Վերահաս աղետի համատեքստում միջազգային հանրության անգործությունն անընդունելի է․ Արցախի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի՝ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման կապակցությամբ․

«Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա 120 000 բնակչության մեկ ամիս շարունակվող շրջափակումը 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումն է Արցախի ժողովրդի վրա։

2022 թ․ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արգելափակել են Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքը։ Արդյունքում հանրապետությունում օրեցօր սրվում է առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի, պարենի և վառելիքի պակասը։ Շրջափակման կործանարար ազդեցությունը խորացնելու նպատակով Ադրբեջանը փակել էր իր կողմից օկուպացված տարածքներով Հայաստանից Արցախ հասնող գազի մատակարարումը։

Հետագայում գազամատակարարումը վերականգնվել է, սակայն 2023 թ․ հունվարի 9-ին դադարեցվել է Հայաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի վթարի պատճառով, որը ևս անցնում է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքով։ Մինչ այսօր Ադրբեջանը միտումնավոր խոչընդոտում է վթարավերականգնողական աշխատանքները, ինչը վկայում է նրա քայլերի կանխամտածվածության մասին։ Այսպիսով, Ադրբեջանի գործողությունները 120 000 բնակչություն ունեցող Արցախը կանգնեցրել են հումանիտար աղետի շեմին։ Արցախի շրջափակումը 2020 թ․ Թուրքիայի և Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ուղղակի շարունակությունն է։

Չկարողանալով Արցախի ժողովրդին իր հայրենիքից վտարել ռազմական ճանապարհով՝ Ադրբեջանը զինադադարի հաստատումից ի վեր, ավելի քան երկու տարի, հետևողական փորձեր է ձեռնարկում քիչ ակնհայտ, բայց ոչ պակաս անմարդկային մեթոդներով իր հանցավոր նպատակներին հասնելու համար։ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի ամբողջությունը և նրա բարձրագույն ղեկավարության՝ Բաքվի իրական մտադրությունները բացահայտող պաշտոնական հայտարարությունները վկայում են, որ Արցախի Հանրապետության շրջափակումը Ադրբեջանի քաղաքականության հերթական գործիքն է՝ ուղղված Արցախի ժողովրդի ոչնչացմանը։ Միտումնավոր ստեղծելով անտանելի կենսապայմաններ՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում խարխլել Արցախի ժողովրդի ընդհանրությունն ու ամբողջությունը՝ պարտադրելով օտարացում իր պատմական հայրենիքից և հրաժարում սեփական հավաքական իրավունքների իրացումից։

Ադրբեջանի գործողությունները, անկասկած, նրա ցեղասպան քաղաքականության շարունակությունն են։ Կոչ ենք անում պետություններին, որոնք գործում են և՛ անհատապես, և՛ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, համաձայն մարդու իրավունքների պաշտպանության և ցեղասպանության հանցագործության կանխարգելման նկատմամբ ունեցած համընդհանուր հանձնառության, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ անհապաղ կանխարգելելու ցեղասպան գործողությունները, որոնք Ադրբեջանը համակարգված կերպով իրականացնում է Արցախի ժողովրդի դեմ՝ բացարձակ անպատժելիության մթնոլորտում։ Միջազգային հանրությունն ունի անհրաժեշտ գործիքակազմը և իրավական բոլոր հիմքերը՝ միջամտելու Արցախում ստեղծված և օրեցօր վատթարացող իրավիճակին։

Վերահաս աղետի համատեքստում միջազգային հանրության անգործությունն անընդունելի է, այդ թվում նաև այն պատճառով, որ դա Ադրբեջանի իշխանությունների կողմից դիտարկվում է որպես իրենց հանցավոր գործողությունների լուռ խրախուսում»։




Լրահոս