Մուսային պիտի վզից բռնած բերես մոտդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանի հետ զրուցեցինք հայ դրամատուրգիայի, գրողի տեղի և դերի, տարբեր կոչումների ու մրցանակների մասին: Ըստ դրամատուրգի` մեզանում մրցանակի էությունը սխալ է հասկացվում:

-Հաճախ այն հասկացվում է որպես նպաստ, շատ վաստակ ունեցող գրողին ինչ-որ ժեստ անելու դրսևորում: Բայց այդ դեպքում մրցանակի բուն էությունը մոռացվում է, որովհետև մրցանակները կոնկրետ իրենց խորագիրն ունեն, ասենք թե` «Այս տարվա լավագույն գիրք»: Եթե ինչ-որ մեկի հոբելյանն է, և նա չունի այդ մրցանակից, տալիս են՝ անկախ նրանից, թե նրա ներկայացրած գիրքն ինչ մակարդակի է այս անգամ: Գուցե նախորդ գիրքը շատ լավն է եղել, բայց պատահում է, որ հատուկ արագ-արագ թղթերը հավաքում են, որ հասցնեն ներկայացնել: Հանձնաժողովը պիտի շատ ավելի բծախնդիր լինի նման հարցերի նկատմամբ, բայց նաև հանձնաժողով ընտրողները պիտի բծախնդիր լինեն ընտրության հարցում:

-Գո՞ հ եք Ձեր գործերը բեմադրող ռեժիսորներից:

-Եթե, օրինակ, իմ պիեսը բեմադրում են, ես շատ չեմ ծանրանում ո’չ ռեժիսորի, ո’չ թատրոնի վրա, որովհետև ազատ մեկնաբանության խնդիր կա: Եթե ռեժիսորին վստահում ես, գիտես, որ նորմալ ռեժիսոր է, կարելի է չխառնվել. երբ խառնվում ես, կարծես նրա ձեռքերն անընդհատ կապում ես: Նա նույնպես ստեղծագործող է և ազատ մոտեցման իրավունք ունի:

-Լինո՞ ւմ է, երբ «զրուցում եք» Ձեր ստեղծած կերպարների հետ, ուզում եք ինչ-որ բան փոխել նրանց կյանքում:

-Լինում է, որ վեպը ծրագրում եմ մի ձևով, բայց հենց որ կերպարներին սկսում եմ շունչ տալ, շարժել, իրենք շատ դեպքերում գնում են ինքնուրույն ճանապարհով: Բացի այդ` կա նաև մեղքի զգացում կերպարներիս նկատմամբ. մասնավորապես, «Հիվանդանոց»  վեպի իմ հերոսին ես մղեցի ինքնասպանության, որպեսզի ինքս չգնամ այդ քայլին: Եվ մինչև այսօր այդ հերոսի նկատմամբ, չնայած ինքը գոյություն չունեցող հերոս է, մեղքի զգացում ունեմ: Նման բաներ շատ են լինում:

Գուրգեն-Խանջյան սև

-Սպասում եք մուսան գա, նո ՞ր միայն սկսեք աշխատել, թե ՞  նա աշխատելիս է գալիս:

-Եթե մուսային սպասես, կարող ես շատ սպասել: Մուսային պիտի, կոպիտ ասած, վզից բռնած բերես մոտդ: Գուցե պոետների մուսան պիտի անպայման  գա ու հաճախ է գալիս. ոգեշնչման պահը կա: Բայց արձակագիրների ու հատկապես դրամատուրգների համար աշխատանք է, և նստելու «մազոլը» պարտադիր է:

-Ինչպիսի՞ն է հայ դրամատուրգիայի վիճակը:

-Շատ վատ է. թատրոնը չի օգնում հայ դրամատուրգիայի ամրանալուն, որպեսզի հետո հայ դրամատուրգիան օգնի հայ թատրոնի կայանալուն: Չի կարող կայանալ հայ թատրոն առանց հայ ժամանակակից դրամատուրգիայի: Բայց թատրոնները հիմա ընկել են կոմերցիայի հետևից: Որ ասում ես, պատասխանում են՝ փող չունենք, մեր դրամատուրգիան լավը չէ: Դրանք արդարացումներ չեն. դրամատուրգիան լավը կարող է դառնալ միայն թատրոն, բեմ տեսնելով: Մարդը, ասենք, 10-15 պիես է գրել, բայց երբևէ չի տեսել իր պիեսը բեմի վրա, որպեսզի հասկանա՝ բեմն ինչ է, ինքը որտեղից որտեղ է տանում: Այստեղ ինժեներական խնդիրներ կան, և այսօր ապրող ու ստեղծագործող դրամատուրգը պիտի անպայման բեմին ծանոթ լինի: Վերջիվերջո, պիեսը բեմում է ստանում իր ավարտուն, ամփոփ ձևը: Այդ երջանկությունը մեր դրամատուրգներից շատ քչերն ունեն, իսկ ունեցողներն էլ հազվադեպ են նման հնարավորություն ստանում: Սրանով մեր թատրոնը իր ձեռքով փչացնում է մեր դրամատուրգիան, նաև կտրում է այն ճյուղը, որի վրա ինքը, ի վերջո, նստած է. չի կարելի Շեքսպիր կամ ֆրանսիական վոդևիլներ բեմադրելով՝թեկուզ հոյակապ, կայացնել հայ թատրոնը:

-Վերջին շրջանում քաղաքացիական ակտիվությունը մեծացել է, երիտասարդները տարբեր ակցիաներ են կազմակերպում, սակայն գրեթե չի երևում լուրջ մտավորականը:

-Մտավորական հասկացողությունն ինքնին արդեն փոխված է, այսօր պիտի այլ կերպ մոտենանք: Սովորաբար ասում են մտավորական ու պատկերացնում արվեստագետ, բայց ես, օրինակ, բնատուր տաղանդով նկարիչ գիտեմ, որ բացարձակ մտավորական չէ, և նրան չես էլ կարող մեղադրել. ինքը իր նկարը հոյակապ նկարում է: Հիմա շատ մարդիկ կան՝ ջահելներ, ծրագրավորողներ, ովքեր մտավոր աշխատանքով են զբաղված, մտավորական են: Մի քիչ պիտի ընդլայնել դրա սահմանները: Ու կարծում եմ՝ այդ մարդկանց հասարակական, քաղաքացիական ակտիվությունը, իհարկե, ցանկալի է, սակայն պարտադիր չէ: Թումանյանի, Իսահակյանի ժամանակ գուցե պարտադիր էր. կարգին պետություն չունեինք, համապատասխան ինստիտուտները չէին աշխատում, ստիպված գրողները, ազնիվ, պատասխանատու, խղճով մարդիկ իրենց վրա էին վերցնում այդ ամբողջ բեռը: Իսկ այսօր շատերը գուցե PR-ի համար են անում այն, ինչ իմ նշած գրողներն ու էլի շատերն արել են անկեղծորեն:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս