Խորհրդարանում մեկնարկած հերթական քառօրյան բոյկոտելով՝ Ազգային ժողովի «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ մեկնում են Արցախ ու ՀՀ սահմանամերձ մարզեր՝ բանկիչների հետ հանդիպում-քննարկումներ ունենալու, սակայն նույն օրը՝ երեկոյան, արդեն պարզ դարձավ, որ Արցախ մեկնող պատգամավորներին թույլ չեն տվել Արցախ գնալ:
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղթելյանի փոխանցմամբ՝ ռուս խաղաղպահները ցուցակ են ունեցել, որտեղ գրված է եղել այն պատգամավորների անունները, որոնց մուտքն արգելվել է:
Իսկ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց. «Տարակուսանքի տեղիք է տալիս նաեւ այն փաստը, որ երեկ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի թույլատրել Հայաստանի Հարապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ: Ինչո՞ւ է տարակուսանքի տեղիք տալիս. որովհետեւ այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար էլ նախատեսված է, որ ապահովի Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի կապը: Եվ, ի դեպ, ուզում եմ ասել, որ միջանցքում որեւէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել եւս՝ Ազգային ժողովի պատգամվորների շարժն արգելելու կամ արգելափակելու, որովհետեւ հենց դա դրա համար է, որ ապահովի կապը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ»:
Չստացված այցի մանրամասների մասին ArmLur.am-ը զրուցել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ:
-Պարո՛ն Աբրահամյան, մանրամասներ կհայտնե՞ք սահմանակետում տեղի ունեցած դեպքերից: Ինչո՞ւ ձեզ թույլ չտվեցին մտնել Արցախ:
-Առաջին բոցը տրվեց խորհրդարանում, երբ ընդդիմության հայտարարություններից հետո Արցախ եւ Հայաստանի տարբեր մարզեր մեկնելու եւ հասարակության հետ շփվելու, հանդիպելու, քննարկելու մասին իշխանության տարբեր անհասկանալի դեմքեր սկսեցին հայտարարություններ հնչեցնել, ինչով նաեւ սադրեցին Ադրբեջանին՝ հակընդեմ հայտարարություններ հնչեցնելու, սպառնալիքներ տալու: Արդյունքում ստեղծվեց իրավիճակ, երբ Ադրբեջանը սկսեց պրինցիպալ, սկզբունքային համարել այդ նիստի կայացումն Արցախում տապալելը: Ես նաեւ ուզում եմ հիշեցնել, որ այդ ամենը պայմանավորված էր Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպվելիք լսումների հետ, եւ մեր այցը, մասնակցությունը, որը կրում էր պաշտոնական կարգավիճակ, նպատակ էր հետապնդում մասնակցություն ունենալ այդ լսումներին, ներդաշնակել մեր մոտեցումները, հասկանալ, թե այդպիսի իրավիճակում ինչպես պետք է առաջ շարժվել:
-Այժմ չեղարկվե՞լ է այդ նիստը:
-Որքանով ես եմ տեղյալ, դրանք չեն տապալվել: Դրա նշանակությունը Հայաստանի խորհրդարանականների մասնակցությամբ այլ բովանդակություն կստանար: Հրավեր ուղարկված էր նաեւ իշխող ուժին, եւ այս պարագայում իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարությունները ոչ միայն զզվանք էին առաջացնում, այլ նաեւ նոր իրավիճակ ստեղծեցին, նոր ռիսկեր եւ սպառնալիքներ:
-Ձեզ արգելողն ո՞վ է եղել:
-Ռուսական անցակետում, այսինքն՝ այն հատվածում, որտեղ ծառայություն էին կրում ռուս խաղաղապահները, ունեին ցուցակ եւ ասացին, որ հրաման ունեն մեզ այնտեղ ներս չթողնելու: Իհարկե, նրանք անուններ չնշեցին, սակայն պարզ է, որ հրաման ունեին ներս չթողնելու:
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում տարակուսանք հայտնեց, թե ինչու Ձեզ ներս չեն թողել: Այդ մասով ի՞նչ կարող եք ասել:
-Իշխանությունը փորձում է ցույց տալ, թե ինքը առնչություն չունի այդ ամենի հետ, սակայն նրանց հայտարարույթուններն արդեն ցույց են տալիս իրականությունը: Առաջիկա օրերին կրկին կգնանք Արցախ: Վերջին իրադարձություններից հետո երկու անգամ եղել եմ Արցախում: Պատվիրակության այցի մասով դեռ բան չեմ կարող ասել, ժամկետներ չկան, իսկ ես ինքս առաջիկայում կրկին մեկնելու եմ:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՎԱՏ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Համաշխարհային բանկի կողմից ապրիլի 11-ին հրապարակվել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսական զարգացումների վերաբերյալ զեկույցը, որում ներկայացված են նոր կանխատեսումներ, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության մասով:
Համաձայն Համաշխարհային բանկի վերջին կանխատեսումների` 2022 թվականին Հայաստանում տնտեսական աճը կնվազի եւ կկազմի 1.2%, սակայն 2022թ. հունվարին արվել էր 4.8% կանխատեսում: Հետաքրքիր է, որ 2023 թվականի տնտեսական աճի սպասումները եւս նվազեցվել են` այս անգամ կազմելով 4.6%` հունվարի 5.4% կանխատեսման փոխարեն:
Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ 2022թ. կկրճատվեն մասնավոր տրանսֆերտները եւ իրական աշխատավարձերը: Անորոշությունների աճի պայմաններում ներդրումները եւս կկրճատվեն` գրանցելով -0.9% անկում: Մյուս կողմից, Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն՝ գյուղատնտեսության ոլորտը կշարունակի ճնշվել կառուցվածքային խնդիրների առկայության պատճառով, ինչի արդյունքում ոլորտում 2022թ. ակնկալվում է ընդամենը 0.2% աճ: Արդյունաբերության ճյուղը եւս զգալիորեն կտուժի առկա անորոշությունների բարձր մակարդակից` կրճատվելով մինչեւ -1.1%: Ծառայությունների ճյուղը սպառման կրճատման ֆոնին կաճի համեստ տեմպով` գրանցելով ընդամենը 2.6% աճ:
Տնտեսական աճի դանդաղմանը համընթաց Համաշխարհային բանկի կանխատեսումներով պետական եկամուտները եւս կկրճատվեն` կազմելով ՀՆԱ-ի 24.0%-ը: Դրան զուգահեռ` պետությունը հարկադրված է լինելու ընդլայնել ծախսերը, հատկապես՝ սոցիալական աջակցության ծրագրերի միջոցով: Նշվում է, որ հանքահումքային ապրանքների շուկայում 2022 թվականին գնաճը Հայաստանում կկազմի 9.8%:
Նույն կանխատեսումներով 2022 թվականին աղքատության մակարդակը (նկատի է առնվում 2011թ. գներով, գնողունակության պարիտետով ճշգրտված 5.5$-ի շեմը) Հայաստանում կկազմի 39.6%: Ընդ որում, ռուս-ուկրաինական պատերազմի տեղի չունենալու պարագայում այս ցուցանիշը ակնկալվում էր 36.6%-ի մակարդակում: Համաշխարհային բանկի զեկույցում նաեւ նշվում է, որ մասնավոր տրանսֆերտների կրճատման, կոմունալ վճարների թանկացման եւ սննդամթերքի գների բարձրացման պայմաններում կաճի բնակչության խոցելիությունը:
«ՄՈՒՏՔԸ ԱՐԳԵԼԵԼԸ ՄՏԱՀՈԳԻՉ Է» Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դժվարացավ ասել՝ որն է պատճառը, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավոներին երեկ թույլ չի տրվել մուտք գործել Արցախ։ «Փառուխի, Խրամորթի հայտնի դեպքերի ժամանակ Արցախում էի։ Չգիտեմ՝ ինչու չեն թողել։ Ես շատ սովորական անցել եմ բոլոր հնարավոր անցակետերով եւ Արցախ եմ մտել առանց խոչընդոտի։ Չեմ հասկանում՝ ինչը կարող էր պատճառ լինել որեւէ քաղաքացու մուտքն արգելելու համար, կապ չունի՝ պատգամավոր է, թե ոչ, մուտքն արգելելը մտահոգիչ է շատ», – նշեց Թովմասյանը։ Նախօերին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել ու մտահոգություն հայտնել, որ «ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ». «Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետեւեն դրա տառին եւ ոգուն, ինչպես նաեւ իրականացնեն ստանձնած պարտավորությունները»:
Անդրադառնալով ԱԳՆ հայտարարությանը՝ Թովմասյանն ասաց, որ սա Նիկոլ Փաշինյանի հերթական քաղաքական մտքի թռիչքն է, որ «որեւէ հարցում միշտ մեղավոր են ուրիշները, բայց ոչ երբեք Փաշինյանը, հետեւաբար այս դեպքում էլ «խաղաղապահներն են մեղավոր, բայց ոչ ՀՀ իշխանությունները»»։ «Չէ՞ որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն է ցուցակագրում պատգամավորներին ու ցուցակն ուղարկում է համապատասխան տեղ։ Թե որ համապատասխան տեղն է ուղարկել, եւ որտեղից է հրահանգը իջեցվել, որ պատգամավորները չպետք է մտնեն Արցախ, «շան գլուխն» արդեն այդ հատվածում է թաղված, ինչպես ասում են», – եզրափակեց պատգամավորը։