ՀԱՆՑԱՆՔ ԳՈՐԾԻ՛Ր, ԸՆԴՈՒՆԻ՛Ր, ԱԶԱՏՎԻ՛Ր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում:

 

Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածում (քրեական պատասխանատվությունից ազատելը՝ գործուն զղջալու հիմքով) լրացնել 1.1 մասով եւ դրանով իսկ նախատեսել կարգավորում, որ այն դեպքերում, երբ անձի՝ առաջին անգամ կատարած հանցանքը դասվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, ապա հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի եւ այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում նա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը: Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը:

Նախ՝ նշենք, որ այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածը (քրեական պատասխանատվությունից ազատելը՝ գործուն զղջալու հիմքով) սահմանում է.

«1. Եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, եւ նա համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը»:

Նախկինում, սույն հոդվածով նախատեսված հիմքով, քրեական պատասխանատվությունից ազատված անձը չի կարող նույն հիմքով կրկին ազատվել քրեական պատասխանատվությունից:

Այսպիսով, Քրեական օրենսգիրքը գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու համար սահմանում է մի շարք նախապայմաններ: Դրանք են՝

l անձը հանցանքը կատարել է առաջին անգամ,

l արարքը դասվում է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքների շարքին,

l անձը համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ,

l չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը,

l վնաս պատճառած լինելու դեպքում հատուցում է պատճառված վնասը,

l վնաս պատճառած լինելու դեպքում այլ կերպ հարթում է պատճառված վնասը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախաքննական մարմինների առկա ծանրաբեռնվածության պայմաններում խիստ կարեւոր է նման իրավակարգավորումը, որն էապես նվազեցնում է ինչպես նախաքննական մարմինների, այնպես էլ դատարանների ծանրաբեռնվածությունը:

Այսպիսով, նախագծով առաջարկվում է Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածում կատարել համապատասխան լրացում եւ կարգավորում՝ առ այն, որ գործուն զղջալու ինստիտուտը որոշակի պայմանների առկայության պարագայում կարող է կիրառվել նաեւ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՄԻԵԴ 6 ՎՃԻՌ ԿԱ

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն երեկ տեղեկացրել է, որ Ադրբեջանի դեմ կա ՄԻԵԴ-ի 6 վճիռ, որոնք վերաբերում են հայկական հարցերին:

«Սրանցից առաջինը Գուրգեն Մարգարյանի կացնահարման դեպքով վճիռն է, մնացած վճիռները վերաբերում են քաղաքացիական անձանց, որոնք կա՛մ սպանվել են, կա՛մ խոշտանգվել են, ապա մահացել են, կա՛մ խեղվել են ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո լրիվ խաղաղ պայմաններում: Այս վճիռների կատարման ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են թե՛ ԱԳՆ-ի կողմից, թե՛ մեր կողմից՝ սերտորեն աշխատելով Ստրասբուրգում մեր ներկայացուցչության հետ: Մենք անընդհատ փորձում ենք այս հարցերը բարձրացնել Նախարարների կոմիտեի օրակարգում»,- ասել է նա։

Կիրակոսյանը նաեւ նշել է, թե Ադրբեջանի կողմից հաստատված 33 գերիների դեմ ապօրինի դատավարությունների մասով որոշ տղաների հետ կապված դատարանի` միջանկյալ միջոցներ կիրառելու որոշումների ժամկետները լրացել են, սակայն նրանք շարունակում են բանտում պահվել. «Իրավական գործիքներով մաքսիմալ հնարավոր բոլոր ջանքերն արվել են։ Ցավոք, այս պահին լրացուցիչ որեւէ անելիք չունենք այս մասով. եթե նոր փաստեր ենք գտնում, ներկայացնում ենք դատարանին»,- տեղեկացրել է Կիրակոսյանը։

 

 

 

 

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԺՆԵՎՈՒՄ

Երեկ Ժնեւում կայացել են Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանի եւ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը եւ բանակցությունները։

Ժնեւում Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ հերթական նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր. փոխանցում է Irna գործակալությունը։

Հաղորդվում է, որ Ամիրաբդոլլահյանը Ժնեւում իր այցի ընթացքում կհանդիպի մի շարք միջազգային այլ գործիչների հետ եւս:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 27-28-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ժնեւում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի բարձրաստիճան նիստին:

 

 

 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴ ԿՄԵԿՆԻ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն արձակուրդ կմեկնի: Նախարարը արձակուրդում կլինի մարտի 6-9-ը ներառյալ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

 

 

 

 

ԵՐԿԱՐԱՏԵՒ ԳՈՐԾՈՒՂՈՒՄ՝ ԱՄՆ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը փետրվարի 17-ից գտնվում է Ամերիկայի Միացյալ նահանգներում։ Armlur.am-ը տեղեկացավ, որ նա մինչեւ մարտի 2-ը կլինի այնտեղ։ Կես ամիս գործուղման ընթացքում նա պետք է լիներ Տեխաս նահանգ, Դալասում փետրվարի 17-20-ը, Տեխաս նահանգ, Հյուստոնում՝ փետրվարի 20-21-ը, Փենսիլվանիա նահանգ, Ֆիլադելֆիայում՝ փետրվարի 21-23-ը, Մասաչուսեթս նահանգ, Բոստոնում՝ փետրվարի 23-25-ը, Նյու Յորք նահանգ, Նյու Յորքում՝ փետրվարի 25-28-ը, Վաշինգտոնում՝ փետրվարի 28-ից մինչեւ մարտի 2-ը ներառյալ։ Հիմնավորման մեջ նշվում է, թե գործուղման նպատակը պետական եւ համայնքային կառույցների, երիտասարդական, մշակութային, գիտական, կրոնական կազմակերպությունների, բժշկական ասոցիացիաների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու եւ համագործակցության համար հետագա ուղիները քննարկելն է։ Տեղեկացանք նաեւ, որ Զարեհ Ջոն Սինանյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության՝ 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք՝ սփյուռքի համայնքներում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:

 

 

 

 

ԱԺ-ՈՒՄ ԹԵԺ Է ԼԻՆԵԼՈՒ

Այսօր՝ փետրվարի 28-ին, կմեկնարկի Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: Նստաշրջանի հիմնական օրակարգում ներառված է 7 հարց, իսկ լրացուցիչ հարցերն էլ 8-ն են: ԱԺ նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընդդիմությունը եւս մասնակցելու է այսօր մեկնարկելիք ԱԺ նիստերին, ավելին՝ պատրաստվում է թեժ քննարկում սկսել «Պետական գաղտնիքի մասին» օրենքի վերաբերյալ: Նշենք, որ սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման նպատակով տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու, գաղտնագրելու, պետական գաղտնիքը պահպանելու, պաշտպանելու, օգտագործելու, գաղտնազերծելու կամ ոչնչացնելու գործընթացների հետ կապված հարաբերությունները, սահմանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հասկացությունը, գաղտնիության աստիճանները, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվող հարաբերություններում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց, ֆիզիկական անձանց լիազորությունները, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց պարտականությունները, նրանց աշխատանքի համար սահմանված պայմանները եւ սահմանափակումները, ինչպես նաեւ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հետ կապված հարաբերությունները:

 




Լրահոս