Արմեն Գրիգորյանի նկատմամբ կալանք կիրառելն անընդունելի էր. իրավապաշտպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի գնահատմամբ՝ դատարանի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանի նկատմամբ կալանք կիրառելն անընդունելի էր: ArmLur.am-ի հետ զրույցում բացատրում է՝ կալանքը որպես խափանման միջոց պետք է ծայրահեղ դեպքում կիրառվել, երբ անձը կարող է խուսափել քննությունից, լքել երկիրը կամ խափանման միջոց չկիրառելու դեպքում կարող է այլ անձի առողջությանը, կյանքին վտանգ սպառնալ։

«Չեմ կարծում, թե Գրիգորյանը վերոնշյալներից որևէ գործողություն կաներ, ու այն մեղադրանքով, որը նրան էր վերաբերում, կալանք կիրառելը անընդունելի էր,- նշում է մեր զրուցակիցն ու ավելացնում, – Կարելի էր ընտրել թե՛ ստորագրությամբ ազատության մեջ թողելու, թե՛ գրավը կիրառելու միջնորդությունը, ու հանգիստ անցնել նախաքննության գործընթացին»:

Նա սահմռկեցուցիչ է որակում տեսարանը, թե ինչպես է ՀՀ քաղաքացին մահանում դատարանի դահլիճում։ Իրավապաշտպանի գնահատմամբ՝ կյանքի և առողջության իրավունքի պահպանման առումով մենք դեռևս շատ հեռու ենք պատշաճ պայմաններ ապահովելու առումով:

«Ինչ վերաբերում է պատշաճ բուժօգնության տրամադրմանը, ապա բազմաթիվ կալանավորված և դատապարտված անձինք դիմում են ծայրահեղ քայլերի՝ հացադուլի կամ ինքնավնասումների, որպեսզի լուծում ստանան իրենց առողջական խնդիրները։ Հատկապես Արմավիր քրեակատարողական հիմնարկում նման դեպքերը բազմաթիվ են, ու թեև Արմավիր ՔԿՀ֊ն համեմատաբար նորակառույց է, սակայն բազմաթիվ խնդիրներ ունի՝ կապված պահման պայմանների հետ։ Այդ ՔԿՀ֊ն չունի օդափոխման համակարգ, ամռան շոգին գրեթե անհնար է ամբողջ օրը գտնվել խցում»,- ընդգծում է մեր զրուցակիցը:

Սևակ Վարդումյան




Լրահոս