ԱՆԱՆՈՒՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ ԿԼՐԱՑՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի N 243-Ա հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի որակավորման տարակարգի շնորհման համար ծնողների կողմից լրացվող անանուն գնահատման հարցաթերթիկը:

 

Անանուն հարցաթերթիկները կազմված են բնութագրական հարցերից, որոնց միջոցով ծնողները գնահատում են մանկավարժական աշխատողին՝ բացահայտելով, թե նրանք որքանով են ճանաչում սաների կարիքները եւ որքան սերտ են համագործակցում ընտանիքների հետ եւ այլն:

Նշենք, որ նախադպրոցական հաստատության մանկավարժական աշխատողի շնորհման համար ծնողի կողմից լրացվող անանուն հարցաթերթիկը ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. մարտի 23-ի 16-Ն հրամանով սահմանված 9 բնութագրիչներից մեկն է:

Ընդհանուր առմամբ սահմանված են հետեւյալ բնութագրիչները՝

1) զբաղեցրած պաշտոնին համապատասխան մասնագիտական բարձրագույն կրթությունը,

2) Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից երաշխավորված՝ նախադպրոցական կրթության բնագավառում ղեկավար կամ մանկավարժական աշխատողներին վերապատրաստող կազմակերպությունում որպես վերապատրաստող մասնագետ ներգրավված լինելը,

3) վերջին հինգ տարվա ընթացքում նախարարության կողմից երաշխավորված՝ նախադպրոցական կրթությանն առնչվող ուսումնական, ուսումնամեթոդական ձեռնարկի կամ ուսումնաօժանդակ նյութի հեղինակ կամ համահեղինակ լինելը,

4) վերջին երեք տարվա ընթացքում Կրթության տեսչական մարմնի ստուգումների կամ արտաքին գնահատման արդյունքում ցուցանիշներ ունենալը,

5) վերջին երեք տարվա ընթացքում «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերից մեկում հաղթող ճանաչված լինելը,

6) սաների կարիքների ճանաչում, ընտանիքի հետ համագործակցություն՝ անանուն հարցաթերթիկների միջոցով ծնողների կողմից մանկավարժական աշխատողի գնահատման արդյունքները,

7) տարակարգի համար դիմելու նախորդ ամսվա ընթացքում կազմած ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորումը (ներառյալ պարապմունքների պլանները) (պարապմունքների պլանների պահանջը մեթոդիստի դեպքում կիրառելի չէ),

8) տարակարգի համար դիմելու նախորդ վեց ամսվա ընթացքում իր մոտ կատարված պարապմունքների լսումների եւ տարբեր ռեժիմային պահերի դիտումների արձանագրությունները, դիդակտիկական տարբեր նպատակներով իրականացված երկու պարապմունքի տեսագրություն,

9) ներառականությունն ու մասնակցայնությունն ապահովող կարողություններ՝ մշակված անհատական ուսուցման եւ զարգացման պլանի ներկայացում, կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների կրթության եւ զարգացման արդյունավետության մասին վկայող փաստեր՝ ԿԶԱՊԿ գնահատման արդյունքի փոփոխություն (առկայության դեպքում) եւ (կամ) սաների զարգացման եւ կրթության արդյունքի գնահատման ընթացքը հավաստող փաստաթղթեր՝ ըստ եռամսյակների կամ կիսամյակի։

Առաջին աստիճանի տարակարգ շնորհվում է վերը նշված բնութագրիչներից առնվազն 3-ն ապահովելու դեպքում, երկրորդ եւ երրորդ աստիճանի տարակարգ շնորհվում է համապատասխանաբար սահմանված բնութագրիչներից առնվազն 5-ը եւ առնվազն 7-ն ապահովելու դեպքում:

 

 

 

ՏԵՐՈՎԻՆ ՏԵՐՆ Է ՏԱՐԵԼ, ԱՆՏԵՐԻՆ՝ ԳԵ՞ԼԸ

 

«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը հայտարարություն է տարածել. «Օրեր առաջ ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովի խոսքում մի շարք մտահոգիչ դրույթներ կային։ Մասնավորապես, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անտեսումը ո՛չ մեր իշխանությունների, ո՛չ էլ դաշնակից երկրի վարչակազմի կողմից որեւէ արդարացում չունի։

 

Չէ՞ որ տասնամյակներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնց շարքում նաեւ ՌԴ-ն է, հիմնվել են երեք հայտնի սկզբունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի վրա։

Ռուսաստանը հաճախ է խոսում Ղրիմի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի անբեկանելիության մասին։ Իր հերթին, հավաքական Արեւմուտքի համար ինքնորոշման իրավունքի հիմնարար օրինակը Կոսովոն է՝ ի հակադրություն Սերբիայի տարածքային ամբողջականության սկզբունքի։

Այդ դեպքում ինչո՞վ է Արցախի եւ արցախցիների իրավունքը զիջում վերոնշյալ էթնոքաղաքական հակամարտություններին։ Ոչնչո՛վ. դեռ ավելին՝ Արցախում այսօր նոր ցեղասպանության վտանգը շատ ավելի ակնառու է, քան վերոբերյալ օջախներից որեւէ մեկում։

Ալիեւի վերջին սպառնալից հայտարարությունները զավթված Թալիշից (եթե ուզում ենք ապրել 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա, պետք է Արցախը ճանաչենք որպես Ադրբեջանի մաս) պիտի սթափեցնի աշխարհասփյուռք հայությանը եւ նախեւառաջ ՀՀ բնակչությանը։ Արցախի օտարմամբ ադրբեջանական զավթիչների ախորժակը միայն մեծանալու է։ Նրանք արդեն պաշտոնական հավակնություններ են ներկայացնում ՀՀ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի նկատմամբ։

Ընդ որում՝ սկզբնապես փորձելու են այսպես կոչված փախստականներին բերել-բնակեցնել ՀՀ հարավային մարզերում, ապա աստիճանաբար զավթելու են նորանոր հողակտորներ, գյուղեր, շեներ, համայնքներ ու քաղաքներ։ Պետք է կասեցնել այս գահավեժ ընթացքը եւ ամեն կերպ նեցուկ լինել մեր պատվարը դարձած, ավելի քան 100 օր շրջափակման մեջ գտնվող արցախցի քույրերին ու եղբայրներին։

Եթե ընկնի Արցախը, չի լինի նաեւ Հայաստան»։

 




Լրահոս