Ռուսաստանը կշարունակի նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, իսկ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վաշինգտոնյան հարթակը պետք է դիտարկել Ռուսաստանին բանակցային հունից դուրս մղելու ԱՄՆ-ի փորձերի համատեքստում։
Այս մասին «Ռոսիա24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«ԱՄՆ-ն ամենուր փորձում է հասնել նույն բանին՝ մի կողմից՝ դուրս մղել Ռուսաստանին, իսկ մյուս կողմից՝ նեոգաղութային ոճով հպատակեցնել անկախ պետություններին, որոնք Ռուսաստանի գործընկերներն ու դաշնակիցներն են, միջամտել մեր գործընկերությանը, բարեկամների ու հարևանների հետ մեր դաշինքներին: Իրականում դա ԱՄՆ-ի գլխավոր խնդիրն է»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը։
Միաժամանակ, ըստ Գալուզինի, Ռուսաստանը ոչ մի կերպ դեմ չէ, որ այլ երկրները նպաստեն հայ-ադրբեջանական հարցի կարգավորմանը, սակայն դա պետք է լինի ոչ թե խոսքով, այլ գործով և համապատասխանի հիմնարար սկզբունքներին՝ այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից։
Ըստ այդմ, արևմտյան միջնորդների ջանքերը պետք է հավելյալ ազդեցություն ունենան հենց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնարար փաստաթղթերի իրականացման տեսանկյունից, որոնք Գալուզինը համարում է անվիճելի։
«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ անվիճելի ճանապարհային քարտեզ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման համատեքստում»,-ասել է նա: