ՀԱՅՏՆԻՆԵՐԻՑ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ՄԱԼԵՆԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթում Հայաստանի պատվիրակ Մալենայի հաղթանակն անտարբեր չի թողել ոչ միայն հայ հայտնիներին, այլ նաեւ քաղաքական գործիչներին։ Վերջիններս ուրախության եւ շնորհավորանքի խոսքեր են գրել երիտասարդ երգչուհուն: Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հիացմունքի խոսքեր է գրել Մալենայի մասին եւ նկատել, որ տարին սկսել ենք հաղթանակով եւ ավարտում ենք հաղթանակով:

 

«Երեք հաղթանակի ղողանջ լսվեց, այս տարվա մեջ հայի սրտում ոչ մի նախանձ եւ ոչ մի գոռոզություն չպետք է լինի, միայն ուրախություն եւ մեծ նվիրվածություն, որտեղ սուրբ գործ է կատարվում: Ես մեր այս հաղթանակը նվիրում եմ մեր հերոս տղերքին: Ես այս երգի բառերը կապելեյի մեր հերոս արծիվ տղերքի հետ: Նրանք վերեւում են ու չեն երեւում, բայց քո հետ են, հանկարծ չվախենաս: Քամու տեսքով մեր տղերքը Մալենային ուժ տվեցին, որ հաղթանակով գա մեր ժպտերես հայհույին, մենք հաղթեցինք: Փառք ու պատիվ ձեզ, մեր ժպտերես առյո՛ւծ տղերք, միշտ մեզ հետ եղե՛ք, եւ մենք էլ ձեզ միշտ հիշող լինենք»,-գրել է նա:

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, շնորհավորելով Մալենային, գրել է. «Սիրուն ջաաա՜ն, ուժեղ ու տաղանդավոր երգչուհի ու գժական էներգետիկա: Արժանավորագույն առաջին տեղ»:

Երգչուհի Զարուհի Բաբայանը նշել է, որ Մալենայի հաղթանակը Հայաստանին ցնծություն է բերել. «Շնորհավոր: Լուր, որը բերեց ցնծություն Հայաստան, լայն ժպիտ վերջին տարվա մեջ: Ապրես, հրա՛շք ջան, ապրի թիմը»:

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նշել է, որ ուրախությունից չի հավատում Հայաստանի հաղթանակին: «Ուռա՜, չեմ հավատում, ապրես, տաղանդավո՛ր ջան, ապրեք թիմ ջան, ուրախ եմ շատ»,- գրել է նա:

Երգչուհի Սիրուշոն Մալենայի հաղթանակի առթիվ գրել է. «Հայաստանը երկրորդ անգամ է հաղթում «Եվրատեսիլ»-ում»:

Երիտասարդ երգչուհի Մալենայի հաղթանակը շնորհավորել է նաեւ  Արայիկ Հարությունյանը, որը տեղադրել է լուսանկարներ եւ գրել. ««Եվրատեսիլ»-ը կընդունենք Հայաստանում»:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գրել է. «Ուտեմ մռութդ, նախշո՛ւն, շատ ապրես…»:

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հետաքրքիր գրառում է արել. «Հայաստանի քամու ուժը։ Հաղթանա՛կ»:

Նշենք, որ Հայաստանի պատվիրակի մրցութային  «Քամի, քամի» երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը, խոսքի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան եւ Դավիթ Ծերունյանը։ Մալենան դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրն է։ Իրական անունն Արփի է։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՆՈՐ ՊԵՂՈՒՄՆԵՐ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Աշնան վերջին Երեւան քաղաքի Կենտրոն համայնքի վարչական տարածքում գտնվող «Մանկական այգում» կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ բացվել են կառույցների հետքեր, կենցաղային եւ շինարարական խեցեղենի բեկորներ:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, գերատեսչության հանձնարարականով «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» մասնագետների կողմից տեղանքն ուսումնասիրվել է, եւ փաստագրվել է մշակութային շերտերի առկայություն, որից հետո Երեւանի քաղաքապետարանի եւ այգու վարձակալի հետ համագործակցությամբ սկսվել են հնագիտական պեղման աշխատանքները (արշավախմբի ղեկավար` Մերի Սաֆարյան)։

Հնագետների կողմից իրականացվել է տեղային հետազոտություն մշակութային շերտերի ուսումնասիրության նպատակով, որից հետո արշավախմբի կողմից հարակից փոքր տեղամասերով իրականացվող պեղումների արդյունքում բացվել են աղյուսաշար պատերով ու հատակով «սենյակների» մնացորդներ։

Գտածոների մեջ շատ են դեղնավուն եւ աղյուսագույն կավից պատրաստված, դեղնավուն անգոբով պատված կենցաղային տարբեր խեցանոթների բեկորներ, ջնարակապատ, հախճապակե ու ճենապակե տարբեր անոթների կտորներ (ուշ միջնադարից խորհրդային շրջանով թվագրվող), տարբեր կենդանիների (հիմնականում ոչխարի եւ կովի) ոսկորներ, պղնձի համաձուլվածքից պատրաստված մանրամասներ՝ ինչպես կենցաղային կիրառության, այնպես էլ դեկորատիվ հարդարանքի համար նախատեսված։

Առանձնանում են արաբատառ դաջվածքով զանգակատիպ ծխամորճի կտորը (15-18 դդ.), բրոնզից պատրաստված (փականային համակարգը երկաթե սնդուկի) կողպեքը (19-րդ դ. վերջ) եւ պղնձի համաձուլվածքից դրամը (վերջինիս նստվածքը մաքրելուց հետո նոր պարզ կլինի, թե որ շրջանի դրամ է)։

Համաձայն հնագետների հավաստման՝ հայտնաբերված մշակութային շերտն ու գտածոները նոր լույս կսփռեն Երեւան քաղաքի պատմության վրա։

Պեղումները մոտենում են ավարտին, իսկ բացված հատվածների հետագա պահպանությունն ու դրա հնարավոր տարբերակները քննարկվում են Երեւանի քաղաքապետարանի եւ այգու վարձակալի հետ։

 

 

ԿՈՂՄ ԵՆ ՔՎԵԱՐԿԵԼ

«Բարսելոնայի» անդամները կողմ են քվեարկել «Էսպաի Բարսա» նախագծի ֆինանսավորման նպատակով 1,5 միլիարդ եվրո վարկ վերցնելու որոշմանը. հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։ Նախագծին կողմ է քվեարկել 87,8 տոկոսը։ «Էսպաի Բարսան» ներառում է «Կամպ Նոու» ստադիոնի ճարտարապետական վերակառուցումը, «Մինիէստադի» ստադիոնի եւ «Պալաու Բլաուգրանա» մարզապալատի վերակառուցումը։ Կբացվեն նոր ռեստորաններ, խանութներ, կվերակառուցվեն ակումբային վարչական հատվածն ու թանգարանը։ Սպասվում է, որ վարկը կտրամադրի Goldman Sachs բանկը։

 

 

ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Իտալական «Ռոման» նոր պայմանագիր կառաջարկի թիմի ֆրանսիացի կինտրոնական կիսապաշտպան Ժորդան Վերետուին: Հունվարին ֆուտբոլիստի գործակալը ակումբի ղեկավարության հետ կքննարկի նոր պայմանները։ Հռոմեական ակումբը մտադիր է Վերետուին առաջարկել երկարաժամկետ պայմանագիր։ Ընթացիկ մրցաշրջանում Վերետուն «Ռոմայի» հետ մասնակցել է 23 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Վերետուի տրանսֆերային արժեքը գնահատում է 33 միլիոն եվրո։ Նա 2020 թվականի աշնանն է միացել «Ռոմային», որի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024 թվականի հունիս։ Նա հանդես է եկել նաեւ «Ֆիորենտինայում», «Սենթ Էթյենում», «Աստոն Վիլայում» եւ «Նանտում»։

 

 

ՉՈՐՍ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ակումբի ղեկավարությանը ներկայացրել է 4 ֆուտբոլիստների, որոնց պատրաստ է բաց թողնել հունվարին։ «Բարսելոնան» ստիպված է բաժանվել բարձր աշխատավարձ ունեցող ֆուտբոլիստներից, որպեսզի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարողանա ձեռք բերել նոր խաղացողների. հաղորդում է Mundo Deportivo-ն։ Թիմից կհեռանա հոլանդացի հարձակվող Լյուկ դե Յոնգը, որը վարձակալությամբ է հանդես գալիս։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Սեւիլիային»։ Բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն եւս չի մնա «Բարսելոնայում»։ Ցուցակում են նաեւ ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտին եւ բրազիլացի դարպասապահ Նետոն։

 




Լրահոս