Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի երաբերյալ ArmLur.am-ը զրուցել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ:
-Պարո՛ն Առուշանյան, արդեն 3 ամսից ավել է՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին փակ է, Ադրբեջանը հրաժարվում է բացել Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: Ի՞նչ ելքեր եք տեսնում այս իրավիճակից դուրս գալու համար, ըստ ձեզ՝ ե՞րբ կբացվի ճանապարհը:
-Չեմ կարող հստակ ասել՝ երբ կլուծվի խնդիրը, բայց կարող եմ հաստատ ասել, որ բոլորս պատրաստակամ ենք, մեր կյանքի գնով պատրաստ ենք պաշտպանել մեր հայրենիքը, հիմա որ թշնամին գա մեզ սպանելու, հո ձեռքներս չենք պարզելու, ասենք՝ դե սպանի, պարզ է, որ պետք է մինչև վերջ կռվենք: Ճանապարհը փակել են, մեր ժողովրդին շրջափակել են, սա փաստ է, ես խնդրի լուծումը խաղաղ ճանապարհով չեմ տեսնում, հասկանանք՝ ինչ կլինի:
-Հանիպու՞մ եք ճանապարհի շրջափակման հետևանքով Գորիսում մնացած արցախցիներին, ի՞նչ են պատմում նրանք.
-Պարբերաբար հանդիպում եմ ճանապարհի փակման արդյունքում այստեղ մնացած արցախցիների հետ, նրանք բոլորը մարտական են, բոլորն էլ ցանկանում են հետ գնալ իրենց տները և այնտեղ շարունակեն ապրել: Բոլորի ցանկությունը սա է:
-Վերջին օրերին թշնամին պարբերաբար սադրանքների է դիմում նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ի՞նչ իրավիճակ է Սյունիքում.
-Սյունիքում կրակոցներ չկան, հարաբերականորեն հանգիստ վիճակ է: Մենք մարտական ենք տրամադրված, բոլորս մեր տեղում ենք, ցանկացած խնդրի դեպքում պատրաստ ենք ոտքի կանգնել:
Քրիստինա Մուշեղյան