Օրերս Ռուբեն Հախվերդյանի կողմից արված արտահայտությունները շատ մարդկանց վրդովմունքի առիթ դարձան: Մի մասը նրան հասկացավ, մյուսները քննադատեցին: Հիմա էլ կլսենք նրա ընկեր-կոլեգաների կարծիքները:
Մինչ այդ մեջբերենք պարոն Հախվերդյանի խոսքերը. «Իշխանություններին այնքան էլ հետաքրքիր չէ, թե ով ինչ է ասում` լինի մեծ շանսոնյեն, թե փոքր Հախվերդյանը: 20 տարի ասում եմ, ինչի՞ տեղ ա անցնում: Կասե՞ք` որն է տարբերությունը. Ցեղասպանության ժամանակ 1,5 միլիոն մարդ սպանվեց, այս տարիների ընթացքում 1,5 միլիոն մարդ գնացել ա Հայաստանից: Անպայման Ազնավո՞ւրը պիտի ասի դրա մասին: Արտագաղթը հետեւանքն է, պետք է մտածել պատճառների մասին: Ես էլ եմ մտածել Հայաստանից գնալու մասին: Որ ես մնացի, իմ երեխաներն այստեղ ի՞նչ են անելու, եթե պետք լինի, կգնամ: Այսօր հայ երիտասարդների 50 տոկոսից ավելին ներքին էմիգրացիայի մեջ է, ամեն օր մտածում է գնա՞լ, թե՞ մնալ: Իսկ ովքեր արտասահմանում իրենց տեղն ունեն, սպանես` չեն գա Հայաստան: Գան ի՞նչ անեն, Մասիս սարին նայե՞ն, Մասիսին տելեվիզրով էլ կարող են նայել»:
ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆ
-Ռուբոն սիրում ա էքսցենտրիկ բաներ ասել, ինքը հաստատ էս երկրից չի գնա: Ես դրանում ուղղակի համոզված եմ: Դե հիմա դեպրեսիայի մեջ է, ասել է: Երբ ինձ մոտ առաջին անգամ ասաց այս բանը, ես կատակեցի` ասելով` դե ուրեմն երկրի վիճակը կլավանա: Հարցական հայացքով նայեց վրաս, հարցրեց` այսի՞նքն, ասացի որովհետեւ երկուսն էլ հնարավոր չէ: Ցանկացած մարդ կարող է վիրավորվել: Ժամանակին Անդրանիկն էլ է վիրավորվել, հեռացել, բայց դա չի նշանակում, որ նա դավաճանել է: Խռոված էրեխեն ո՞նց ա ասում, որ հեսա տանից կգնամ, նույնն էլ Ռուբենն ա ասել: Ես օպտիմիստ եմ, վերջում ինչ-որ լույս կա: Ամեն ինչ լավ է լինելու:
ԱՐՏԱՇ ԱՍԱՏՐՅԱՆ
-Ռուբեն Հախվերդյանի նման արվեստագետներն ամբողջ աշխարհում լավ են ապրում, ինչի՞ պետք ա իրա պես մարդը վատ ապրի, որ չկարողանա հանապազօրյա հացը հայրենիքում վաստակել:
Հիմա ժողովուրդն այն վիճակում ա, որ կիսվել ա աշխարհով մեկ: Հացի համար են մարդիկ մեկնում: Ինքս դեմ եմ արտագաղթին: 8 տարի ապրել եմ ԱՄՆ-ում, բայց հետ եմ եկել: Ամեն մի գնացող գնում ա կրկին հետ գալու նպատակով: Ամեն մեկն էլ կարիք ունի իր երկրում ապրելու, պարզապես հնարավորությունները թույլ չեն տալիս: Ուզում եմ հայրենիքս լավ լինի: Լավ կլինի, որ հենց երկրում լուծվեն մարդկանց խնդիրները: Նրանց տեղ տան, ոչ թե թեւերը պոկեն, մարդիկ ստիպված հեռանան երկրից: Օտար ափերում մարդն ամենամեծ արժեքն ունի, իսկ այստեղ ընկած մարդուն չեն ուզում օգնել: Կանգնած մարդուն էլ ուզում են գցել:
Եթե մեր երկիրը լավ լինի, ես մեկնելու տեղ չունեմ: Եթե ազգը չուզենա պարի, ուրախանա, քեֆ անի, գնա համերգ, մենք մնանք այս երկրում, ինչո՞վ ապրենք: Մեզ էլ հասկանալ է պետք: Չեմ բացառում մեկնելու փաստը, չգիտեմ` վաղն ինչ կլինի այս երկրում: Տա Աստված` լավ լինի, որ չգնանք, ու մեր բալեքն օտարության մեջ չմեծանան:
Թող մեր ժողովրդին ղեկավարողները մի քիչ ուշադիր լինեն արվեստագետների նկատմամբ: Պետք է արժեւորեն ամեն մի հայի: Այսօր ես կգնամ, վաղը` դուք, մյուս օրը` ուրիշ մի ընտանիք: Հետո՞, ազգն ի՞նչ կդառնա:
ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
-Ռուբեն Հախվերդյանի խոսքերը չեմ կարող քննարկման առարկա դարձնել: Նա ինձ համար մեծ վարպետ է, ով տարիներ շարունակ միակն է իր ժանրում: Ես իր փոխարեն լինեի, այդքան բարձրաձայն չէի ասի դրա մասին:
Էնպես չէ, որ մենք լավ ենք ապրում, բայց հայրենիքից չենք գնում: Հետո էլ արտագաղթի տարբեր տեսակներ կան: Արտագաղթել են պատերազմի տարիներին, ովքեր պատերազմից վախեցան, փախան, հարստացան, հետո եկան, տնատեր դառան, իսկ մարդիկ կռվեցին ու էսօր վարձով են ապրում: Կա վախկոտների արտագաղթ, թուլամորթների եւ աշխատանք փնտրողների, որոնք այստեղ հնարավորություն չունեն ապրելու:
Ես ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայից գործնական առաջարկներ շատ եմ ունեցել, բայց երբեք չեմ ցանկանա իմ երկրից գնալ: Նույնիսկ երբ հյուրախաղերի եմ մեկնում, աշխատում եմ հնարավորինս շուտ վերադառնալ: Ուրիշ տեղ չեմ զգում ինձ այնպես, ինչպես իմ տանը: Ես այսօր վարձով եմ ապրում, չնայած փորձում եմ նաեւ տուն կառուցել, բայց չգիտեմ, եթե այս տեմպերով գնա, կհասցնե՞մ վայելել այդ տունը: Գիշեր-ցերեկ իմ աշխատածն էդ տան վրա եմ դնում: Թող ժողովուրդը լավ ապրի, մեկս մյուսով: Ես էստեղ ծնվել եմ, էստեղ էլ մեռնելու եմ: Մի քիչ պապիկավարի ստացվեց, բայց այդպես եմ մտածում: