ՉԹՔԵՔ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՇՈՐԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  Հայաստանի ոստիկանապետ  Ալիկ Սարգսյանը ճեպազրույցում ասել է, որ   կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ իրականացնողներն արդարամտության, ճիշտ դատողության հետ եզրեր չունեն, եւ նրանց լուրջ օգնություն է պետք: Հոկտեմբերի 28-ին ՀԱԿ-ի կազմակերպած հերթական հանրահավաքի  հետ կապված` ոստիկանապետը նշել է, որ ինքը երբեւէ չի խոչընդոտել  հանրահավաքներին  ու ճանապարհները փակելու հրաման չի տվել:  Ըստ Սարգսյանի` իր մոտեցումը  կլինի նույնը. այս անգամ էլ չի փորձի միջամտել, այլ կհորդորի, որ  դադարեցնեն հանրահավաքը: Եթե այն խաղաղ բնույթ կրի, դա իրեն որեւիցե կերպ չի վերաբերի: Իսկ եթե տեսնի, որ զարգացումներն այլ բանի են տանում, որը հղի է ավելի ծանր հետեւանքներով, իր միջամտությունը հաստատ կլինի եւ նույնիսկ անսպասելի: Եթե ժամանակին էլ թույլ չտային, երեւի մարտի 1-ն էլ չէր լինի, թողեցին, մինչեւ հասան մարտի 1-ին:     
ՀՀ ոստիկանության գեներալը նշել է նաեւ, որ ոմն պաշտոնյա (առանց անունը հրապարակելու) իրեն խորհուրդ է տվել հետաձգել կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիայի կանխարգելման աշխատանքները: «Ես իրան մի բան ասացի` ես կհավաքեի 100 մարդ, շատ չէ, կամ 200, դու արի՛, մեջտեղով անցի՛, թող գոռան, վիրավորեն, եթե դու նորմալ կհամարես… ինչո՞ւ չէ, ձեռի հետ կթքեն շորերիդ վրա: Ես զզվում եմ, որ իմ շորերի վրա թուք է թափվում»,-ասել է ՀՀ ոստիկանապետը:

ՀԱՐՑ. Ինչպե՞ս եք մեկնաբանում ՀՀ ոստիկանապետի պահվածքը:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես չեմ հետեւել ոստիկանապետի ճեպազրույցին, սակայն մեկ բան աներկբա է՝ յուրաքանչյուր պաշտոնյա, մեզանից յուրաքանչյուրն իր հայտարարություններում պետք է լինի հնարավորինս կոռեկտ եւ հավասարակշիռ։ Ինչ վերաբերում է հանրահավաքներն արգելելուն, ապա պատկան մարմինների ցանկացած գործողություն պիտի լինի բացառապես մեր երկրի Սահմանադրության եւ օրենսդրության շրջանակում։

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ

ՊԱՏԱՍԽԱՆ. Հավանական է, որն  «շորերիս» ասելով` ոստիկանապետը  նկատի է ունեցել ոստիկանության գեներալի համազգեստը, որի վրա բովանդակված է մեր պետական իշխանությունը: Համազգեստի վրա թքելն անբարո եմ համարում,  քանի որ իրոք անպատվաբեր է եւ կապ չունի կոնկրետ անձի հետ: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե հանրահավաքը երկարելու դեպքում ՀՀ ոստիկանապետը կփորձի այն ցրել, ասեմ, որ դա իրեն ուղղակի թվում է, որովհետեւ հանրահավաքները, խոսքի ազատությունը կանոնակարգված են  ՀՀ գործող օրենքներով,  ոչ թե Կանաչուտի գյուղապետի  կայացրած որոշումներով:

ՀԱԿ անդամ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ՊԱՏԱՍԽԱՆ. Բացասական եմ վերաբերվում: Նա իրավունք չունի ցրել հանրահավաքը, որովհետեւ ժողովուրդն իրավունք ունի հանրահավաք կազմակերպելու: Իսկ ինչ վերաբերում ա ոստիկանապետի այն արտահայտությանը, թե «զզվում եմ, երբ թքում են իմ շորերի վրա», ասեմ, որ ամեն մարդ արժանի ա  իր խոսքերին  ու արտահայտություններին: Ցավում եմ, որ ունենք նման ոստիկանապետ:

 «Ժողովրդական» կուսակցության նախագահ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Պատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ




Լրահոս