ սառնային ռեժիմի տակ պահպանում: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ գործընթացը սկսելիս նկատի են ունեցել նաեւ արտահանման հնարավորությունները, որը կբազմապատկի արտադրանքի ծավալները: Այսօր դեռեւս արտահանման պայմանագրեր չկան, բայց մի շարք երկրների հետ կան քննարկումներ: «Հիմա արդեն Մերձավորարեւելյան մի շարք երկրների հետ բանակցություններ գնում են, քննարկվում է նաեւ որոշ աֆրիկյան երկրներ արտահանելու տարբերակը: Վստահ ենք, որ այս ամենը, ռուս գործընկերների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ, շուտով հնարավոր կդառնա»,- ասել է Վ.  Քերոբյանը:

 

 

 




Լրահոս