Ռուստամ Բադասյանի հեռացման հարցը փակել են. նրա հետ խիստ խոսակցություն է եղել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանություններն առայժմ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հեռացման հարցը փակել են, սակայն պարզվում է՝ բավականին խիստ խոսակցություն է եղել ՊԵԿ նախագահի հետ: Իսկ ի՞նչն է եղել Բադասյանի վրա խիստ զայրանալու եւ, ըստ էության, նրան զգուշացնելու պատճառը: Այս տարվա հունվարի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել էր ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք-գումարներ ստանալու բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես, ՊԵԿ պաշտոնատար անձինք որոշ տնտեսվարողների կողմից իրականացվող չարաշահումների դեմ քայլեր չեն ձեռնարկել եւ 2022 թվականի նոյեմբերից մինչեւ 2023 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում նրանցից պահանջել ու ՀՀ դրամով կամ արտարժույթով ստացել են տարբեր չափերով, այդ թվում՝ խոշոր չափերով կաշառք-գումարներ:

Նախաքննության ընթացքում հանցանքների կատարումը վկայող փաստերի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 15 անձի նկատմամբ, որոնցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

Այս կոռուպցիոն սխեմայի բացահայտումն էլ Բադասյանի հետագա պաշտոնավարման հարցն է առաջ բերել, սակայն դատելով իրավիճակից՝ նրան ժամանակ է տրվել, որպեսզի շտկի իրավիճակը, եւ առայժմ նրա հեռացման հարցը փակվել էլ, քանի որ նաեւ զեկուցվել է, որ Բադասյանն անձամբ առնչություն չի ունեցել կոռուպցիոն այդ սխեմայի հետ:

Ի դեպ, երեկ Բադասյանն անձամբ անդրադարձել էր իր ազատման լուրերին եւ ասել. «Չէ, ես ոչ մի տեղ չեմ հեռանում։ Որտեղի՞ց այդ տեղեկությունը»: Նա նշել է, որ նոր պաշտոնի առաջարկ չի ստացել, աշխատանքից հեռանալու դիմում էլ չի գրել։

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս