Սուրեն Պապիկյանը Մակրոնի աշխատակազմի խորհրդականի հետ քննարկել է պաշտպանական ոլորտում գործակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 10-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն: Այս մասին տեղեկանում ենք Պապիկյանի ֆեյսբուքյան էջից։

«Շնորհակալություն եմ հայտնել Ֆրանսիայի կառավարությանը` Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան խստորեն դատապարտելու, ճշգրիտ և հասցեական գնահատականներ տալու, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին աջակցելու համար: Ներկայացրել եմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:

Տիկին Դյումոնը վերահաստատել է ֆրանսիական կողմի դիրքորոշումը, ըստ որի`ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությանը, մասնավորապես` սեպտեմբերի 27-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր»,-նշված է նախարարի գրառման մեջ:




Լրահոս