2022թ. ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրավասու այլ մարմիններին սկզբնական տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաեւ նախաձեռնված քրեական վարույթների շարժի վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում օրենքով վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 1862 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 470 քրեական վարույթ։
Տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 249 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 117-ը՝ պաշտոնեական դիրքի չարաշահումների եւ յուրացումների, 92-ը՝ տնտեսական գործունեության զանազան խախտումների, այդ թվում՝ մաքսանենգ կամ կեղծ ապրանքագրերով ներմուծումների, ինչպես նաեւ հարկերից եւ տուրքերից խուսափումների, 30-ը՝ աշխատավարձի տրամադրում իրականում չաշխատող անձի, 10-ը՝ փոխհատուցման անօրինական տրամադրումների մասին։
Թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 84 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 45-ը՝ թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի մաքսանենգ ներմուծման կամ իրացման, 39-ը՝ թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի անօրինական օգտագործման վերաբերյալ։
Հաշվետու տարում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչների վարույթում եղել են 1105 քրեական վարույթներ, որից Դեպարտամենտի քննիչների կողմից նախաձեռնվել է 443 քրեական վարույթ, 42-ը անջատվել են այլ վարույթներից, 268-ը ստացվել է այլ մարմիններից, վերսկսվել է 278 քրեական վարույթ, 5-ը հարուցվել է տվյալ տարածքը սպասարկող դատախազի կողմից, 1-ը դատախազի կողմից վերադարձվել է լրացուցիչ քննության, իսկ թվով 68 քրեական գործ 2021թ-ից փոխանցվել է 2022թ.:
Հաշվետու ժամանակահատվածում քննչական դեպարտամենտի վարույթում քննված քրեական վարույթներից դատարան է ուղարկվել 79 վարույթ` 116 անձանց նկատմամբ, կարճվել է 129 քրեական վարույթ` 10 անձանց նկատմամբ, կասեցվել է 54 քրեական վարույթ, 435 քրեական վարույթ՝ 105 անձանց վերաբերյալ, ուղարկվել է՝ ըստ քննչական ենթակայության, 116 վարույթ միացվել է ՔԴ-ում քննվող այլ վարույթների, 292 քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաքննություն իրականացված քրեական վարույթներով, այդ թվում՝ նախորդ տարիներից փոխանցված վարույթներով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 34.871.179.017 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 32.144.587.787 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը` 704.639.069 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանցը` 2.021.952.161 ՀՀ դրամ:
Ընդ որում՝ նշվածներից, այդ թվում՝ ավարտված վարույթներով, նախաքննության փուլում վերականգնվել է ընդհանուր 14.351.883.303 ՀՀ դրամ, որից միայն 2022 թվականի ընթացքում՝ ընդհանուր 5.278.456.073 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված վնասից` 5.007.884.856 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց` 270.571.217 ՀՀ դրամ:
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՄԱՐԻԽՈՒԱՆԱ
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կառույցի հիմնական պատի եւ բնակելի մասնաշենքի միջնամասում հայտնաբերել են Մարիխուանայի նմանվող զանգված։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ հունվարի 21-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, «Վանաձոր» ՔԿՀ ծառայողները տեղանքի զննություն են իրականացրել` իրացնելով նույն հիմնարկի օպերատիվ բաժնում ստացված տեղեկությունները:
Տեղազննության արդյունքում նշված տարածքից հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում եղել է Մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 3,1 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված:
Ի՞ՆՉ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող կացարանում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով նախաձեռնված քրեական վարույթով կհարցաքննվեն Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները: Մասնավորապես, նախաքննական մարմինը որոշակի անճշտություններ է հայտնաբերել փրկարարների կողմից արված հայտարարություններում եւ նրանց եւս կհարցաքննի, թե քանի անձ է գետնին ընկած եղել, քանիսն են մահճակալի վրա մահացած հայտնաբերվել, եւ նման այլ հարցեր: Դեպքից անցել է 4 օր, սակայն մինչ օրս դեռեւս գործով ձերբակալված չկա:
Հիշեցնենք, որ 2023թ. հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում՝ տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի, դրա հետեւանքով նույն վաշտի 15 զինծառայողների մահվան, մի քանի զինծառայողների՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ԴԵՊՔԻՑ
Հունվարի 15-ին սպանություն էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ոստիկաններն ու քննիչները Մեյմանդարի շուկայում՝ կանաչեղենի վաճառքի բաժնում՝ տաղավարներից մեկի մոտ, հայտնաբերել էին տղամարդու դի՝ պարանոցի մասում սուր կտրող-ծակող առարկայի հետքերով։ Սպանվել էր Լոռու մարզի բնակիչ, 50-ամյա Սարգիս Ա-ն, իսկ, ահա, ենթադրյալ հանցագործն Անդրանիկ Կ-ն է, որը կալանավորված է: Իսկ ի՞նչն էր եղել սպանության պատճառը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկն իր կնոջ հետ պարբերաբար ապրանքներ է մատակարարել շուկա, հետո սկսել է խանդի տեսարաններ սարքել, որից հետո դանակահարել եւ սպանել է Սարգիս Ա.-ին:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԵՐԹԸ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆՆ Է
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, 2023 թվականի հունվարի 23-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Ա.Չ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր: Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել է նաեւ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ա.Չ.-ն, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործով որպես փորձագետ ընդգրկված լինելով Ա.Ս.-ին ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017 թվականի փետրվարի 8-ին ստորագրել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը: ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ նախորդ տարի էր գրել, որ դատախազ Աննա Վարդապետյանը կմտնի ԱԺ եւ քրեական հետապնդում է սկսելու նաեւ Չարչյանի նկատմամբ: Գրել էինք, որ, ամենայն հավանականությամբ, իրավապահ համակարգը քրեական հետապնդումը Չարչյանի նկատմամբ սկսելու է «Հաց բերողի» մահվան դեպքով հարուցված քրեական վարույթի շրջանակներում:
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑ
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 13-ին Մուսալեռ գյուղի Բաղրամյան փողոցում հայտնաբերել եւ բաժին են տեղափոխել 36-ամյա Ալբերտ Շ.-ին, որը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: