ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ՝ 2,224 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականին համաշխարհային պաշտպանական ծախսերը հասել են վերջին ութ տարվա ընթացքում ռեկորդային գումարի. ասվում է Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) հետազոտության տվյալներում։

 

Ինչպես ցույց է տալիս SIPRI-ի վիճակագրությունը, համաշխարհային ռազմական ծախսերը 2022 թվականին աճել են 3,7 տոկոսով եւ հասել ռեկորդային բարձր ցուցանիշի՝ 2,224 տրիլիոն դոլարի: Ընդ որում՝ նշվում է, որ համաշխարհային պաշտպանական ծախսերը, 2013-2022 թվականների ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 19 տոկոսով եւ ամեն տարի աճում են 2015 թվականից:

Ռազմական ծախսերի գծով համաշխարհային առաջատարներն են ԱՄՆ-ն, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը եւ Սաուդյան Արաբիան: Այդ երկրներին բաժին է ընկել ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում համաշխարհային ծախսերի շուրջ 63 տոկոսը։ Հետազոտության համաձայն՝ պաշտպանական ծախսերի զգալի աճը կապված է առաջին հերթին Ուկրաինայի հակամարտության հետ։ Միեւնույն ժամանակ, Եվրոպայի օգնությունը Կիեւին, ինչպես նաեւ Ռուսաստանի աճող ծախսերը ստիպել են մի շարք պետությունների վերանայել նաեւ իրենց ռազմական բյուջեները: ԱՄՆ-ի համապատասխան ծախսերն ավելացել են 0,7 տոկոսով՝ հասնելով 877 միլիարդ դոլարի։  Միեւնույն ժամանակ, Կիեւին Վաշինգտոնի ռազմական օգնության ընդհանուր ծավալը կազմել է 19,9 միլիարդ դոլար: Իսկ Չինաստանը 28 տարի շարունակ շարունակում է աստիճանաբար ավելացնել իր պաշտպանական բյուջեն, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է։ Նրա բյուջեն, ըստ զեկույցի, կազմում է 292 միլիարդ դոլար։

Ռուսաստանի ռազմական ծախսերը, ինչպես հաշվարկել են փորձագետները, աճել են 9,2 տոկոսով՝ հասնելով 86,4 միլիարդ դոլարի (միեւնույն ժամանակ, զեկույցում կա վերապահում, որ Ռուսաստանի վերաբերյալ տվյալները կարող են ճշգրիտ չլինել՝ Ռուսաստանի իշխանությունների կողմից պաշտոնական տեղեկատվության փոքր քանակի պատճառով): Միեւնույն ժամանակ, Ուկրաինայի ռազմական ծախսերն աճել են 640 տոկոսով, ինչը 1949 թվականից ի վեր երկրում աճի ամենաբարձր ցուցանիշն է:

Ուկրաինայի պաշտպանական բյուջեն նոր ուսումնասիրության մեջ կազմել է 44 միլիարդ դոլար: Հետազոտության մեջ չի նշվում այլ երկրների կողմից Կիեւին ցուցաբերվող օգնությունը։ 2022 թվականին Եվրոպայի երկրների ռազմական ծախսերն աճել են 13 տոկոսով՝ հասնելով 480 միլիարդ դոլարի նշագծին՝ այդպիսով գրանցելով վերջին 30 տարվա ընթացքում ամենաբարձր աճը։ Տարածաշրջանում ռեկորդային ցուցանիշների հասնելու վրա զգալի ազդեցություն է ունեցել եվրոպական մի շարք երկրների, հատկապես՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի ծախսերի ավելացումը։ Զեկույցի տվյալների համաձայն՝ ԵՄ երկրներից ամենաշատը ռազմական կարիքների համար ծախսերն ավելացրել են Ֆինլանդիան (36 տոկոս), Լիտվան (27), Շվեդիան (12) եւ Լեհաստանը (11):

 

 

 

 

 

 

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 108-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ

Երեկ՝ ապրիլի 24-ին, աշխարհասփյուռ հայ ժողովուրդը ոգեկոչում էր 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը. այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ:

 

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ծրագրված եւ իր ծավալներով նախադեպը չունեցող՝ մարդկության դեմ ուղղված այս հանցագործության հետեւանքով 1915-1923թթ. ընթացքում սպանվեց 1,5 մլն հայ, հարյուր հազարավորները ենթարկվեցին բռնության ու բռնի տեղահանության՝ զրկվելով հայրենիքում սեփական ինքնության պահպանման հնարավորությունից: Այս ոճրագործությունը, որն իրականացվեց մի ողջ ժողովրդի դեմ նրա ազգային պատկանելիության՝ հայ լինելու պատճառով, հետագայում հիմք դարձավ ցեղասպանության հանցանքի սահմանման համար եւ արտացոլվեց «Ցեղասպանության կանխարգելման եւ դրա պատժի մասին» միջազգային կոնվենցիայում:

Ավելի քան մեկ դար անց կարելի է արձանագրել, որ ցեղասպանության ոճրագործության դատապարտման եւ ճանաչման գործում միջազգային հանրության ցուցաբերած համերաշխության դրսեւորումն է շուրջ երեք տասնյակ երկրի կողմից պետական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաեւ մի շարք միջազգային կառույցների կողմից համապատասխան բանաձեւերի ու հռչակագրերի ընդունումը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ՀՀ կողմից հեղինակվող «Ցեղասպանության կանխարգելում» բանաձեւերի միաձայն ընդունումը:

Ցեղասպանության միջազգային ճանաչումը միտված է աշխարհի որեւէ այլ անկյունում մարդկության դեմ նմանատիպ հանցագործության կրկնությունը կանխելուն, այդ թվում՝ նոր էթնիկ զտումներ իրականացնելու սպառնալիքների զսպմանը. անտարբերությունը, թողտվությունը եւ անպատժելիությունն են, որ հնարավոր են դարձնում այդ զանգվածային ոճրագործության իրականացումը։

Ցավոք այսօր էլ, ինչպես եւ մեկ դար առաջ, աշխարհի տարբեր անկյուններում շոշափելի է ցեղասպան քաղաքականության վտանգը։ Այսօր էլ ցեղասպանության, էթնիկ զտումների վտանգի առջեւ են կանգնած Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, հայատյաց հռետորաբանությունը, սեփական հայրենիքից զրկելուն, հայկական հետքը վերացնելուն ուղղված գործողությունները ոչ այլ ինչ են, քան ցեղասպան մտադրությունների դրսեւորում:

Այսօր վերստին գլուխ խոնարհելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջեւ եւ որպես ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջ մղման առաջամարտիկ՝ վերահաստատում ենք մեր հանձնառությունն արդարության, ճշմարտության ճանաչման, նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործին, էթնիկ, կրոնական եւ ռասայական հողի վրա խտրականության եւ անհանդուրժողականության դրսեւորումների դեմ պայքարին»։

 

 

 

 

 

ՊԱՏՐԱՍՏ Է ՕԳՆԵԼ

Ամերիկացի զինծառայողները կմնան Ջիբութիում՝ Սուդանում ստեղծված իրադրության պատճառով ապահովելու ԱՄՆ պետական ծառայողների անվտանգությունը: Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ուժերը պատրաստ են ուղարկվել տարածաշրջան։ Այդ մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի`ապրիլի 23-ին Կոնգրեսի երկու պալատների ղեկավարներին հասցեագրված նամակում:

«Իմ հրամանով ԱՄՆ զինված ուժերն իրականացրել են Սուդանի Խարթում քաղաքից ամերիկյան (դիվանագիտական) անձնակազմի եւ այլ անձանց տարհանման գործողություն՝ ի պատասխան Սուդանի անվտանգության ոլորտում իրադրության վատթարացման: Այդ գործողության իրականացման եւ օժանդակման համար ԱՄՆ զինծառայողները համապատասխան մարտական տեխնիկայով ուղարկվել են Ջիբութի, Եթովպիա եւ Սուդան: ԱՄՆ զինված ուժերը կմնան Ջիբութիում՝ պաշտպանելու Միացյալ Նահանգների (դիվանագիտական) անձնակազմին եւ այլ անձանց այնքան ժամանակ, մինչեւ անվտանգային իրավիճակն այլեւս չպահանջի նրանց ներկայությունը, իսկ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ուժերը պատրաստ են տեղակայվել տարածաշրջանում», – ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։

Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ նախագահը պետք է Կոնգրեսին իրազեկի նման դեպքերում զինված ուժերի օգտագործման մասին։ Ինչպես պարզաբանել է Բայդենը, տարհանման որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով «երկրի ներսում  եւ արտերկրում Միացյալ Նահանգների քաղաքացիների անվտանգության ապահովման համար իր պատասխանատվությունը», ինչպես նաեւ ելնելով Միացյալ Նահանգների ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության շահերից եւ հաշվի առնելով գլխավոր հրամանատարի եւ գործադիր իշխանության ղեկավարի սահմանադրական լիազորությունները։

Իր հերթին, ապրիլի 23-ին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը հայտարարել էր, որ Քենիա է ուղարկվել փորձագետների խումբ՝ համակարգելու մարդասիրական օգնության առաքումը Սուդանում տիրող իրադրության կապակցությամբ։ Նա հավելել է, որ իր գերատեսչությունն աշխատում է ԱՄՆ-ի գործընկերների հետ՝ որոշելու համար առաջնահերթ կարիքները եւ լուծելու մարդասիրական բեռի առաքման հարցերը:

 

 




Լրահոս