ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները առանձին-առանձին մտահոգություն են հայտնել Հայաստանն Արցախին կապող ճանապարհին անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշման կապակցությամբ՝ ընդգծելով, որ դա խաթարում է խաղաղության գործընթացը։
Ուղերձը երեկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հղեց նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
«Այս պահին մենք ցանկանում ենք, որ կողմերի միջեւ լինեն բանակցություններ։ Ցանկացած բռնության կիրառում, ցանկացած սադրիչ գործողություն խաթարում է խաղաղության գործընթացը, եւ Վաշինգտոնը փորձում է առաջ շարժվել եւ ջանքեր գործադրել խաղաղության գործընթացն առաջ տանելու ուղղությամբ», – ասաց նա։
Հարցին՝ արդյոք այն, ինչ հիմա տեղի է ունենում արցախցիների նկատմամբ, չի կարող բնորոշվել որպես ցեղասպանության փորձ, դեսպանն ասաց՝ որեւէ որակավորում տալու իրավասություն չունի, բայց կարող է ասել, որ Վաշինգտոնն այս պահին պատժամիջոց չի կիրառում Բաքվի նկատմամբ. ինչ կլինի հետո՝ չի կարող մեկնաբանել։
Մինչեւ այդ Պետդեպարտամենտն էր հայտարարել, թե Լաչինի միջանցքում պետք է լինի ազատ եւ բաց տեղաշարժ։ Վաշինգտոնը միաժամանակ դիմել է կողմերին՝ հորդորելով վերսկսել խաղաղ բանակցությունները եւ զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից ու թշնամական գործողություններից։
Պաշտոնական Փարիզն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհին անցակետի տեղադրումը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին։ Ֆրանսիան Բաքվին կոչ է արել հետեւել Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքով տեղաշարժն ապահովելու որոշմանը, որը հրապարակվել է դեռեւս երկու ամիս առաջ։
«Այն պարտադիր է կատարման համար»,- ընդգծել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
Բաքուն միանգամայն անհիմն է որակել Փարիզի այս պնդումը։
«Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում» հսկիչ անցագրային կետ տեղադրելու լեգիտիմ իրավունք ունի, եւ որեւէ հիմք չկա պնդելու, թե այդ քայլը հակասում է եռակողմ հայտարարությանը, որեւէ միջազգային փաստաթղթի դրույթներին կամ էլ դատարանի որոշմանը», – հայտարարել է ԱԳ նախարարությունը։
Ավելի վաղ Բաքուն նույն կերպ հակադարձել էր նաեւ Հայաստանի արտգործնախարարությանը, որը պնդել էր, թե անցակետի տեղադրմամբ Ադրբեջանը նպատակ ունի Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնել եւ իրագործել այն ամբողջությամբ հայաթափելու իր հետեւողական քաղաքականությունը։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԸՆԴՈՒՆԵԼ Է ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ, Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր եւ նախագահ, Արեւելքի քրիստոնյաների հարցով կապի խմբի նախագահ Բրունո Ռետայոյի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է Սենատի պատվիրակության այցը Հայաստան եւ բարձր գնահատել Ֆրանսիայի աջակցությունը մեր երկրին այս բարդ ժամանակաշրջանում: Կառավարության ղեկավարը առանձին շնորհակալություն է հայտնել Սենատին՝ Հայաստանին ու ԼՂ-ին վերաբերող կարեւոր բանաձեւեր ընդունելու համար: «Այս անգամ դուք այստեղ եք գտնվում Հայոց ցեղասպանության տարելիցի օրը՝ կարեւոր եւ խորհրդանշական օր մեզ համար: Ինչպես իմ այսօրվա ուղերձում եմ նշել, սա անցյալի, ներկայի եւ ապագայի մասին խորհելու ամենապատեհ պահն է»,- ասել է վարչապետը:
Զրուցակիցներն անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտմամբ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի:
Տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման համատեքստում կարեւորվել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության արդյունավետ գործունեությունը:
ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Ռուսաստանի Դաշնությունն անընդունելի է համարում Լաչինի միջանցքի ռեժիմի ցանկացած միակողմանի փոփոխություն, որը չի բխում Հայաստանի, ՌԴ եւ Ադրբեջանի առաջնորդների կողմից 2020 թ-ի նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարության դրույթներից. այս մասին ասվում ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։
«Մենք մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի ռուսական խաղաղապահ միավորման պատասխանատվության գոտում՝ հայ-ադրբեջանական սահմանագծում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Ծայրահեղ մտահոգությամբ ենք արձանագրում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ տարաբնույթ միջադեպերի աճ, որոնք պարբերաբար երկու կողմից բերում են զոհերի։ Ոչ պակաս վտանգավոր ենք համարում Ադրբեջանի եւ Հայաստանի հանրային տարածքում մեղադրական եւ ագրեսիվ հռետորաբանության աճը։
Հուսով ենք, որ Բաքուն եւ Երեւանը քաղաքական կամք կդրսեւորեն եւ մոտ ապագայում կկարողանան հաղթահարել այդ բացասական միտումը։ Ռուսական կողմը պատրաստ է բոլոր անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել Ադրբեջանին եւ Հայաստանին ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ «տեղում»՝ խաղաղապահների հրամանատարության մասնակցությամբ։ Մենք նաեւ զգուշացնում ենք արտաքին արեւմտյան խաղացողներին եւ տեղական ռուսաֆոբ տարրերին, որոնք աշխատում են իրենց պատեհապաշտ օրակարգի վրա, զերծ մնալ իրավիճակը սրելու փորձերից, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ արշավի միջոցով»,- ասված է հայտարարությունում։
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀՆՉԵՑՆԵԼ ՍԹԱՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ
«Ադրբեջանը կատարել է մի գործողություն, որի անթույլատրելիության եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված չլինելու մասին հայտարարվել է բազմիցս ու շատերի կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի կողմից 2023թ. փետրվարի 28-ին Բաքվում»,- ասվում է Արցախի Հանրապետության պետնախարարի հայտարարությունում:
«Այսօր Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղու՝ Հայաստանի Հանրապետության սահմանին միացող ճանապարհահատվածը (Լաչինի միջանցքում) եւ սկսել անցակետի կառուցման ու կահավորման աշխատանքներ:
Ադրբեջանը կատարել է մի գործողություն, որի անթույլատրելիության եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված չլինելու մասին հայտարարվել է բազմիցս ու շատերի կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի կողմից 2023թ. փետրվարի 28-ին Բաքվում:
Ադրբեջանը խախտել է եռակողմ հիմնարար փաստաթղթի դրույթներ, որին հետեւելու խստագույն անհրաժեշտության մասին բազմիցս հայտարարել են հրադադարի հիմնական երաշխավոր ՌԴ-ն, հավաքական Արեւմուտքը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրները. փաստաթուղթ, որը հիմք են ընդունել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:
Արցախի Հանրապետության ժողովուրդն իրավունք ունի ակնկալելու, պահանջելու հիշյալ դերակատարներից՝ հնչեցնելու հստակ գնահատականներ, ձեռնարկելու գործնական քայլեր, եւ սպասում է դրանց: Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությանը մենք հակադրում ենք սեփական հողում ազատ ապրելու մեր հստակ վճռականությունը՝ չբացառելով այդ նպատակին հասնելու ոչ մի միջոց:
Ողջամտորեն ակնկալում ենք, որ հայրենիքից բռնությամբ զրկվելուն կամ բռնի հպատակեցվելուն հակադիր մեր վճռականությունն ու սեփական իրավունքների համար մեր արդար պայքարն ի վերջո կստանան միջազգային պատշաճ աջակցություն»: