«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ զրուցել է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի հետ:
-Պարո՛ն Սուրենյանց, ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Հայաստան-Արցախ այլընտրանքային ճանապարհին գտնվող Հակարիի կամուրջը՝ արդեն ամբողջական շրջափակելով Արցախը, այնտեղ նաեւ անցակետ է տեղադրել: Ի՞նչպես կգնահատեք այս իրավիճակը, ի՞նչ ելքեր եք տեսնում:
-Ես դեռեւս Լաչինի միջանցքի փակումից՝ դեկտեմբերի 12-ից հետո մի քանի անգամ ասել եմ, որ եթե մի օր միջանցքը վերաբացվի, ապա նույն ռեժիմով չի գործելու, քան մինչ դա էր: Ցավոք սրտի, կանխատեսումս իրականացավ. ակնհայտ էր, որ Ադրբեջանն իր վերահսկողությունը հաստատելու ինչ-որ մեխանիզմ գտնելու է, հիմա գտել է անցակետ տեղադրելու եղանակը: Ալիեւը զիջումների չի գնալու: Նախ՝ նա, որպես կանոն, անում է քայլեր, որոնք չեն արժանանալու միջազգային դերակատարների կոշտ արձագանքին. թե՛ Ռուսաստանը, թե՛ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն հանդես կգան ֆորմալ հայտարարություններով, բայց դրան չի հետեւելու ո՛չ Ռուսաստանի կոշտ հարկադրանքը, ո՛չ էլ Արեւմուտքի կողմից պատժամիջոցներ են լինելու: Այս ամենն Ալիեւը հստակ հաշվարկել է, մյուս կողմից էլ՝ նա օգտվում է այն նվերից, որը նրան տվել է Փաշինյանը:
Անցած տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսում էր ԼՂ կարգավիճակի մասին, նշաձողի իջեցման մասին, հետո Պրահայում ստորագրեց մի հայտարարություն, որով ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դրա դիմաց չպահանջեց փաստաթղթավորված որեւէ երաշխիք:
-Այսինքն՝ Նիկոլ Փաշինյա՞նն է հիմք տվել Ադրբեջանին նման սադրանքների համար:
-Իր անատամ քաղաքականությամբ նպաստել է Ադրբեջանի մաքսիմալիզմին: միայն Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքն ու միջազգային հանրության անտարբերությունը չեն այս ամենի պատճառը, նաեւ մեր իշխանության վարած ոչ ադեկվատ քաղաքականությունն է, որ առիթավորում է Բաքվին եւ նրան մղում է խորը արմատական գործողությունների: Գլոբալ խնդիրն այն է, որ Բաքուն ունի օրակարգ, իսկ Երեւանը՝ ոչ:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված միջազգային հանրության լռությունը, ինչո՞ւ, հայտարարություններից բացի, հստակ քայլեր չեն ձեռնարկվում:
-Դա օբյեկտիվ իրականություն է՝ պայմանավորված երկու հիմնական հանգամանքով. միջազգային իրավունքն ու հարաբերությունները գտնվում են խորը ճգնաժամի մեջ, եւ որեւէ զսպող մեխանիզմ չի աշխատում, երկրորդ՝ 44-օրյա պատերազմից հետո եւ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով չափազանց մեծացել է Ադրբեջանի լոգիստիկ նշանակությունը Արեւմուտքի եւ Ռուսաստանի համար: Չկա որեւէ կենտրոն, որ պատրաստ լինի Հայաստանի հետ դաշնակցել՝ ընդդեմ Ադրբեջանի ու Թուրքիայի:
-Պարո՛ն Սուրենյանց, շատերը այս իրավիճակից միակ ելք տեսնում են միայն իշխանության փոփոխությունը. կիսո՞ւմ եք այս տեսակետը:
-Իշխանության փոփոխությունը, ճիշտ է, մասնակի ելք է, բայց գոնե ելք է այն իմաստով՝ դրանից հետո նոր սխալներ չեն արվի: Այս իշխանությունը օրակարգ չունեցող, անատամ մի իշխանություն է, որի ցանկացած գործողություն բերում է նոր ռիսկերի. ողջամիտ ու սոլիդ իշխանությունը այդ սխալները չի անի: Կարծում եմ՝ առաջին հերթին պետք է Մոսկվայի հետ հարաբերությունների հստակեցում, պետք է հասկանանք՝ ինչ քաղաքականություն է վարում ՌԴ-ն, որպեսզի, ըստ այդմ, կարողանանք նաեւ մեր քաղաքականությունը մշակել ու մեր շահերը փորձենք ադապտացնել այն իրողություններին, որոնք բխում են Մոսկվայի քաղաքականությունից: Պետք է պատասխանատվության խնդիրը բարձրացնել նաեւ Արեւմուտքի առաջ, բայց այս ամենի համար պետք է նորմալ իշխանություն, որը կունենա մեր ազգային շահերից բխող օրակարգ:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՈՐԴՈՒ ԳՈՐԾՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի դեմ հաղորդում ներկայացրած անձը մանրամասներ է հայտնել:
Փավրիզ Նոսրաքին հայտնել է. «Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի 67 հասցեի անշարժ գույքը (բետոնի արտադրամաս) սեփականության իրավունքով պատկանում է «ԲԵՏՈՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊ ընկերությանը (ՀՎՀՀ՝ 02244508), իսկ նշված ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը «ՕՅՐԱ» ՍՊ ընկերությունն է (ՀՎՀՀ՝ 00931586), որի 99 տոկոսի սեփականատերը եւ տնօրենը Արա Վարդանի Օսկանյանն է: Երբ կայքերից մեկը փորձում է վատաբանել որեւէ անձի, սեւացնել, արատավորել պատիվն ու արժանապատվությունը, արդար կլիներ, որ առաջին հերթին անդրադառնար նաեւ սիրելի Վարդան Օսկանյանի եւ նրա ընտանիքի անդամների ձեռք բերած գույքի ծագումնաբանությանը եւ դրսեւորած վարքագծին:
Ես ԻԻՀ քաղաքացի Փարվիզ Նոսրաթին եմ, հանդիսանում եմ Արա Վարդանի Օսկանյանի գործողություններից տուժած անձ, քանի որ հավատալով վերջինիս խոստումներին՝ նրան վճարել եմ 8 մլն 400 հազար ՀՀ դրամ կանխավճար (8.200.000 դրամը՝ փոխանցմամբ, 200.000 դրամը՝ առձեռն), որպեսզի պայմանավորված արժեքով վաճառի Բագրատունյաց փողոցի 67 հասցեի անշարժ գույքը կամ «ԲԵՏՈՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊ ընկերության բաժնեմասը, սակայն պարզվել է, որ այդ գույքի վրա մեծ գումարի պարտավորության համար արգելանք է դրված, եւ ի սկզբանե Արա Վարդանի Օսկանյանի համար ակնհայտ է եղել, որ արգելանքի պատճառով չի կարող վաճառել այն: Երբ պարզվել է այդ ամենը, Արա Վարդանի Օսկանյանը սկսել է խոստումներ տալ, թե հետ կվերադարձնի գումարը, սակայն չի վերադարձրել: Ստիպված հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, որով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լավ կլիներ, որ իրենց կայքն անդրադառնար Արա Վարդանի Օսկանյանին, բացահայտեր նրա գործողություններից տուժածներին, պարզեր Բագրատունյաց փողոցի 67 հասցեի անշարժ գույքի ձեռք բերման ծագումնաբանությունը: Պետք է նշեմ, որ Արա Վարդանի Օսկանյանն ինձ հետ նման կերպ վարվելու հարցում օգտագործել է նաեւ իր հորը՝ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանին, որն ինձ հետ խոսել է հեռախոսով եւ իր որդուն գովաբանելով՝ ինձ մոտ վստահություն է ստեղծել, թե գործ ունեմ բարեխիղճ մարդու հետ, մինչդեռ Վարդան Օսկանյանը լավ գիտեր, թե ով է իր որդին եւ ինչ պատմությունների մեջ է»:
Հավելենք՝ «Ժողովուրդ» օրաթերթն ապրիլի 20-ին էր գրել, որ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի գործողությունների մասով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված՝ խարդախության հատկանիշներով:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Օսկանյանի որդին կալանքի տակ գտնվող գույքը վաճառել է, ինչի առթիվ իրավապահներին հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին, որտեղ էլ տրվել է Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի անունը:
Իհարկե, առաջին դեպքը չէ, որ Վարդան Օսկանյանի որդին հայտնվում է իրավապահների տեսադաշտում: Հիշեցնենք՝ 2017 թ. փետրվարի 17-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի քննիչի որոշմամբ, ձերբակալվել էին 33-ամյա Արա Օսկանյանն ու 25-ամյա Հրանտ Սերադարյանը։ Վերջիններս կասկածվում էին քաղաքացու պարտքը վերադարձնելու պահանջով առեւանգելու համար. ավելի ուշ գործը կարճվեց:
ԱՄՆ-Ն ՈՒ ԵՎՐՈՊԱՆ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
Միջազգային հանրության կողմից շարունակվում են Ադրբեջանին ուղղված կշտամբանքները, սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, դրան էլ ավելացել է տեղադրված անցակետը:
ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհին հսկիչ անցակետի ապօրինի տեղադրմանը: Նա կրկին հայտարարել է, թե Պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում անցակետի ստեղծմամբ։ Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց եւ բեռների ազատ եւ բաց տեղաշարժ։
Իր հերթին Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների գծով պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը, Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողներ Անդրեյ Կովաչենչեւը եւ Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ «Լաչինի միջանցքի առնչությամբ Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի մասին»: Նրանք եւս իրենց մտահոգությունն են հայտնել 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ:
Հայտարարության հեղինակները հիշեցնում են, որ Ադրբեջանի կողմից միջանցքի շրջափակումը շարունակվում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ հումանիտար դժվարություններ ստեղծելով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար եւ մեծապես խաթարելով խաղաղության հեռանկարները։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ