Դատախազը 2023 թվականի մարտի 15-ին քրեական հետապնդում հարուցելու մասին նոր որոշում է կայացրել 1997-2011 թվականներին Պաշտպանության նախարարությունում ծառայած, 2011-2018 թվականներին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալի եւ 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Հ.-ի (Արշակ Հակոբյան) նկատմամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ա.Հ.-ն, 1994-2018 թվականների ընթացքում հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, օրենքով նախատեսված արգելքին հակառակ՝ ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաեւ զբաղվել է կոռուպցիոն այլ գործունեությամբ, որի արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու եկամուտները լվանալու, օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու նպատակով թաքցրել, խեղաթյուրել է ձեռք բերած գույքերի ու վճարած գումարների իրական բնույթը, հանցավոր ծագումը եւ պատկանելիությունը` դրանց հաղորդելով օրինական տեսք:
Մասնավորապես, 2008-2010 թվականների ընթացքում Ա.Հ.-ն ձեռք է բերել «Ուրբանիզմ-Պետրոլ» ՍՊ ընկերության 100% տոկոս բաժնեմասը եւ այն իրավաբանորեն հաշվառելով նախկինում որեւէ բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած կնոջ եւ այդ պահին անչափահաս՝ 9-ամյա որդու անվամբ՝ նրանց միջոցով փաստացի մասնակցել է ընկերության կառավարմանը:
Այդ գործունեության, ինչպես նաեւ քրեական վարույթով դեռեւս չպարզված հանգամանքներում այլ ենթադրյալ անօրինական գործունեության արդյունքում (Ա.Հ.-ի եւ նրա ընտանիքի անդամների ունեցած օրինական եկամուտների ու գույքային դրության միջեւ կա ակնհայտ անհամապատասխանություն) ստացված գումարների իրական բնույթը եւ հանցավոր ծագումը թաքցնելու ու խեղաթյուրելու նպատակով Ա.Հ.-ն 2011 թվականին ձեռք է բերել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասում գտնվող, 75 մլն դրամ արժողությամբ անշարժ գույքը (գրանցվել է կնոջ սեփականության իրավունքը), 2012 թվականին 120 մլն դրամով՝ Երեւան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող անշարժ գույքերը (գրանցվել է կնոջ սեփականության իրավունքը), 2013 թվականին 204 մլն 250 հազար դրամով՝ Երեւան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող անշարժ գույքը (գրանցվել է իր եւ կնոջ սեփականության իրավունքը), իսկ 2014 թվականին 144 մլն 375 հազար դրամով «ՕՎՍԱՍ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը (ընկերության անվամբ գրանցված է ք. Երեւան, Մոսկովյան փողոցում գտնվող 207.9 քմ տարածքը. գրանցվել է դստեր սեփականության իրավունքը):
Գիտակցելով, որ նվազ օրինական եկամուտների առկայության պայմաններում իր եւ կնոջ անվամբ հաշվառված են օրինական եկամուտները շեշտակիորեն գերազանցող արժեք ունեցող գույքեր (ինչը կարող է իրավասու մարմինների ուսումնասիրության առիթ եւ առարկա դառնալ), դրանց իրական բնույթը, ծագման աղբյուրը քողարկելու նպատակով Ա.Հ.-ն 2014 թվականին ձեռնամուխ է եղել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքերի նկատմամբ իրավունքները եւ դրանց իրական պատկանելությունը թաքցնելուն՝ դրանք նվիրատվության ու առուվաճառքի ձեւական պայմանագրերով օտարելով մտերիմներին:
Այսպիսով, նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ Ա.Հ.-ն լվացել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 351 մլն 497 հազար 422 դրամը եւ 75 մլն դրամ արժեքով անշարժ գույքը:
Բացի այդ, Ա.Հ.-ն, ով փաստացի կատարել է ՀՀ ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի անվտանգության ծառայության ղեկավարի գործառույթները, 2013-2014 թվականներին ՀՀ ոստիկանության պետ Վ.Գ.-ի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ լվացել է վերջինիս կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներով գնված գույքը՝ թաքցնելով եւ խեղաթյուրելով գույքի ծագման աղբյուրը, իրավունքներն ու պատկանելիությունը:
Մասնավորապես, Վ.Գ.-ն, 1982-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով Ներքին գործերի նախարարության Սեւանի, Արմավիրի բաժինների պետի, ներքին գործերի նախարարի տեղակալի, ՊՆ Ռազմական ոստիկանության պետի, պաշտպանության նախարարի տեղակալի, ապա՝ Ոստիկանության պետի պաշտոնները, 2008-2018 թվականներ իընթացքում տիրապետել, օգտագործել, տնօրինել է 2000-2018 թվականների ընթացքում իր կատարած հանցանքների արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով գումար: ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Վ.Գ.-ն (Վլադիմիր Գասպարյան), հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձ, իր անվամբ թանկարժեք գույք հայտարարագրելու դեպքում իրավապահ մարմինների ուշադրություն կենտրոնում հայտնվելուց եւ հնարավոր պատասխանատվությունից զերծ մնալու նպատակով հանցավոր ճանապարհով ստացված գույքի մի մասի ծագումը թաքցնելու հարցում աջակցելու համար 2013 թվականին դիմել է իր անվտանգության ծառայության ղեկավարի գործառույթները փաստացի կատարող Ա.Հ.-ին՝ հանձնարարելով «ԱվանգարդՄոթորս» ՍՊ ընկերությունից ձեռք բերել տրանսպորտային միջոցներ եւ դրանք հաշվառել իր անվամբ:
Նշված հանձնարարության հիման վրա՝ 2013 թվականի սեպտեմբերի 1-ին Ա.Հ.-ն Վ.Գ.-ի կողմից հատկացված 71 մլն 556 հազար դրամով «ԱվանգարդՄոթորս» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել Mercedes-Benz G 500 մակնիշի ավտոմեքենա, իսկ 2014 թվականի հունվարի 10-ին Վ.Գ.-ի կողմից հատկացված 80 մլն 200 հազար դրամով նույն ընկերությունից ձեռք է բերել Mercedes-Benz S 500L մակնիշի ավտոմեքենա՝ դրանք հաշվառելով իր անվամբ:
Այսպիսով, նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ Ա.Հ.-ն Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում թաքցրել եւ խեղաթյուրել է վերջինիս հանցավոր գործունեության արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 151 մլն 756 հազար դրամ ընդհանուր արժողության գույքը՝ լվանալով հանցավոր ճանապարհով ստացված այդ գույքը:
Բացի այդ, Ա.Հ.-ն, 2017 թվականի հուլիսի 1-ից ունենալով գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, 2018 թվականի մարտի 22-ին ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված տարեկան հայտարարագրում դիտավորությամբ թաքցրել եւ դրանում չի ներառել 2017 թվականի օգոստոսի 23-ին բանկերից մեկի կողմից իրեն տրամադրված 100 հազար ԱՄՆ դոլար վարկի գումարը, որը հանգեցրել է նշված առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը:
Վերոգրյալի հիման վրա՝ հսկող դատախազի որոշմամբ՝ Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է նոր քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ, փողերի լվացում) եւ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը): Վարույթն իրականացնող քննիչը, մինչդատական վարույթում հավաքված ապացույցների գնահատման արդյունքում գալով այն հետեւության, որ մեղադրյալին վերագրվող հանցանքի համար իրավասու դատարանի կողմից նրա դատապարտումը մեծապես հավանական է, հայտնել է նախաքննության ավարտ: Հիշեցնենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից բերված վճռաբեկ բողոքը բավարարվել էր, Ա.Հ.-ի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի (միջոցների) կիրառումը ճանաչվել է անբավարար, ինչի արդյունքում Ա.Հ.-ն կալանավորվել է (շարունակում է գտնվել կալանքի տակ):
ԳՈՐԾԸ ՀԱՍԱՎ ԴԱՏԱՐԱՆ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական՝ 30-րդ եւ 31-րդ հայցադիմումները:
Մեկ հայցադիմումով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանց» ծրագրի «Տրանշ 1» եւ «Տրանշ 2» հատվածների կապալառու իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ենթակապալառու «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերության բաժնետեր Գ.Վ.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձել՝
l Երեւան քաղաքի Աջափնյակ համայնքի Վահագնի թաղամասի Ն. Շնորհալի փողոցում գտնվող բնակելի տունը, 2 տրանսպորտային միջոց, 3 իրավաբանական անձանցում մասնակցություն, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 163 միլիոն դրամ.
l 33 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի եւ օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամի հանրագումար:
Մյուս հայցադիմումով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, նախկին ՀՀ վարչապետ Հ.Ա.-ից, նրա կնոջից՝ Ջ.Ա.-ից, որդուց, դստրերից, իրեն փոխկապակցված այլ անձանցից (աշխատակիցներ, ազգականներ եւ նրանց ամուսիններ) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
l 59 անշարժ գույք, որից 15-ը՝ Երեւան քաղաքում, մեծամասամբ՝ Կենտրոն վարչական շրջանում, 12-ը Արարատի մարզի Մխչյան համայնքում, 10-ը՝ Նարեկ համայնքում, 2-ը՝ Կոտայքի մարզ, Արզական համայնքում, 6-ը՝ Կոտայքի մարզ Ծաղկաձոր համայնքում, 1-ը՝ Վայոց ձորի մարզ, Ջերմուկ համայնքում, 1-ը՝ Գեղարքունիքի մարզ, Սեւան համայնքում, 6-ը՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնքում, 3-ը Կոտայքի մարզ, Մեղրաձոր համայնքում, 1-ը՝ Արարատի մարզ, Մարմարաշեն համայնքում, 1-ը Արարատի մարզ, Այնթապ համայնքում, 1-ը՝ Արարատի մարզ, Արեւաբույր համայնքում.
l 4 ավտոմեքենա.
l 20 ընկերությունների մասնակցություններ եւ բաժնետոմսեր.
l շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքներ՝ ընդհանուր՝ 1 մլրդ 628 մլն 277 հազար 90 դրամ.
l ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք՝ 11 մլն 292 հազար 570 ԱՄՆ դոլարի, 687 մլն 500 դրամի եւ 3 մլն 117 հազար 680 եվրոյի չափով.
l 21 մլրդ 202 մլն 67 հազար 797 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի եւ օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված կամ չնույնականացված դրամի հանրագումար: