Կառավարությունը փետրվարի 16-ի նիստում հավանություն տվեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս նախագծի ընդունումը պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեում կարգապահական վարույթների իրականացման կարգավորումների մասով առավել համապարփակ իրավակարգավորումներ ունենալու անհրաժեշտությամբ:
Հանրային ծառայության բարեվարքության ամրապնդման գործում առանցքային դերակատարում ունի կարգապահական համակարգի ձեւավորումը: Այս տեսանկյունից կարեւոր է տեղի ունեցող բոլոր խախտումներին պատշաճ ու համաչափ արձագանքի ապահովումը:
Նախագծի շրջանակներում առաջարկվում է օրենքը լրացնել համապատասխան կանոնակարգումներով՝ ուղղված կարգապահական հանձնաժողովի ձեւավորման կառուցակարգեր ստեղծելուն: Մասնավորապես, առաջարկվում է կոմիտեում ձեւավորել հանձնաժողով, որը բաղկացած է 8 անդամից:
Նախագծով ապահովվում է կարգապահական հանձնաժողովի ներառական կազմ, մասնավորապես՝ դրանում ներառվելու են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ կոմիտեի նախագահի որոշմամբ, Հակակոռուպցիոն կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող մեկ քննիչ, մեկ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայող, ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված մեկ դատախազ, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված մեկ ներկայացուցիչ, մեկ իրավաբան-գիտնական, վարչապետի առաջարկությամբ ներկայացված հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնող մարմնի 2 ներկայացուցիչ: Հանձնաժողովի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով: Միաժամանակ հարկ է նշել, որ պաշտոնավարման ժամկետների տեսանկյունից առանձնահատուկ կարգավորումներ են նախատեսվել հանձնաժողովի առաջին կազմի անդամների համար: Մասնավորապես, նախագծով սահմանվել է, որ հանձնաժողովի առաջին կազմում ներգրավված Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված ներկայացուցիչը, իրավաբան-գիտնականը, վարչապետի առաջարկությամբ ներկայացված Հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնող մարմնի 2 ներկայացուցիչները պաշտոնավարում են 2, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող քննիչը, օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայողը, ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված դատախազը՝ 1 տարի ժամկետով: Նշվածը պայմանավորված է հանձնաժողովի գործունեության հետագա ընթացքի շարունակականությունը ապահովելու անհրաժեշտությամբ:
Հարկ է նաեւ նշել, որ նախագծով նախատեսվում է, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետը մեկ տարի է:
Նշված կարգավորումները ուղղված են հանձնաժողովի գործունեության անկախությունն ու հնարավոր ազդեցությունների բացառումն ապահովելուն:
Նախագծով նաեւ հստակեցվում են կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու ընթացակարգերը. նախատեսվում է, որ կոմիտեի ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունն ունի երկու փուլ` նախնական ուսումնասիրություն եւ կարգապահական վարույթ:
Կարգապահական վարույթի իրականացման համար նախագծով առաջարկվում է սահմանել հստակ ժամկետներ:
Նախագծով նաեւ սահմանվել են երաշխիքներ կոմիտեի ծառայողների իրավունքների ապահովման տեսանկյունից: Նախատեսվում է, որ կոմիտեի ծառայողն իրավունք ունի բացատրություն տալու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ, ստանալ իրավաբանական օգնություն, այդ թվում՝ հանդես գալ ներկայացուցչի միջոցով:
Շահերի բախման հնարավոր դեպքերը կանխելու նպատակով նախագծով սահմանվում են այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում հանձնաժողովի անդամներին կարգելվի մասնակցել հանձնաժողովի գործունեությանը:
Միաժամանակ, նախագծով սահմանվում են հանձնաժողովի ձեւավորման ժամկետները, ինչպես նաեւ նախատեսվում են կարգավորումներ, որոնք կապահովեն կոմիտեի վարքագծի կանոնների ընդունումը եւ այլն:
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՎԵԼ ԵՆ 7500 ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ 2023 թվականի հունվարի 1-ից մինչ այսօր իրական շահառուի հայտարարագիր է ներկայացրել շուրջ 7500 իրավաբանական անձ:
«Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ բոլոր իրավաբանական անձինք (անկախ կազմակերպաիրավական տեսակից) պարտավոր են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։ Նշված պարտավորության կատարման ժամկետը լրանում է 2023 թվականի մարտի 1-ին։
Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքով սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելը, համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.29 հոդվածի, առաջացնում է վարչական պատասխանատվություն։
Տեղեկացնում ենք, որ նախորդ տարիներին հայտարարագիր ներկայացրած անձինք եւս մինչեւ փետրվարի 20-ը պարտավոր են ներկայացնել տեղեկատվություն՝ նախորդ հայտարարագրում նշված տեղեկությունների արդիականության մասին, կամ պետք է ներկայացնեն փոփոխված հայտարարագիր։
Համապատասխան տեղեկությունները սահմանված ժամկետում չներկայացնելը եւս առաջացնում է վարչական պատասխանատվություն»,- հայտնում են ԱՆ-ից։
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ՈՒՇԱՑՐԵԼ ԵՆ
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների աշխատողները աշխատավարձ սովորաբար ստանում են ամեն ամսվա 4-ին, սակայն մինչ այժմ ուսուցիչների ռոճիկները չկան. նրանք դժգոհում են, որ բանկերում վարկեր ունեն մարելու, իրենք աշխատավարձ չեն ստացել, որ վարկերի մուծումները կատարեն։ «Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի մարզպետարանից տեղեկացավ, որ Հայաստանի այլ մարզերի դպրոցներում աշխատավարձերը ժամանակին վճարվել են, Տավուշի մարզի դպրոցներում աշխատավարձերի ուշացումը կախված է մարզի դպրոցներում կրթական նոր չափորոշիչների ներդրման հետ, որպեսզի ճիշտ հաշվարկվեն փորձնական դասարանների եւ ոչ փորձնական դասարանների ուսուցիչների աշխատավարձերի չափերը։ Տավուշի մարզպետարանից հայտնեցին, որ մարզի հանրակրթական դպրոցների աշխատողները աշխատավարձ կստանան փետրվարի 17-ին, ծայրահեղ դեպքում՝ փետրվարի 20-ին։
ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐ ՉԵՆ ԿԱՌՈՒՑԵԼ
2020թ. հունվարի 15-ին պետք է ուժի մեջ մտեր այն որոշումը, որ անասունների մորթը պետք է կատարվեր միայն դրա համար նախատեսված, սանիտարական համապատասխան պայմաններ ունեցող սպանդանոցներում. բակերում անասունների մորթն արգելվելու էր։ Հետո կառավարության որոշման ժամկետը հետաձգվեց մինչեւ 2020թ-ի հուլիսի 1-ը, ապա այդ որոշումն այդպես էլ չկիրառվեց։ 2020-ին Տավուշի մարզպետարանից լրագրողիս հայտնել են, որ այդ տարի Տավուշի մարզում շահագործման կհանձնվի 11 սպանդանոց։ Մարզում սպանդանոցների գործարկումը չկատարվեց, քան որ այդ գործում գոյություն ունեին փաստաթղթային խնդիրներ, նաեւ հողահատկացման հետ կապված հարցեր։ Մեկ քաղաքային եւ 16 գյուղական բնակավայր ունեցող Բերդ համայնքում 1990-ական թվականներից սպանդանոց է գործում, որը հետո վաճառվել է մսամթերքի արտադրության եւ իրացման «Բեկոն» ընկերությանը։ Նոյեմբերյան համայնքում երկար տարիներ գործում է սպանդանոց, որը տեղակայված է անտառային նշանակության տարածքում։ Դիլիջան խոշոր համայնքում, որը ներառում է Դիլիջան քաղաքը եւ հարակից 6 գյուղերը, սպանդանոց չկա, չի կառուցվում, կա անասնապահական համալիր, ուր անասունների մորթ է կատարվում։ Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկատվական հարցմանը՝ 2023թ փետրվարի 9-ին Տավուշի մարզպետարանից հայտնել են, որ մեկական սպանդանոցներ են գործում Իջեւանում, Նոյեմբերյանում, Բերդում եւ Դիլիջանում. վերջինս ներտնտեսային սպանդանոց է, բոլոր սպանդանոցները կառուցվել են 2018 թվականից հետո։ Մարզպետարանի այն պնդումը, որ բոլոր սպանդանոցները կառուցվել են 2018 թվականից հետո, իրականությանը չի համապատասխանում. այդ սպանդաոցները նախկինում գործել են. չի բացառվում, որ 2018 թվականից հետո դրանք սարքավորումներով հագեցած լինեն։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ