Դժվար է գնահատել հայկական կողմի դիրքորոշումը. Զախարովան արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ռուսական առաջարկների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ։

«Դժվար է գնահատել հայկական կողմի դիրքորոշումը, երբ նույն հարցի շուրջ պաշտոնական Երևանի հայտարարությունները էապես տարբերվում են։ Նշված ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետը խոսել է ռուսական առաջարկների հիման վրա փաստաթուղթը ստորագրելու մտադրության մասին, և միևնույն ժամանակ, Արևմուտքի կողմից հրահրվող հակամարտության ինչ-որ «համապարփակ լուծման» նախապատվության մասին»,-ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կրկին ակնարկել է, որ Մոսկվայի սրտով չէ 1991 թ-ի Ալմա Աթայի հռչակագրի օրակարգ բերելը, որում խոսվում է նաև ՀՀ տարածքային ամբողջականության մասին։

«Բաքվի հետ խաղաղության պայմանագրի մշակման գործընթացում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելու Երևանի մոտեցումը, որն ամրագրված էր 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթնաժողովին հաջորդած հայտարարության տեքստում, արմատապես փոխել է բանակցային գործընթացի տրամաբանությունը Ալմա-Աթայի հռչակագիրը հաստատում է Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը։ Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը մտնում էր Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ։ Իհարկե, այս հանգամանքը շատ դժվար է անտեսել Բաքվի և Երևանի խաղաղ գործընթացում»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։




Լրահոս