Ղրիմում իրավիճակը հանգիստ է, տեղի հայերը ավելի շատ մտահոգված են Հայաստանով: Այս մասին ArmLur.am-ին փոխանցեց Ղրիմի հայկական համայնքի ղեկավար Գեորգի Հակոբյանը: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամուրջի հատվածներից մեկում վառելիքով լի ցիստեռն էր պայթել: Կամրջի երկու ավտոմոբիլային հատվածները մասամբ փլուզվել են: Այժմ երթեւեկությունը վերականգնվել է:
«Պայթյունի առաջին օրը ժողովուրդը մի քիչ խառն էր, բայց հիմա ամեն ինչ նորմալ է, հանգիստ, խնդիր չկա այստեղ: Մի քանի ժամ փակեցին, ստուգեցին ու վերանորոգվում է ուժեղ տեմպերով: Ավտոմեքենաները գնում, գալիս են, երկաթուղին գործում է, ուտելիքը կա… ամեն ինչ կարգին է, մի անհանգստացեք, ճիշտ է իրադրությունը լարված է, բայց խուճապ չկա: Այստեղի հայերն ավելի շատ Հայաստանով են մտահոգված»,- ArmLur.am-ին ասաց Գեորգի Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր, որ Ղրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվածների թվում նաև Հայաստանի քաղաքացի կա:
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ռուսաստանի 5, Ուկրաինայի և Հայաստանի 3 քաղաքացիներ:
Հրապարակվել է նաև Հայաստանի քաղաքացու անունը՝ Արթուր Տարչանյան:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ պայթուցիկ սարքը, որով պայթեցվել է կամուրջը՝ ի թիվս այլ երկրների, տեղափոխվել է նաև Հայաստանի տարածքով:
Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից այսօր տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները:
Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:
Օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ միջազգային փոխօգնության ինստիտուտի կիրառմամբ, Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ:
Սյունէ Համբարձումյան